Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիան» Հայաստանից 30 միլիոն դոլար ավելի է տանելու. Վահագն Խաչատրյան

Ապրիլ 09,2020 16:52

Նկատի ունենալով էներգետիկ ռեսուրսների միջազգային շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող գնի տատանումները՝ Ռուսաստանի Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան Իգոր Յուշկովի կարծիքով, «Գազպրոմն» այլընտրանք չունի, քան Բելառուսի եւ Հայաստանի հետ բանակցություններ վարել` այդ երկրներին մատակարարվող գազի գնի նվազեցման շուրջ: Այս մասին բանախոսն իր կարծիքը հայտնեց «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Հայ-ռուսական «գազային» թնջուկը. ի՞նչ ավարտ կունենան բանակցությունները» թեմայով տեսակոնֆերանսի ժամանակ:

Հիշեցնենք, օրերս ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության, ինչպես նաև դրա դիմաց ազգային արժույթով վճարելու վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Գրեթե զուգահեռաբար՝ «Գազպրոմ Արմենիան», դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից բարձրացնելու հայտով: «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է մինչև 600 խմ գազ օգտագործող սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը բարձրացնել 36 տոկոսով, ներկայիս 1000 խմ-ի համար 100 000 դրամի փոխարեն սահմանել 136 000 դրամ՝ հավասարեցնելով այն մյուս բնակիչների համար նախատեսված սակագնին: Փոխարենն ընկերությունն առաջարկում է ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող սպառողներին (սա հիմնականում բնակիչ բաժանորդներն են) վաճառվող յուրաքանչյուր խմ բնական գազի գործող 139 դրամ սակագինը դարձնել 136 դրամ:

Ռուս փորձագետը տրամաբանական է համարում, որ ՀՀ-ն եւ Բելառուսը «Գազպրոմին» գազի գինը նվազեցնելու բանակցություններ առաջարկեն-պահանջեն, քանի որ այժմ այս երկրները ռուսական ընկերությունից գազ են գնում անհամեմատ բարձր գնով, քան եվրոպական երկրները: «Այժմ շատ հարմար պահ է նման առաջարկով դիմելու»,- կարծում է փորձագետը` հավելելով` այն, որ ՀՀ-ն եւ Բելառուսը միասնական ճակատով են հանդես գալիս այս հարցում, էլ ավելի ամրապնդում է նրանց դիրքերը: Իր կարծիքով, «Գազպրոմը» կգնա նոր պայմանագիր կնքելուն` լողացող գնով, ներկայիս ֆիքսված գնի փոխարեն եւ կարծում է, որ պայմանագիրը պետք է երկարաժամկետ լինի: Բայց փորձագետը զգուշացնում է, որ այդ պարագայում պետք է նկատի ունենալ, որ եվրոպական երկրներին մատակարարվող գնի բարձրանալուն զուգահեռ կբարձրանա նաեւ ՀՀ-ին ու Բելառուսին մատակարարվող գազի գինը: «Այնպես որ, այս ամենում եւ դրական բաներ կան եւ ռիսկեր»,- ասում է ռուս փորձագետը` հավելելով, որ իր կարծիքով, այնուհանդերձ, հարցը ոչ թե «Գազպրոմի» հետ քննարկման տիրույթում է, այլ քաղաքական հարց է եւ սակագնի նվազեցման «դաբրոն» պետք է տա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը նույնպես տեղին, հիմնավորված եւ ժամանակի առումով ճիշտ ընտրված է համարում ՀՀ փոխվարչապետի դիմումը «Գազպրոմին»: Նա համոզված է`սպասվող տնտեսական խնդիրներին դիմակայելու համար գազի գնի նվազեցումը անհրաժեշտություն է եւ դրա հիմքերն էլ կան: Պատահական չի համարում Բելառուսի եւ Հայաստանի նախաձեռնությունը, քանի որ երկու երկրներն էլ «փակ» երկրներ են, որոնք դեպի ծով ելք չունեն, իսկ նման երկրներն առավել զգայուն են համաշխարհային կատակլիզմների հանդեպ: Բելառուսի եւ Հայաստանի նախաձեռնությունը փորձագետի համոզմամբ, տնտեսապես եւ աշխարհագրորեն հիմնավորված է եւ նա հուսով է, որ երկու երկրների համար ռազմավարական գործընկեր հանդիսացող պետությունում ըմբռնումով կմոտենան հարցին: Արա Մարջանյանը չի ցանկանում հարցը քաղաքական հարթություն տեղափոխել, թեեւ կարծում է, որ ՌԴ-ում կան շրջանակներ, որոնք կփորձեն դա օգտագործել քաղաքական հարթությունում:

«Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի պարագայում, Արա Մարջանյանի համար հասկանալի են պատճառները. օրինակ՝ մեկ տարի է իրենք աշխատում են բարձրացված սակագնի պայմաններում: Բայց զուտ հայտը ներկայացնելու ժամանակագրության առումով, կարծում է, անհաջող ընտրություն է կատարվել: Ինչեւէ, փորձագետը կարծում է, ՀՀ կառավարությունն ունի լծակներ, հարցը հավասարակշռության դաշտ բերելու համար:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ «Գազպրոմ Արմենիայի» քայլը անհարգալից վերաբերմունք է համարում Հայաստանի հանրապետության նկատմամբ` կորոնավիրուսով պայմանավորված այս տնտեսական ճգնաժամում իր մատուցած «նվերի» համար: Մանավանդ, ըստ Վահագն Խաչատրյանի, մենք այն երկիրն ու սպառողն ենք, որ միշտ պարտաճանաչ կատարել է իր պարտավորությունները`«չնվնվալով»: Վահագն Խաչատրյանն ասում է`գազի սակագնի բարձրացման բոլոր հաշվետվությունները միշտ կարդացել է, բայց երբեւէ չի գտել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հիմնավորումները, թե ինչո՞ւ համար պետք է 1000 մետր խորանարդ գազի դիմաց վճարել 300-400-500 դոլար եւ ոչ թե այլ գին: Իր կարծիքով, այժմ հանձնաժողովը շատ կարեւոր խնդիր ունի`ապացուցել որ «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտն օբյեկտիվ է: «Հանձնաժողովի սուբյեկտիվ պահվածքի արդյունքում է, որ մենք այսօր այսպիսի գին ունենք»,- ասաց նա` հավելելով, որ հանձնաժողովի կողմից կիրառվող մեթոդիկան ձեռնտու է ոչ թե սպառողներին, այլ տնտեսվարողներին:

Ի՞նչ է շահում «Գազպրոմ Արմենիան»գինը բարձրացնելով` իր իսկ հնչեցրած հարցին տնտեսագետը պատասխանում է. «Ի վերջո, ՀՀ-ում սպառվում է մոտ երկու միլիարդ մետր խորանարդ գազ: Միջինացվածը 15 դոլար թանկացնելով՝ «Գազպրոմ Արմենիան» Հայաստանից 30 միլիոն դոլար է ավել տանելու: Այն պարագայում, երբ այս իրավիճակում բոլոր երկրները միմյանց օգնում են»: Փորձագետը նկատում է նաեւ, որ Հայաստանի նման երկրների պարագայում, ՄԱԿ-ի մակարդակով ամրագրված արտոնություններ կան, օրինակ, տրանսպորտային արտոնություն, երբ տրանսպորտային ծախսերը չեն մտցվում մաքսային արժեքի մեջ: Ինչո՞ւ ՀՀ-ն դա չի օգտագործում, Վահագն Խաչատրյանը չգիտի: Սա խնդիր է, որ իր կարծիքով, ՀՀ-ն պետք է լուծի ընդհանրապես բոլոր ներկրողների եւ արտահանողների համար, քանի որ մեր տնտեսության հիմնական բարդություններից մեկն էլ այն է, որ տրանսպորտային ծախսերը 15-20 տոկոս ավելի են ստացվում:

Փաստացի, իր ներկայացրած հայտով, «Գազպրոմ Արմենիան» սպառողների համար գազի գինը չորս դրամ նվազեցնում է, բայց տնտեսվարողների, անապահով խավի համար 30-35 տոկոսով թանկացնում է: Սա, քաղաքական իմաստով, Վահագն Խաչատրյանը համարում է «հարված գործող կառավարությանը` մեջքից»: Իսկ «Գազպրոմ Արմենիայի» համար տնտեսական առումով ոչ հաշվարկային քայլ, քանի որ նվազ սակագներով, տնտեսվարողներին շահագրգռում էր առավել շատ գազ օգտագործել: Ինչ վերաբերվում է այս քայլի արդյունքում ՀՀ տնտեսությանը հասցվելիք հարվածին, Վահագն Խաչատրյանը կանխատեսում է`«անասելի մեծ է լինելու» եւ այն, ինչ-որ կստանանք իբրեւ քաղաքացիներ`սպառման համար չորս դրամի նվազեցումով, չի էլ զգացվելու: Իր կարծիքով, այստեղ պետք է վերջակետեր դրվեն հայ-ռուսական գազային հարաբերություններին: Այս համատեքստում նա նկատում է, որ մինչեւ հիմա հիմնավորում չկա, թե ինչո՞ւ է գազը սահմանին 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Տնտեսագետը գազի սակագնի աճման դինամիկան ուսումնասիրել է եւ չի հասկացել գազի գնի փոխկապակցվածություն կա՞ դոլարի փոխարժեքի հետ, նավթի միջազգային գների հետ կամ այլ գործոնների:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը հակադարձեց`հանձնաժողովի բոլոր քայլերը թափանցիկ են, պատրաստ են անել ամեն ինչ`առավել թափանցիկ լինելու համար

Մանրամասները`տեսանյութում

https://www.facebook.com/article3club/videos/239194734129190/

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930