Լրահոս
Օրվա լրահոսը

Աջակցություն միկրոբիզնեսին. ովքեր կարող են կառավարության ծրագրի շահառու լինել

Ապրիլ 09,2020 13:42

Կառավարության նիստին պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց, թե այս միջոցառման շահառուներ ովքեր կարող են լինել, բիզնեսի որ հատվածը:

Անանյանի խոսքերով՝ թիրախավորվել են 3 խումբ անձինք. նրանք, որոնք 2019 թվականին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, կամ նրանք, որոնք 2019 թվականին անհատ ձեռնարկատեր չեն եղել, այլ հանդիսացել են ինքնազբաղված անձինք, եւ 3-րդ խումբն այն անձինք են, որոնք չեն հանդիսանում ինքնազբաղված անձինք կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, բայց 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներկայացրել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու հայտ, եւ 2019 թվականի ընթացքում որպես անհատ ձեռնարկատեր չեն եղել հաշվառված։

ՊԵԿ նախագահի ներկայացմամբ՝ առաջարկվում է այս շահառուներին, որոնք այս պահին մոտ 6000-ն են, տրամադրել միանվագ աջակցություն՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում մատակարարված ապարանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների դիմաց իրացումից հասույթների 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը. «Նաեւ միանվագ աջակցություն են ստանում նվազագույն աշխատավարձի չափով այն անձինք, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից հետո հանդիսանում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ եւ չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՊԵԿ ՀԴՄ ներկրման գրասենյակին ներկայացրել են ՀԴՄ ստացման հայտ, սակայն 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում չունեն ակտիվացրած նոր սերնդի ՀԴՄ։

Այլ կերպ ասած՝ շահառուներն, ըստ էության, միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտներն են, որոնք այս պահին, մեր բնորոշմամբ, օժանդակության կարիք ունեն»:

Այս միջոցառման շահառու չեն կարող հանդիսանալ, ինչպես Անանյանը ներկայացրեց, այն անձինք, որոնք ունեն 2 եւ ավելի աշխատակից: Այս անձինք, փաստորեն, կառավարության 5-րդ միջոցառման շահառու են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց՝ միջոցառմամբ նախատեսված աջակցության հիմքում դրված է բիզնեսի գրանցած շրջանառությունը, իսկ նրանք, որոնք ստվերում են գործել, ունեցել ստվերային շրջանառություն, որեւէ աջակցություն, բնականաբար, չեն ստանա. «Այսինքն, այն միկրոբիզնեսի ներկայացուցիչները, ովքեր պարտաճանաչ արձանագրել են իրենց կատարած առեւտուրը ՀԴՄ-ների միջոցով, նրանք ավելի շատ կստանան աջակցություն։ Իսկ նրանք, ովքեր ընդհանրապես ՀԴՄ կտրոն չեն թողարկել, այս ծրագրով որեւէ աջակցություն չեն ստանա։ Սա տնտեսական աջակցության ծրագիր է, եւ այդ մարդիկ տնտեսական գործունեություն չեն ծավալել, մենք պետք է նայենք, թե նրանց ինչպիսի աջակցության փաթեթներ կարող ենք առաջարկել։ 2-րդ խումբն այն մարդիկ են, ովքեր դիմել են ՀԴՄ ստանալու համար, բայց չեն հասցրել ստանալ։ Եվ 3-րդ խումբն այն մարդիկ են, ովքեր օրենսդրությամբ պարտավորություն չունեն ունենալ ՀԴՄ։ Մեր բոլոր միջոցառումների մեջ մենք հաշվի ենք առնում սոցիալական, տնտեսական եւ ռազմավարական կոմպոնենտը։ Այս շրջանում մենք պետք է առավելագույնս խրախուսենք այն տնտեսվարող սուբյեկտներին, ովքեր նախաճգնաժամային ժամանակաշրջանում աչքի են ընկել իրենց օրինապահ կեցվածքով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930