Ինչպես տեղեկացրել ենք, օրերս կորոնավիրուսից մահացավ Մարալիկի 68-ամյա բնակիչներից մեկը, որը, սակայն, բուժվել էր նաև Գյումրի բժշկական կենտրոնում։
Նրան Գյումրու հիվանդանոց էին տեղափոխել Մարալիկի հիվանդանոցից, զննել էին նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, նոր միայն տեղափոխել Գյումրու բժշկական կենտրոն։ Այստեղ էլ ապահով լինելով ու չկասկածելով, որ կորոնավիրուսով վարակված է, սկսել էին բուժել հիվանդին, որի մոտ առկա է եղել երկկողմանի թոքաբորբ՝ ուղեկցող մի շարք հիվանդություններով՝ շաքարային դիաբետ, գլխուղեղային արյան շրջանառության խանգարում։
Նրան մայրաքաղաք տեղափոխելուց հետո թեստավորել էին ու պարզել, որ կորոնավիրուսով վարակված է։
Ինչևէ, վարակված հիվանդի հետ շփված Գյումրու բժշկական կենտրոնի 29 բուժաշխատակիցներ մեկուսացած են, նրանք գտնվում են Գյումրու հյուրանոցներից մեկում։
Կարդացեք նաև
Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ տեղեկացրեց, որ ապահովության համար թեստավորման են ուղարկել նաև Մարալիկի բնակչի հետ նույն հիվանդասենյակում բուժվող հիվանդին։ Նրա թեստը, բարեբախտաբար, բացասական է ցույց տվել։
«Հիվանդը թեստավորվեց, որովհետև ջերմություն ուներ, ճիշտ է՝ 14 օրը չէր լրացել, բայց քանի որ ջերմություն ուներ, թեստավորեցին, այս պահի դրության պատասխանը բացասական է, մի հատ էլ կթեստավորեն 14-րդ օրը»,-ասաց Արմեն Իսահակյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ