Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է արտակարգ դրության հատուկ ռեժիմում կատարված աշխատանքի ևս մեկ դրական լուծված պատմություն․
«Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ինձ էր դիմել մի քաղաքացի՝ նշելով, որ կինն ու 3 ամսական երեխան մնացել են Ռուսաստանում միայնակ և չեն կարողանում վերադառնալ Հայաստան։
Հարցը հրատապ էր, քանի որ կինը չէր կարողանում միայնակ զբաղվել նորածին երեխայի խնամքով, սահմանափակումների պատճառով խնդիրներ ուներ տնից դուրս գալու և առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ ձեռք բերելու հարցում, իսկ ամուսինը, ով եկել էր կարճ ժամանակով Հայաստան, այլևս չէր կարողանում մեկնել Ռուսաստան։
Սկսեցինք ուսումնասիրել գործը հրատապության կարգով։ Իրավիճակն էլ բարդ էր նրանով, որ երեխան ծնվել էր Ռուսաստանում, երեխան և երեխայի մայրը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, իսկ ինձ դիմած քաղաքացին՝ Հայաստանի Հանրապետության:
Կարդացեք նաև
Իրավական առումով բացակայում էր մի քանի պարտադիր փաստաթուղթ։
Ստացվել էր այնպես, որ կինն ու երեխան չէին կարող վերադառնալ Հայաստան ընտանիքի վերամիավորման նպատակով՝ այդ փաստաթղթերի բացակայության պատճառով։ Դե, բացի այդ ամենից էլ, չեղարկվել էին բոլոր չվերթները։
Գործի ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ քաղաքացու կինը ծնվել է Հայաստանում և ունի նաև Հայաստանի քաղաքացիություն։
Հարցը գիշերով անմիջապես քննարկեցի Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ և դեսպանի խորհրդով՝ նաև մեր հյուպատոսի հետ:
Անհրաժեշտ էր արագ գործել. կար նախատեսված չարտերային չվերթ և հաշված օրեր մինչ այդ չվերթը։
Դեսպանության մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո ինձ դիմած քաղաքացուն առաջարկեցինք, որ իր կինը համապատասխան փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով դիմի դեսպանություն։
Շնորհիվ դեսպանի և հյուպատոսի շուրջօրյա աշխատանքի, արագ պատրաստվեցին կնոջն անհրաժեշտ փաստաթղթերը։ Չարտերային թռիչքով կազմակերպվեց երեխայի և մոր բարեհաջող վերադարձը Հայաստան։
Մինչ նրանք գտնվում էին ինքնաթիռում՝ Հայաստան վերադարձի ճանապարհին, մենք կապվեցինք ՀՀ առողջապահության նախարարության գործընկերների հետ: Անընդհատ կապի մեջ էինք ինձ դիմած քաղաքացու, այսինքն՝ ընտանիքի հոր, ինչպես նաև դեսպանի ու հյուպատոսի հետ։
Վերջապես, երեխան և նրա մայրը ժամանեցին Երևան։
Ընտանիքն արդեն վերամիավորվել է և գտնվում են ինքնամեկուսացման մեջ՝ ապահով պայմաններում։
Այսօր նորից ինչպես ես անձամբ, այնպես էլ իմ աշխատակազմի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցը խոսել ենք այս ընտանիքի հետ:
Հ․Գ․ Տեղյակ եմ, որ այս պահին էլ Հայաստան վերադարձի հարցում մեր հայրենակիցները խնդիրներ ունեն։ Ես ամենօրյա կապի մեջ եմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ։ Բոլորս պետք է համատեղ աշխատենք մեր քաղաքացիներին ապահով մեր երկիր վերադարձնելու համար՝ բացառապես ղեկավարվելով մասնագիտական մոտեցումներով»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին