Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ին, ՊԵԿ-ին ու ՏՄՊՊՀ-ին հասանելի կլինեն բաժնետիրական ընկերությունների սեփականատերերի տվյալները

Ապրիլ 09,2020 14:09

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է կառավարության հեղինակած՝ «Արժեթղթերի շուկայի մասին» եւ կից օրենքներում փոփոխությունների փաթեթը: Ինչպես նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը՝ փոփոխություններով առաջարկում են բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնել իրավապահ մարմիններին, այդ թվում՝ ԱԱԾ-ին, ՀՔԾ-ին, եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: Ըստ նրա՝ գործող օրենսդրությամբ ՍՊԸ-ի բաժնեմասերի սեփականատերերի մասին տեղեկատվությունը բաց է, եւ քաղաքացիները կարող են ստանալ այն՝ էլեկտրոնային հարցմամբ:

«Սակայն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի սեփականատերերի տվյալները փակ են եղել, ընդ որում՝ որոշակի քննարկումների արդյունքում արձանագրեցինք, որ դա եղել է նաեւ քաղաքական պատճառներով: Բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի սեփականատերերի տվյալներն անհրաժեշտ են իրավապահներին, ՊԵԿ-ին եւ ՏՄՊՊՀ-ին՝ իրենց առաջ դրված խնդիրները լուծելու համար: Ունենք իրավիճակ, երբ հիմա իրավապահները կարող են դա ստանալ միայն դատարանի որոշմամբ, իսկ ՏՄՊՊՀ-ն առհասարակ գործիքակազմ չունի այդ տեղեկատվությունը ստանալու»,-հայտարարեց Ռաֆիկ Գրիգորյանը:

Նա շեշտեց՝ օրենսդրական փաթեթի քննարկումների ժամանակ տնտեսական ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնել են, որ այս կերպ որոշ ընկերությունների բիզնես քաղաքականությունը կբացահայտվի, ինչը կվնասի նրանց. «Ուստի համաձայնեցված մոտեցման եկանք առ այն, որ տեղեկատվությունը հասանելի լինի միայն նշյալ պետական մարմիններին: Նման օրենսդրական փոփոխությունների առաջարկ, ի դեպ, հնչել է նաեւ մեր միջազգային գործընկերներից»:

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը բարձրաձայնեց՝ այս միջոցի օգտագործումը համաչա՞փ է նպատակին, կողմնակի միջամտությունները չեն վնասի՞ արժեթղթերի շուկային կամ ներդրումային գործընթացին. «Հասկանում եմ, որ սա արվում է հանցավորության դեմ պայքարի շրջանակում, բայց դա չպետք է լինի այնպես, որ ինչ-որ բանի վնասի»:

Փոխնախարարն արձագանքեց. «Միշտ պետք է չափն իմանանք: Սա հենց այդ չափն է: Եթե ՍՊՀ-ի բաժնետերերի տեղեկատվությունն այսքան ժամանակ բաց է եղել, ներդրումային միջավայրը տուժե՞լ է… օրինագիծը վերաբերում է միայն բաժնետոմսերի սեփականատերերին, իսկ ներդրումային միջավայրի վրա ազդեցությունը, կարծում եմ, ավելի կլավանա սրանով: Օրինակ՝ երբ հարկային մարմինն ունի բաժնետոմսերի սեփականատերերի մասին տեղեկություն, կարող է հարկման շեմը որոշել, ճիշտ վարչարարություն կիրառել: Այս օրինագծին որպես սպառնալիք պետք չէ վերաբերվել, այն քննարկվել է նաեւ մինչեւ հեղափոխությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930