Իմ օրերից մեկը
Կարանտին, օր՝ հերթական: Կամաց-կամաց կլորությամբ ձգտում եմ Բոտերոյի կանանց կերպարներին: Ի՞նչ անել: Հարցն այս անգամ Չերնիշեւսկու մոռացված համանուն վեպի հետ կապ չունի: Այն ինձ է տանջում:
Իսկ հայ ցանկացած կին տեղով գյուտարար է, բացի ոչնչից՝ սկանդալ եւ աղցան սարքելուց, այլ բաների էլ է ընդունակ:
Իսկույն մտածում եմ, որ կարելի է բակի դարպասից մինչեւ տան դուռը պոդիում երևակայել ու կոտրատվելով քայլել:
Կարդացեք նաև
Ու կարեւոր չէ, որ հողաթափերով ես: Հայտնի նորաձեւության տներից մեկի մոդելներն էլ վերջերս ոտաբոբիկ էին հագուստներ ցուցադրում՝ նրբանկատորեն ինքնահուսադրվում եմ ես: Ու «Շանելի» հավաքածուի ցուցադրությունից ու իմ չստացված դեֆիլեից հետո սահուն տեղափոխվում հայաստանյան իրականություն:
Տեղորոշված անձս մեկ էլ հիշում է, որ դեռ հոդվածներ պետք է գրի կայքի ու թերթի համար՝ առանձին-առանձին:
Գրողը տանի, բայց նաեւ ապառիկ պետք է վճարել՝ առանց տանից դուրս գալու: Ի՞նչ անել, կամ համլետաբար՝ լինե՞լ, թե՞ չլինել «սեւ» ցուցակում՝ իբրեւ անբարեխիղճ վարկառու: Այս մարտահրավերի հաղթահարումն էլ ավելի հետաքրքիր է: Վերցնում ու հարթակներից մեկում առցանց դրամապանակ եմ գրանցում, հենց պուտավոր պիժամայով ու չսանրված մազերով էլ ինքնալուսանկար եմ ուղարկում անձնագրի հետ՝ նույնականացումը հաստատելու համար: Անխնամ արտաքինով հաստատումս ավելի արագ է կայանում, քան սպասում էի:
Օրվա ընթացքում գրվում են բոլոր հոդվածները, ուտվում՝ նախաճաշը, ճաշը, ընթրիքը, քլորաջրով ախտահանվում սենյակները, պատասխանում եմ բոլոր նամակներին:
Ինքս ինձ զբաղեցնելու համար երկրորդ անգամ վերընթերցում եմ ձեռքս ընկած առաջին պատահած գիրքը, որ Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արեւն» է:
Չբռնե՞մ ու Գենդլինի «Ստալինի սիրուհու խոստովանանքն» էլ նորից կարդամ՝ հուսահատ հարցնում եմ ինքս ինձ: Ու շատ օպերատիվ էլ պատասխանում՝ արդյոք էդ չեչոտ դեմքով ծերուկն ինձ պե՞տք է, որ նորից կարդամ: Կգնամ ու դրա փոխարեն մի լավ ֆիլմ կնայեմ, եթե նոր գիրք չունեմ:
Ապրիլի 6-ի գիշերը ժամը 2-ին Մայրության տոնի առիթով էլեկտրոնային բացիկներով դաժան «ռմբակոծության» եմ ենթարկվում: Բայց քունս չի տանում… Ֆրեդի Մերկուրիի «Մամա» երգը ֆեյսբուքում հրապարակելուց հետո անջատում եմ հեռախոսը, որի հաղորդագրությունների մի մասը պարետից են: Բայց դրանց մեջ Մայրության եւ գեղեցկության տոնի վերաբերյալ ոչ մի նախադասություն չկա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ