Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ինֆեկցիոնի բժշկուհին ևս վարակվել է․ վարակվածների թիվը Շիրակում հասավ 13-ի

Ապրիլ 09,2020 19:35

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհիներից մեկի մոտ ևս հայտնաբերվել  է կորոնավիրուս։ Երեկ ստացել են նրա  թեստի պատասխանը, որը  դրական է եղել։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում հաստատեց նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

«Մեկ բժիշկ ունենք վարակված, հաստատվել է դեպքը երեկ, ինքն ուղղակիորեն աշխատանք չի ունեցել տուբերկուլյոզային բլոկում, որտեղ հիմա մեկուսանում են հիվանդները և մեկուսացման բարձր ռիսկում գտնվող մարդիկ։ Ինքն այնտեղ չի աշխատել, բայց մեծ հավանականությամբ շփում է ունեցել մինչև թեստավորում իրականացրած մարդու հետ, ում կարիք էր եղել  բժշկական աջակցություն ցուցաբերել։ Հիմա նաև իրենց օղակն է  ամբողջությամբ մեկուսացվել։ Շարունակական գործընթաց է, այս գործընթացի հետ մենք դեռ երկար ենք գործ ունենալու։ Շատ կարևոր է, որ ամեն մեկը՝ բժիշկ, ոստիկան, շարքային քաղաքացի  իր տիրույթում շատ պատասխանատու մոտենա այս գործընթացին, պահանջներին, և ինքը նվազեցնի ռիսկի շղթան»,-ասաց մարզպետը։

Վերջինս ասաց, որ այս պահին Շիրակի մարզում պաշտոնապես հաստատված 13 դեպք կա, մեկն էլ Անի խոշորացված համայնքից մահացավ։

«13 դեպք ունենք, որոնց հետ շփված մարդկանց օղակը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության և այն բոլոր մարմինների միջոցով, որոնք գործառույթին մասնակցում են, իրականացվում է, այս փուլում շատ կարևոր է օջախների լոկալիզացումը։ Պարզ է, որ այս գործողությունները,  երբ որ տնտեսությունը, մարդկային մեծ ներուժը տանն է նստած, չի աշխատում , ամբողջ խնդիրը ռիսկի շղթան նվազեցնելն է, շատ կարևոր է, որ ամբողջությամբ կարողանանք նպատակին հասցնել այս գործողությունները»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։

Մարզպետը մեկուսացածների հստակ թիվ չնշեց՝ ասելով, որ այն փոփոխվում է, մի մասը մեկուսացած է այստեղ, մի մասը ինքնամեկուսացած է։

«Կարևոր է,  որ բուժման ավարտին մոտեցող մարդկանց քանակ ենք ստանում, ունենք մեկ հոգի, որը դուրս է գրվել  ինֆեկցիոն հիվանդանոցից։ Մոտակա օրերին սպասում ենք ևս դուրս գրվողների, և այն կդառնա շարունակական գործընթաց, որպեսզի նաև նույն ինֆեկցիոն հիվանդանոցը կամ բժշկական օղակները ընդունելու ու դուրս գրելու քանակի առումով մոտենան հավասարաչափ թվերի, որ այս գործընթացը սպասարկելը խնդիրներ չառաջացնի»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։

Մարզպետը նաև ասաց, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը մոտենում է ծանրաբեռնված վիճակի։

«Այնտեղ որոշակի սպեցիֆիկա կա․ մեկ սենյակը տրամադրվում է հիմնականում մեկ հիվանդի, այս տեսանկյունից մենք այնտեղ մոտենում ենք ծանրաբեռնվածության շեմին, բայց քանի որ այն քանակը, որը մուտք են արել թե՛ մեկուսացածների, թե՛ բուժվողների, այդ ժամկետը մոտենում է, մենք ակնկալում ենք , որ այլ տեղերում ծավալները մեծացնելու կարիք չենք ունենա։ Եթե ունենանք էլ, նաև դրան ենք պատրաստ, այսինքն՝ այդ սցենարները նախարարությունը և ոլորտային պատասխանատուներն արդեն քննարկել են»,-ասաց Տիգրան Պետրոսյանը։

Նա ասաց, որ Շիրակի մարզի երկու համայնքում է արձանագրվել կորոնասվիրուս․ մեկը Անի խոշորացված համայնքն է, մյուս՝ Գյումրին։

Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930