Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանի՝ օրերս հրապարակված հոդվածի առթիվ. iLur.am

Ապրիլ 09,2020 20:22

iLur.am. Մտադրություն չունենալով անդրադառնալու հոդվածի ողջ բովանդակությանը, ուշադրություն ենք հրավիրում միայն հետևյալ հատվածի վրա․ «Լևոն Տեր-Պետրոսյանը հույս է հայտնում, որ երկրորդ և երրորդ նախագահները պետական այրին վայել վարք կդրսևորեն։ Ինչն ինքը գրեթե երբեք չի արել» (Հրապարակ, 07․04․2020)։

Մենք խորին երախտագիտություն ենք հայտնում հեղինակին՝ մեզ առիթ ընծայելու համար՝ ներկայացնելու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից պետական այրին վայել վարքի դրսևորման հետևյալ վեց հանրահայտ փաստերը․

1․ 1999թ․ հոկտեմբերի 27-ի ոճրագործության վերաբերյալ հայտարարությունը

Կիսելով տեղի ունեցած ողբերգության առթիվ մեր ժողովրդի ապրած խոր ցավն ու արդարացի վրդովմունքը, ես կուզեի բայցևայնպես շեշտել ներկա իրավիճակի վերահսկելիության կարևորությունը:

Չեմ կասկածում, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ` հանրապետությունում լիակատար կարգուկանոն և հասարակական անդորր ապահովելու ուղղությամբ:

Չեմ կասկածում նաև, որ հասարակական բոլոր շերտերը, մտավորականությունը, քաղաքական գործիչներն ու լրագրողները գիտակցում են, որ այսօր պահը չէ հապշտապ մեկնաբանությունների ու ավելորդ գնահատականների:

Դրությունը հասարակական բոլոր ուժերից և կառավարման բոլոր մարմիններից պահանջում է մեկ մարդու նման համախմբվել հանրապետության նախագահի շուրջ և կատարյալ համերաշխությամբ ու արժանապատվությամբ դիմագրավել մեր պետականությանը նետված մարտահրավերը (Հայաստանի Հանրապետություն, 28․10․1999):

2․ 2008թ․ մայիսի 2-ին  կայացած Համաժողովրդական Շարժման 2-րդ Կոնգրեսի ելույթից

Շարունակելով սկզբունքային և վճռական պայքարն ընդդեմ հակաժողովրդական վարչախմբի, միաժամանակ մենք պարտավոր ենք նաև անել ամեն ինչ՝ խուսափելու համար ներքաղաքական ցնցումներից և երկրի կայունությանն սպառնացող զարգացումներից, նկատի ունենալով, առաջին հերթին, այդպիսի իրավիճակից օգտվելուն միտված Ադրբեջանում արտահայտվող տրամադրությունները։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միևնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը։ Իսկ այդ դիմադրության առաջին շարքերում, վստահաբար, կհայտնվեն այսօր բանտերում գտնվող մեր ընկերները։ Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները և լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին (Լևոն Տեր-Պետրոսյան, Վերադարձ, Երևան, 2009, էջ 247-248, ինտերնետային հղումը՝ այստեղ)։

3․ Հայ Ազգային Կոնգրեսի անունից 2016թ․ ապրիլի 2-ին կատարած հայտարարությունից

Անկախ գործող իշխանության հետ ներքաղաքական հարցերում մեր ունեցած հակասություններից եւ տարաձայնություններից, Հայ Ազգային Կոնգրեսը, հավատարիմ իր՝ ի սկզբանե եւ ոչ մեկ անգամ հռչակած սկզբունքի, արտաքին վտանգի դեպքում կանգնած է լինելու երկրի ներքաղաքական կայունության պահպանման եւ անվտանգության պաշտպանության դիրքերում։ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, բանակը պետք է վստահ լինեն, որ արտաքին ամեն կարգի ագրեսիայի դեմ միավորվելու է Հայաստանի ողջ քաղաքական եւ քաղաքացիական դաշտը (iLuram, 02.04.2016թ)։

  1. 2016թ. ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանին գրած նամակը

Սերժ, չե՞ս կարծում, որ ստեղծված իրավիճակում մեր հանդիպումը, լավատեսական լիցք հաղորդելով հասարակությանը, դրական կընկալվի թե՛ հայ ժողովրդի, թե՛ միջազգային հանրության կողմից։ Խոսակցությունը, բնականաբար վերաբերելու է իրավիճակից պատվով ու առանց քաղաքական կորուստների դուրս գալու խնդրին, ինչպես նաեւ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման եւ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման շրջանառվող գաղափարների նպատակահարմարությանը։ Որպես պրոպագանդիստական հնարքներ այդ գաղափարները, թերեւս, իմաստ ունեն, բայց դրանց իրականացումը, կարծում եմ, պետք է լինի ոչ թե պահի թելադրանքով պայմանավորված իմպուլսիվ արձագանք, այլ լրջագույն խորհրդապահական քննարկման ու ճշգրիտ հաշվարկի հետեւանք։ Հանդիպման վայրի ու ժամի ընտրությունը մնում է քո հայեցողությանը։ Հանդիպման փաստի հրապարակման մեջ ազատ ես նշելու, որ այն տեղի է ունեցել իմ նախաձեռնությամբ։ Տեսանյութի կամ լուսանկարի կարիք չկա, քանի որ, գիտես, ցուցադրական բաներ չեմ սիրում (iLur.am, 11.04.2016)։

5․ 2016թ․ ապրիլի 11-ի հարցազրույցից․

Արտաքին վտանգի առաջացման դեպքերում այդպիսի երկրներում սովորաբար, կամ որպես կանոն, ներքին հակասությունները ժամանակավորապես մի կողմ են դրվում եւ բոլոր առողջ քաղաքական ու հասարակական ուժերի ջանքերն ուղղվում են ազգային միասնության կայացմանն ու վտանգի համատեղ դիմակայմանը։ Եթե մեզ մոտ դեռ, ցավոք, այդպես չէ, ապա դա բացատրվում է այն պարզ հանգամանքով, որ լինելով ընդամենը 25 տարվա անկախությամբ օժտված պետություն, մեզ մոտ առայժմ բացակայում են պետական մտածողության անհրաժեշտ ավանդույթները։ Թեեւ այս առումով բավականին հուսադրող պետք է համարել ղարաբաղա-ադրբեջանական վերջին ռազմական դիմակայության օրերին Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակական խավերի եւ ազատամարտիկների ինքնաբուխ համախմբման օրինակելի դրսեւորումը։ ․․․ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի եւ հասարակության դերակատարությանը, ապա դա պետք է լինի ներքին տարաձայնությունները ժամանակավորապես սառեցնելուց եւ ազգային համախմբվածությունից բացի, ոչինչ ավելի։ Հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու եւ նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ (iLur.am, 11.04.2016)։

6․ ՊՊԾ գնդի հետ կապված ճգնաժամի առիթով՝ 2016թ․ հուլիսի 22-ին հրապարակած հոդվածից․

Ցանկացած պետություն, ազգ կամ հասարակություն, իր բազմազան ներքին տարաձայնություններով ու հակառակություններով հանդերձ, երբ հայտնվում է հայրենիքին սպառնացող արտաքին մարտահրավերի առջեւ, որպես կանոն, ամեն ինչ ժամանակավորապես մի կողմ է դնում եւ միահամուռ կերպով լծվում այդ մարտահրավերի դիմակայման գործին։

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ ժողովուրդն, ահա, կանգնած է այդպիսի մարտահրավերի, այն է՝ արցախահայության անվտանգության ապահովման եւ Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման գերակա խնդրի առջեւ, որն իր կարեւորությամբ ստվերում է հայ ժողովրդին հուզող բոլոր մնացյալ հարցերը։

Ըստ այդմ, ներկա պահին իշխանությունների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, վերլուծաբանների, լրագրողների յուրաքանչյուր քայլ, խոսք կամ գործողություն անհրաժեշտ է գնահատել բացառապես այդ գերակա խնդրին նպաստելու կամ վնասելու տեսանկյունից։

Ցավոք, սակայն, սեփական խոսքերի ու գործողությունների գնահատման տվյալ չափանիշի կարեւորությունը շատերի կողմից, կարծես-թե, չի գիտակցվում եւ, որ ավելի վտանգավոր է, արտաքին մարտահրավերի դիմակայման հրամայականի թելադրանքով ներքին խնդիրները մի կողմ դնելու եւ համախմբվելու՝ հասուն պետություններին, ազգերին ու հասարակություններին հատուկ վերը հիշատակված ոսկե կանոնը մեզ մոտ առայժմ չի գործում, ինչը կարող է մեզ հասցնել ազգային աղետի (iLur.am, 22.07.2016)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930