Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 1.5 միլիոնի, վիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 88 հազար մարդ, առողջացել՝ շուրջ 331 հազարը: Covid-19-ից ամենաշատը տուժել է Միացյալ Նահանգները, որտեղ հիվանդների թիվը գերազանցել է 432 հազարը, գրանցվել է մահացության շուրջ 15 հազար դեպք, հաղորդում է BBC-ն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեիսուսը աշխարհի երկրներին կոչ է արել միավորվել՝ նոր վիրուսի դեմ պայքարելու համար և զերծ մնալ իրավիճակը քաղաքականացնելու փորձերից: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՀԿ-ին մեղադրել էր այն բանի, որ կազմակերպությունը շատ ուշ արձագանքեց կորոնավիրուսի նոր տեսակի սպառնալիքին և չափից շատ կենտրոնացած էր Չինաստանի վրա:
Մեծ Բրիտանիայում չորեքշաբթի գրանցվել է կորոնավիրուսից մահացության ռեկորդային թիվ. 1 օրում վիրուսի հետևանքով մահացել է 938 մարդ, հիվանդների թիվը գերազանցել է 60 հազարը: Երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում:
Ֆրանսիայում Covid-19-ի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 10 հազարը: Իշխանությունները խստացրել են կարանտինը՝ թույլ տալով զբոսանքի դուրս գալ միայն որոշակի ժամերի:
Կարդացեք նաև
Իտալիան հնարավոր է թուլացնի կարանտինի միջոցառումները, եթե նոր վարակվածների թիվը շարունակի նվազել: Այս մասին երկրի վարչապետը հայտնել է BBC-ին տված հարցազրույցում:
Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 1459 նոր դեպք: Գերմանիայում ևս նկատվում է հիվանդության աճ՝ նախորդ օրերի նվազումից հետո:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ