Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը գյուղմթերքների խնդիր չի ունենալու

Ապրիլ 09,2020 22:30

Ապրիլի 9-ին կայացել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր նոր իրողություններում գյուղոլորտի գործունեությանը, առկա մարտահրավերների հաղթահարմանը և պարենային անվտանգության ապահովմանը:

Նախարարը նշել է, որ նոր կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում տնտեսությունն անխուսափելիորեն կանգնելու է դժվարությունների առաջ, և այս պայմաններում ակնկալվում է, որ կարող են առաջ գալ խնդիրներ՝ կապված պարենային ապահովման հետ:

-Մինչ այդ էլ Արցախի կառավարության գործունեության ելակետում եղել է պարենային ինքնաբավության ապահովումը: Եվ մեզ հաջողվել է ցանքս իրականացնել ավելի քան 93 հազար հեկտարի վրա, ընդ որում, հացազգի մշակաբույսերից բացի, մեզ հաջողվել է նաև այլ կուլտուրաների մասով (եգիպտացորեն, ոլոռ, հնդկաձավար, կտավատ) իրականացնել այնքան ցանքս, որը 2-3 անգամ գերազանցում է մեր պահանջները: Մենք օգտագործելու ենք մեր ունեցած բոլոր ռեսուրսները՝ արտադրելու համար ավելի շատ գյուղատնտեսական մթերք,-նշել է Ժ. Միրզոյանը: Բանջարեղենի ցանքատարածքները նույնպես աճելու են: Նախարարն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ մեր առկա ռեսուրսներն ու հնարավորությունները հիմք են տալիս, որ ազգաբնակչության մոտ բացառվի պարենային ապահովության հետ կապված խուճապային տրամադրության ցանկացած դրսևորում:

2020-ի գյուղատնտեսական տարվա համար ունենալով բարենպաստ մեկնարկային պայմաններ, այնուամենայնիվ, ելնելով հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունից, մշակվել է հինգ կետից բաղկացած լրացուցիչ աջակցությունների ցանկ, որը ենթադրում է՝

1. Ջեռուցման համակարգ չունեցող ջերմոցներին 2020 թվականից կտրամադրվի 2 մլն դրամ դրամաշնորհ, իսկ ջեռուցման համակարգ ունեցող ջերմոցներին տրամադրվող 2 մլն դրամը կդարձվի 4 մլն դրամ:

2. Բանջարեղեն և կարտոֆիլ մշակելու համար 1 հա-ի դիմաց հողօգտագործողներին անհատույց տրամադրվող պետական աջակցության չափը (համապատասխանաբար, 200 և 150 հազ. ՀՀ դրամ) կմեծացվի՝ կազմելով 300 հազ. դրամ՝ ծրագրի մեջ ներառելով նաև լոբու մշակությունը:

3. Արցախի Հանրապետության շրջանների բարձրադիր գոտիներում պտղատու այգիների հիմնադրման նպատակով ձեռք կբերվեն և հողօգտագործողներին անվճար կտրամադրվեն խառը պտղատեսակների տնկիներ (0.5-10 հա-ի համար):

4. Բանջարեղենի և միամյա մշակաբույսերի մշակության նպատակով ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների տեղադրման համար համակարգի 100 տոկոսի չափով անտոկոս փոխառության փոխարեն, ծրագրից օգտվող հողօգտագործողներին համակարգի արժեքի 50 տոկոսը կտրամադրվի դրամաշնորհի տեսքով:

5. Ոռոգման կաթիլային համակարգով բազմամյա տնկարկների մշակության համար անհատույց ֆինանսական միջոցներ (համակարգի արժեքի 70 տոկոսի չափով) կտրամադրվի նաև 0.5-ի հա չափով հողատարածքների համար:

Անասնաբուծական մթերքների արտադրությունն Արցախում նույնպես մոտ է ինքնաբավության մակարդակին:

Նոր կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում իրականացված անհրաժեշտ միջոցառումների մասին տեղեկատվությամբ հանդես եկավ ԱՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը:

Ասուլիսի վերջում նախարար Ժիրայր Միրզոյանը պատասխանեց առաջադրված շուրջ երկու տասնյակ հարցերին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930