Լրահոս
Օրվա լրահոսը

Հափշտակել է 12 գլուխ ոչխար, «Lexus RX 330», հագուստ, սպորտային կոշիկներ. բացահայտվել են 29-ամյա կնոջ կողմից կատարված մի շարք հանցագործություններ

Ապրիլ 09,2020 18:12

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Էջմիածին քաղաքի 29-ամյա բնակչուհին, նախնական համաձայնության գալով Արարատի մարզի 48-ամյա բնակչի հետ, 2019թ. ապրիլի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, ավազակությամբ զուգորդված, 81-ամյա համաքաղաքացուն կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, մուտք են գործել Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկը, վերջինիս կապել են կպչուն ժապավենով, գույքը հափշտակելու նպատակով խառնել են տան իրերը, այնուհետև՝ բութ, կոշտ առարկայով շուրջ հինգ հարված հասցրել նրա գլխին, ինչի արդյունքում՝ տղամարդը մահացել է:

Այնուհետև վերցնելով 81-ամյա տղամարդու տան, պահեստի, երկաթյա պահարանի, ավտոտնակի և ավտոմեքենայի բանալիները, մուտք են գործել նույն փողոցում գտնվող վերջինիս պատկանող կոնյակի խանութ, այնուհետև ավտոտնակ և հափշտակել նրան պատկանող «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենան ու դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև 29-ամյա կնոջ կողմից կատարված առերևույթ հանցագործությունների այլ դրսևորումներ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 29-ամյա կինը 2018թ. նոյեմբերի 17-ին` ժամը 20:10-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում, Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի բնակարաններից մեկում, նախկինում ունեցած տարաձայնությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում երկաթյա առարկայով 3 անգամ դիտավորությամբ հարվածներ է հասցրել տանտիրուհու գլխին՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, 2018թ. դեկտեմբերի 22-ին` ժամը 03:00-ի սահմաններում, 29-ամյա կինը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով 59-ամյա տաքսու վարորդին խնդրել է օժանդակել իրեն. կինը վերջինիս ավտոմեքենայով ուղևորվել է Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղ, ապօրինի մուտք գործելով գյուղի անասնագոմերից մեկը, գաղտնի հափշտակել է խոշոր չափերի հասնող՝ 780.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով՝ 12 գլուխ ոչխար: Բացի այդ, 2019թ. հունվարի 19-ին` ժամը 01:30-ից մինչև 06:30-ն ընկած ժամանակահատվածում, 29-ամյա կինը, ապօրինի մուտք գործելով Նար-Դոս փողոցում գտնվող հագուստի խանութ-սրահ, հափշտակել է հագուստներ, սպորտային կոշիկներ՝ պատճառելով խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր՝ 820.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այնուհետև, 29-ամյա կինը, ՀՀ քաղաքացու անձնագիր հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, 2019 թվականի հունվարի 28-ին` ժամը 12:05-ից 13:30-ն ընկած ժամանակահատվածում, իր ծանոթին տեսակցելու պատրվակով հյուրընկալվել է վերջինիս և օգտվելով տանտիրոջ՝ հյուրասենյակից բացակայելու հանգամանքից, գաղտնի հափշտակել է նրա անձնագիրը, որը հետագայում ներկայացնելով՝ վարձակալությամբ վերցրել է 2 համակարգիչ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով /2 դրվագ/ և ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով: 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Իսկ 59-ամյա տաքսու վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930