Նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշել է, որ անհրաժեշտ քայլերից է պետական պարտքի ավելացումը, դուք նույնպե՞ս այդ կարծիքին եք, եւ եթե այո, որքանո՞վ եք պատրաստվում ավելացնել պետական պարտքը մինչեւ տարեվերջ:
Այսօր այս հարցին ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը կառավարության մամուլի սրահում ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու աջակցության ծրագրերի ընթացքը, ասաց՝ համաձայն եմ եւ չեմ բացառում. «Որեւէ խնդիր չեմ տեսնում պետական պարտքն ավելացնելու հետ կապված, բայց, այնուամենայնիվ, թվային գնահատականներ սահմանել՝ ելնելով այն իրավիճակից, որ ունենք այսօր, կարծում եմ դեռ վաղ է դրա մասին մտածել, որոշումներ կայացնել եւ թվեր հնչեցնել: Կարծում եմ դեռ վաղ է, որովհետեւ, նույնիսկ, աշխարհում իրադարձություններն այնպես են ընթանում եւ այնպես են զարգանում, որ որոշակի ժամանակ պետք է, որ մեր անելիքներն ավելի ճշգրտված հնարավոր լինի հրապարակել: Իհարկե մտածում ենք, իհարկե կան սցենարներ, բայց այս պահին չէի ցանկանա հնչեցնել դրանց պահի եւ չափի վերաբերյալ ավելի հստակ տեղեկություններ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ