ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է կառավարության հեղինակած՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը: ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց. «Գործնականում լինում են դեպքեր, երբ քրեական գործերով ստուգումներ են նշանակվում՝ առանց պատճառաբանության բավարար չափանիշներ ապահովելու: Առաջարկում ենք քննիչի լիազորություններում նախատեսել ստուգումներ եւ գույքագրումներ կատարելու որոշումների ընդունումը, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա հանգամանքները կարող են հերքվել կամ հաստատվել այդ ստուգումների կամ գույքագրումների արդյունքում: Քննիչի՝ հարկային ստուգում իրականացնելու որոշումը հսկող դատախազն իրավունք ունի այն ստանալուց հետո յոթ օրում վերացնելու»:
Ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ վերջին տարիներին նախաքննության ընթացքում նշանակվում էին որոշումներ, որոնցում պատճառաբանությունը բավարար չէր լինում, սակայն ստուգումներն իրականացվում էին: Օրինագծի հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Ատոմյանը (լուսանկարում) վստահեցրեց, որ օրենսդրական փոփոխությունն անհրաժեշտություն է. «Երբ ես էի քննիչ աշխատում, անորոշությունների տեղիք կար: Քրեական գործը քննվում էր, եւ հնարավոր էր՝ ինչ-որ տաքսի էր «անցնում» այդ գործով, եւ հարկային մարմիններից գրությամբ պահանջում էին ստուգել՝ տաքսին օրինական գործողություններ կատարե՞լ է, թե ոչ: Ճիշտ է, դա ոչ բոլոր դեպքերում էր արվում, բայց հարկային մարմիններն անհարկի ծանրաբեռնվում էին: Հիմա հստակեցվում է ստուգումներ նշանակելը: Դատախազությունն էլ հնարավորություն է ստանում որոշելու՝ պատճառաբանվա՞ծ է տվյալ տնտեսվարողին ստուգելու որոշումը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ