Լրահոս
Օրվա լրահոսը

«Կպարզվի, որ հայերի նրանց ԴՆԹ-ն վրացիներից ավելի ուժեղ է և միանգամից վերացնում է կորոնավիրուսը». Գաբունիայի հեգնանքը քննադատության է արժանացել Վրաստանում. Regionmonitor

Ապրիլ 09,2020 15:39

Օրեր առաջ վրացական «Մթավարի» հեռուստաընկերության «Post Factum» հաղորդման հաղորդավար Գիորգի Գաբունիան եթերում հայատյաց հայտարարություն է արել, ինչը Վրաստանում տարբեր կազմակերպությունների կողմից սուր քննադատության է արժանացել։

Բանն այն է, որ վերոնշյալ հաղորդման շրջանակներում ցուցադրվել է «Գեներն ընդդեմ կորոնավիրուսի» խորագրով ռեպորտաժ, որում խոսվել է գենետիկական կոդերի կարևորության և էթնիկ պատկանելիության առավելությունների մասին: Տեսանյութում վրաց գիտնականներն իրենց տեսակետներն են հայտնել, թե հնարավոր է հարցը գենետիկական կոդին է առնչվում, և հենց վրացական գեն կրող մարդիկ են կարողանում ավելի հեշտ հաղթահարել վիրուսը:

Ռեպորտաժի ցուցադրումից հետո Գաբունիան, խոսելով հայերի մասին, հեգնանքով ասել է. «Այն, թե ինչ են մտածում արտասահմանցի գիտնականները մենք գիտենք, նրանց վրացի գործընկերների կարծիքին էլ ծանոթացանք։ Իսկ այժմ ես սպասում եմ հայ գիտնականների եզրակացությանը: Ինձ շատ է հետաքրքրում, թե որ գենետիկական խմբին կպատկանեն մեր հարևանները: Վստահ եմ՝ կպարզվի, որ նրանց ԴՆԹ-ն վրացիներից ավելի ուժեղ է և միանգամից վերացնում է կորոնավիրուսը, նույնիսկ պատվաստման և դեղամիջոցների կարիք չունեն»։

Վրացի հաղորդավարի այս հայտարարությունները արժանացել են Վրաստանում մի շարք կազմակերպությունների քննադատությանը։ Մասնավորապես վրացական «Ո՛չ ատելությանը» քաղաքացիական պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ նշելով. «Այս մեկնաբանությունը հայատյաց է և նպաստում է կարծրատիպերի առաջացմանը էթնիկ հողի վրա: Ծրագրի հաղորդավարի այսպիսի հայտարարությամբ հեռուստաալիքը խախտել է Հեռարձակման օրենքի 31-րդ հոդվածը։ Հեռարձակողը պետք է զերծ մնա այնպիսի նյութերի հրապարակումներից, որոնք հրահրում են ատելությունից կամ անհանդուրժողականություն`ռասայի, լեզվի, սեռի, կրոնի, քաղաքական պատկանելիության, էթնիկական, աշխարհագրական կամ սոցիալական ծագման հողի վրա»:

«Ո՛չ ատելությանը» քաղաքացիական պլատֆորմի այս հայտարարության տակ ստորագրել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Մեդիայի զարգացման ինստիտուտ»-ը (MDF) «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն»-ը (ISFED), «Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը» (TDI), «Սաֆերի» ՀԿ-ն, «Մարդու իրավունքների կենտրոն»-ը (HRC), «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա»-ն (GRASS), «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GILA), «Transparency International Georgia»-ն (TI)։

Թեմայի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև վրացական «Լրագրողական էթիկայի խարտիան»։ Վերջինիս գնահատմամբ, հեռուստաընկերության կողմից տարածված նյութը ռասիզմ է պարունակում, այլատյացություն քարոզում՝ խրախուսելով էթնիկ պատկանելությամբ խտրականությունը»:

Կազմակերպությունը նշում է, որ բազմիցս է դիմել լրագրողներին՝ հորդորելով հատուկ զգուշությամբ լուսաբանել Covid-19-ի հետ կապված նյութերը՝ հրապարակելով միայն ճշգրիտ տեղեկատվություն:

«Անհասկանալի է, թե ինչ նպատակ ունի «Post Factum»-ում միայն կարծիքների վրա հիմնված տեսություններ տարածելը, որոնք վրացական գենի առավելության հետ են կապված: Սա կարող է վնաս հասցնել քաղաքացիներին և այլատյացություն տարածել»,- նշված է հայտարարությունում:

Լրագրողական ՀԿ-ն գտնում է, որ լրատվամիջոցներն ունեն սոցիալական պատասխանատվություն՝ չքարոզել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն։

Նաև ընդգծվում է, որ կորոնավիրուսի տարածման շրջանում սա առաջին դեպքը չէ, երբ վրացական մամուլում նյութեր են հայտնվել ուղղված այլ էթնիկ խմբերի դեմ։

Regionmonitor

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930