Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ ֆիզկուլտուրայի ուսուցիչն ասում է՝ պիտի կպնեք Zoօm-ին, որ մարզանք անեք, կամ նկարչության ուսուցիչն ասում է՝ նստեք Zoom-ում ու աշուն նկարեք, ես ուղղակի զարմանում եմ». ծնողի բողոքները

Ապրիլ 09,2020 17:36

Մաթեմատիկոս, ծնող Էմմա Կիրակոսյանը արտակարգ դրության այս օրերին հավաքել է ուսուցիչների, ծնողների, աշակերտների դժգոհություններն ու խնդիրները՝ հեռավար ուսուցման հետ կապված: Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,սփյուռքի,երիտասարդության եւ սփյուռքի հարցերի հանձնաժողովի «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում» թեմայով լսումների ժամանակ նա ներկայացրեց խնդիրները. «Ամեն անգամ ամեն աշակերտի ուղարկած նկարը մեծացնել, ստուգել, արված սխալներն արտագրել ուրիշ թղթի վրա, նկարել, հետ ուղարկելը տեւում է ամենաքիչը 15 րոպե, եկեք սա բազմապատկենք 20-ով, կստանանք 5 ժամ, սա այն դեպքում, երբ ուսուցիչն ունի 20 աշակերտ: Միայն բերածս տվյալն ապացուցում է, որ սպասելիքների այն նշաձողը, որ դրել եք, ուղղակի աբսուրդ է: Ուսուցիչը առավոտից մինչեւ ժամը 4-ը լավագույն դեպքում աշխատում է օնլայն, իսկ մնացած ժամանակը պետք է տրամադրի աշխատանքները ստուգելու համար: Հիշեցնում եմ, որ ուսուցիչը նույնպես մարդ է եւ ունի ընտանիք: Այստեղից հետեւություն՝ ուսուցիչը ֆիզիկապես չի կարող ապահովել որակ, ուստի պահանջել իրենից, որ լրացնեն էլեկտրոնային մատյանները, պարտադիր ներկա-բացակա անեն եւ այլն, դա բերում է նրան, որ իրենք սպառնում են աշակերտին՝ եթե չլինես դասին՝ բացակա եմ դնելու, մնալու ես վերաքննության եւ այլն: Այս աննախադեպ պայմաններում նման գործելաոճն ուղղակի արդար չէ: Եթե ձեզ տնօրենները զեկուցում են, թե ամեն ինչ լավ է, մեղմ ասած, այդպես չէ: Դա արվում է ընդամենը «գալչկայի» ու ընդամենը զուտ մրցակցային ֆոնի վրա լավ աշխատանք ցուցադրելու համար»:

Երկրորդ խումբ խնդիրները կապված են մարդու ֆիզիկական, կենսաբանական առանձնահատկությունների հետ. «Աչքերի խնդիր ունեցող երեխայից պահանջել, որ օրական 5-6 ժամ նստի էկրանի առաջ, ինչ է թե բացակա չստանա, անարդար է»:

Նա ասաց, որ բազմաթիվ նոր ուսումնասիրություններ կան ուղեղի աշխատանքի վերաբերյալ, հատկապես՝ երեխաների, հստակ ժամեր կան, որոնց մեծանալուն զուգընթաց ուղեղի ակտիվությունը փոքրանում է: Այսինքն, մի կողմից էկրան, աղմուկ, ինֆորմացիա, մյուս կողմից ուշադրություն, ընկալում մեծությունները հակադարձ համեմատական են եւ դեռեւս չկայացած մարդուկից պահանջել այն, ինչ պահանջում են, ուղղակի անիմաստ է»:

Ըստ ծնողի, այս օրերին գնահատական դնել չպետք է պահանջվի, թող գնահատականներ դնեն խիստ անհրաժեշտության դեպքում՝ ուսուցչի հայեցողությամբ. «Ընդունեք, որ լիարժեք կրթություն այս պահին ու այս պայմաններում չենք կարող ունենալ, որովհետեւ ոչ մեկը պատրաստ չէր սրան ու չունենք հեռավար ուսուցման ամբողջական գործիքակազմ»:

Էմմա Կիրակոսյանը նշեց, որ կան առարկաներ, որ կարելի է շաբաթական մեկ անգամ դասավանդել, օրինակ, պատմողական առարկաները, բայց ոչ միայն ինֆորմացիայի վերարտադրման ուղղությամբ զբաղվել, այլ երեխային մտածել սովորեցնել. «Օրինակ, եկեղեցու պատմության ժամին կարելի է ասել երեխային՝ գնա այսինչ թեման ուսումնասիրիր ու զուգահեռներ տար, գրիր քո դիտարկումները եւ ուղարկիր, այստեղ երեխան չի կարող անիմաստ անգիրով զբաղվել, կմտածի իր աշխատանքի մասին»:

Ծնողը նաեւ դժգոհեց, որ առցանց դասերը տեւում են մինչեւ երեկոյան 7-8-ը ու մի բան էլ ասում են, որ դրանից հետո Հանրայինով դասընթացի հետեւեք. «Դուք գիտե՞ք, որ երեխաներն այդ ժամին դասի են նստած Zoom-ում, կամ ե՞րբ նայեն, եթե պետք է տնայինն անեն: Երեխան պետք է 8-ից մինչեւ 11-ը դաս նայի, հետո ուսուցչի հետ դաս անի մինչեւ 5-ը, հետո էլ մի աշխարհ տնային աշխատանք: Մենք բոլորս մոռանում ենք, որ երեխաները ռոբոտներ չեն: Ասում եք՝ ծնողը թող զբաղվի իր երեխայով: Իսկ եթե ծնողը մինչեւ 6-ը աշխատում է էլի օնլայն, կամ ուսուցիչ է, մտածե՞լ եք, որ մարդիկ հոգնում են: Ես չգիտեմ, թե նախարարությունն ինչ հրահանգներ է ուղարկում դպրոց, բայց որ ֆիզկուլտուրայի ուսուցիչն ասում է՝ պիտի կպնեք Zoօm-ին, որ մարզանք անեք, կամ նկարչության ուսուցիչն ասում է՝ նստեք Zoom-ում ու աշուն նկարեք, ես ուղղակի զարմանում եմ: Ես գիտեմ՝ իրենք ինչու են իրականում այդպես անում, որ ասեն՝ տեսեք, ես դաս եմ արել: Ես իրեն չեմ մեղադրում, հասկանում եմ՝ ուրեմն իրենից պահանջում են»:

Մաթեմատիկոսի հաշվարկով, եթե խոսում ենք լավ արդյունքի մասին, ապա այս պայմաններում ուսուցիչների 2.7 տոկոսը միայն կարող է դա ապահովել, ինչը մտորելու տեղիք է տալիս:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930