Լրահոս
Օրվա լրահոսը

Zoom-ով ինչպե՞ս թեմատիկ աշխատանք գրեն, ինչպե՞ս հարցուպատասխան կազմակերպեն. քննարկում՝ հեռավար կրթության բացերի մասին

Ապրիլ 09,2020 16:28

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,երիտասարդության եւ սփյուռքի հարցերի հանձնաժողովը հեռավար խորհրդարանական լսումներ էր կազմակերպել «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում» թեմայով:

ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանն ասաց, որ ցավոք, այս պահին ունենք այն խնդիրը, որ շատ հաճախ առցանց համաժամանակյա հանդիպումները նույնացվում են հեռավար կրթության հետ. «Մեր էջում դրել ենք վիդեոդասընթացներ, որտեղ ուսուցիչները պատմում են, թե ինչպես կարելի է կազմակերպել հեռավար ուսուցումը: Ուսուցիչները փորձում են այն դասացուցակը, որն ունեցել են դպրոցում, այդ նույն դասացուցակով, ուղղակի ժամաքանակը կրճատելով՝ կազմակերպել առցանց կրթությունը: Դա բերում է հավելյալ ծանրաբեռնվածության, աշակերտների ծանրաբեռնվածության: Աշակերտները, ուսուցիչերը շատ են նստում համակարգչի առաջ: Մենք խորհուրդ ենք տալիս համակցել համաժամանակյա օնլայն մեթոդը այլ մեթոդների հետ, օրինակ, ուսուցիչը պետք է կարողանա պլանավորել ոչ թե օրական դասը, այլ՝ շաբաթական: Դա հեռավարի համար շատ կարեւոր է: Կարող է դա անել զանգի միջոցով, ուսուցիչը զանգահարել աշակերտներին եւ ասել, որ դիցուք, այս շաբաթ անցնելու ենք երկու թեմա եւ այդ թեմայի մասին նյութերը ձեր դասագրքերում այսինչ տեղում են, տալ որոշակի հղումներ այլ ռեսուրսներից, ասել՝ դիտեք այսինչ վիդեոդասերը ու ասել, որ չորեքշաբթի օրը մենք կունենանք համաժամանակյա հանդիպում: Այդ օրը նա կարող է բացատրել այն մասերը, որոնք չեն հասկացվել երեխաների կողմից, դժվարամարս են»: Ըստ Պողոսյանի, այս տարբերակով արդյունավետ կլինի աշխատանքը ու կխնայեն ժամանակը, կապի միջոցները: Ծնողները դժգոհում են, որ երեխաներն ամբողջ օրն անցկացնում են համակարգչի դիմաց, սա մեթոդ է, որը թույլ կտա մեղմել այդ հարցը:

Արտակ Պողոսյանն ասաց, որ ուսուցիչները նաեւ հետաքրքրվում են՝ թեմատիկ գրավոր աշխատանքներն ինչպե՞ս պետք է կազմակերպել. «Հարգելի՛ ուսուցիչներ, դուք ինքներդ գիտեք, որ թեմատիկ գրավոր աշխատանքների գնահատականը որեւէ գործակից կամ ցուցիչ չունի ու չի տարբերվում սովորական գնահատականներից: Եղեք ազատ, գնահատեք ձեր երեխաներին մատյանում եւ թեմատիկ բաժնում գրեք, որ դուք այդ օրն ունեցել եք այսինչ թեմայից թեմատիկ աշխատանք, մի՛ կաղապարվեք: Թեմատիկ գրավոր աշխատանքի միակ տարբերությունը մյուս գնահատականներից այն է, որ այդ օրը բոլոր երեխաներն են գնահատական ստանում: Դուք ազատ եք շաբաթը մեկ անգամ գնահատել աշակերտներին, կարող եք Quizzes-ում ստեղծել թեստեր: Օգտագործեք գործիքները,մի՛ սահմանափակվեք, մի՛ կաղապարվեք: Համակարգը խորհուրդ կտա որեւէ գնահատական, բայց ուսուցիչն է վերջում որոշում, թե որ երեխան ինչ գնահատական ստանա: Կրթության մեջ ամենակարեւոր դերակատարումն ունի ուսուցիչը»:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանն ասաց, որ հեռավար եւ առցանց կրթություն կազմակերպելիս հեռավոր մարզերում միայն համակարգիչներ տրամադրելը քիչ է, պետք է նաեւ սովորեցնել հմտություններ օգտվելու դրանից: Նա ասաց, որ առցանց կրթությունը մեթոդական մոդելների վերանայման անհրաժեշտություն է առաջ բերել: Բուհական համակարգի առաջ պետք է խնդիր դնել պատրաստել հեռավար եւ առցանց կրթության մասնագետներ:

Թիվ 190 ավագ դպրոցի տնօրեն ասաց, որ կորոնավիրուսի այս համաճարակը, արտակարգ դրությունը ցույց տվեց, որ խաբկանք ենք ունեցել,երբ մտածել ենք, որ մեր երեխաները տեխնոլոգիաներից օգտվելու հմտություններ ունեն, իրականում նրանք հմտություններ ունեն messenger-ով շփվելու, խաղեր խաղալու միայն: Նա ասաց, որ Skype-ը, Zoom-ը ամենապարզ գործիքներն էին, բայց դրանցով հարմար է կազմակերպել դասղեկի ժամեր, մանկավարժական խորհրդի նիստեր, բայց դաս կազմակերպել հարմար չէ: Ուսուցիչները դա են օգտագործում, քանի որ գործնականում իրենք եւ աշակերտներն այլ գործիքներից օգտվել չգիտեն: Ըստ նրա, Zoom-ը վատ է, երբ երեխաների հետ հարցուպատասխան է լինում, եթե երեխան տեսախցիկ էլ չունեցավ՝ կապն ընդհանրապես չի լինում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930