«1915 թ-ին մենք փրկվեցինք Հայոց ցեղասպանությունից, միասին մենք կհաղթահարենք նաև Covid-19-ը». այս ուղերձն են կրում 2020 թ.ի՝ «Արվեստի խաղաղությունը» www.Peaceofart.org կազմակերպության էլեկտրոնային վահանակները, որոնք ապրիլի 1-ից տեղադրված են ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով։
«Արվեստի խաղաղությունը» կազմակերպության հիմնադիր նախագահ, նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի խոսքով՝ «Եթե hայ ազգը կարողացավ վերապրել ցեղասպանությունը ու վերածնվել մոխիրներից, ապա այժմ միասնաբար մենք կարող ենք նաև պայքարել և հաղթահարել COVID19՝ մարդկության գլխին ծառացած համաճարակը, որի դիմաց հավասար են բոլոր ազգերն ու դավանանքները, ուստի միավորվելով կհաղթենք վրահաս համաճարակներն ու արհավիրքները, ինչպես նաև կկանխենք ցեղասպանությունները, քանզի ոճիրը մի ազգի դեմ, ոճիր է համայն մարդկության դեմ»:
2003 թ.ին Բոստոնում հիմնվեց «Արվեստի խաղաղությունը» անշահույթ կրթական մարդասիրական կազմակերպությունը, որն օգտագործում է արվեստի համընդհանուր լեզուն՝ իրազեկելով մարդկային գոյավիճակի մասին, նպաստելով հակամարտությունների խաղաղ լուծմանը՝ առանցք ունենալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:
Այն ձոնված է աշխարհի խաղաղության բոլոր պահապաններին և իրագործողներին, նաև նրանց, ովքեր քաջություն են ցուցաբերում՝ իրենց կյանքը վտանգելով մարդկության բարօրության համար:
Կարդացեք նաև
Հեղինե ԳԵՎՈՐԳՅԱՆ