Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Առաքելյան. «Ինստիտուտի իրավասության մեջ չի մտնում, թե կառավարությունն ինչպես պետք է գումար հատկացնի»

Ապրիլ 09,2020 14:35

«Այս քանի օրերին խիստ զբաղված էի, դրա համար չէի կարող մեկնաբանություններ անել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,-առցանց ձեւաչափով ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը: Հաշվի առնելով կորոնավիրուսի զանգվածային թեստավորում իրականացնելու ՀՀ կառավարության առաջադրած գերակա խնդիրը՝ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը հանդես է եկել Հայաստանում ախտորոշիչ թեստեր արտադրելու առաջարկով, այդ նպատակով էլ կառավարությունը հատկացրել է 550000 դոլար, ինչի մասին առցանց միացման ժամանակ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին՝ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արսեն Առաքելյանն ասաց, որ թեստերի արտադրությունը հիմնված է լինելու արդեն հայտնի տեխնոլոգիայի վրա, որի համար անհրաժեշտ նյութերը հնարավոր է ձեռք բերել։ Ասաց նաեւ, որ այդ նպատակով ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը բանակցում է մի շարք արտադրողների հետ։ Ընդգծեց, որ այդ նյութերի դեֆիցիտ աշխարհում չկա, բայց կա թեստերի դեֆիցիտ, քանի որ յուրաքանչյուր երկիր այսօր փորձում է լուծել իր ներքին պահանջարկը բավարարելու հարցը: Նշեց, որ հասանելիության ու փոխադրման խնդիրներ եւս կան:

Նրա խոսքերով, թեստերը նախատեսված են լինելու պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով ախտորոշման համար, որը գենետիկական հետազոտություն է և ներկայումս օգտագործվում է կորոնավիրուսի ախտորոշման համար ՝ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից։ Արսեն Առաքելյանը հավելեց, որ իրենց ինստիտուտը ցանկանում են լուծել մի քանի խնդիր՝ ստանալ մատչելի ախտորոշիչ թեստեր, կազմակերպել թեստերի դեֆիցիտի պայմաններում բավարար քանակով անխափան մատակարարում եւ ժամանակ շահել:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք ճիշտ չէ՞ր լինի մրցույթ հայտարարվեր եւ ոչ թե միանգամից հենց իրենց ինստիտուտին գումար տրամադրվեր: Արսեն Առաքելյանը պատասխանեց, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն առաջարկ է արել, այն արժանացել է կառավարության հավանությանը, իսկ որոշումը, թե կառավարությունն ինչպես պետք է գումարը հատկացնի՝ ինստիտուտի իրավասության մեջ չի մտնում:

Հարցրինք նաեւ՝ ինստիտուտն արդյոք ունի՞ համապատասխան ներուժ՝ որակյալ թեստեր արտադրելու համար, ինստիտուտի տնօրենը պատասխանեց, որ արտադրությունը սկսելու գիտական և տեխնիկական բավարար ներուժ ունեն, հետազոտությունների մեծ մասում օգտագործվում են ՊՇՌ մեթոդները, այս կամ այն գիտական հետազոտության համար նոր թեստերի մշակումը և օպտիմալացումը ինստիտուտի գիտական անձնակազմի ամենօրյա գործառույթներից է։ Արսեն Առաքելյանն ասաց նաեւ, որ թեստ արտադրելը տեխնոլոգիական առումով բարդ չէ, եւ երկար ժամանակ չի պահանջվի: Ինչ վերաբերում է թեստերի գնին, ընդգծեց, որ դա էլ կախված է մի շարք հանգամանքներից, իրենք փորձելու են գտնել ամենահուսալի ու մատչելի տարբերակները:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Արսեն Առաքելյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930