Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկանալի է` որեւէ «անիրավաչափ դիտավորության» վերաբերյալ ենթադրությունները տրամաբանական չեն». Հակոբ Կարապետյանը՝ Նարեկ Թադևոսյանի մտահոգության առիթով

Ապրիլ 09,2020 21:55

«Հասկանալի է` որեւէ  «անիրավաչափ դիտավորության» վերաբերյալ ենթադրությունները տրամաբանական չեն»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության մասնագետ Նարեկ Թադևոսյանին չի փոխանցվել իր պարգևավճարը, ինչպես նա պնդում է, այսպես պատասխանեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության մասնագետ, ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի նախագահ Նարեկ Թադևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ավելի վաղ տեղեկացրել էի, որ եռամսյակային պարգևավճարս պետք է ամբողջությամբ փոխանցեմ համավարակի առաջնագծում պայքարող բժիշկներին և բուժհաստատություններին` կոչ անելով նաև գործընկերներիս միանալ իմ ինքնաբուխ նախաձեռնությանը…Ցավով պետք է հայտնեմ, որ կատարվեց այն, ինչը հավանաբար սպասելի էր: Քաղաքապետարանի ղեկավար կազմը որոշել է կանխել բարի կամքի այս դրսևորումս. աշխատակազմից առանձնացրել է իմ անունը և չի փոխանցել ինձ հասանելիք պարգևավճարի գումարը: Ի դեպ, իմ կարծիքով՝ այս դիտավորյալ քայլն արվել է, որպեսզի արհեստականորեն ստեղծվի բարենպաստ իրավիճակ` իմ օրինակին չհետևելու և հենց իրենց պարգևավճարներից չհրաժարվելու ու գումար չփոխանցելու համար»:

Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների աշխատակիցների պարգեւավճարների ցուցակը կազմում է յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավարը: Այնուհետև հորդորեց գրավոր հարցման միջոցով պարզել, նշված դեպքի հետ կապված մանրամասներ:

Մեր հարցին՝ քաղաքապետարանում կա՞ն աշխատակիցներ, որոնք իրենց պարգևավճարը որոշել են փոխանցել բժիշկներին և բուժհաստատություններին, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարն այսպես պատասխանեց. «Քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները իրենց մարտ ամսվա պարգեւավճարները զիջել են բուժաշխատողներին: Իսկ քաղաքապետ Հայկ Մարությանը, որը պարգեւավճար չի ստանում, շտապօգնությանն է փոխանցել մարտ ամսվա աշխատավարձն ամբողջությամբ՝ 429000 դրամ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930