«Ունենք 10 հաստատված միջոցառում, որոնցից վեցը լիարժեք ուժի մեջ են»,-այսօր կառավարության մամուլի սրահում հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա խոսքով, այս գործիքակազմը, որը տրամադրվում է՝ ոչ թե լինի հակաճգնաժամային, այլ հետագայում այն աշխատի ի նպաստ մասնավոր հատվածի զարգացման: Մհեր Գրիգորյանի տվյալներով, միջոցառումներով հասանելի գումարների չափը երեկվա դրությամբ կազմել էր 3 միլիարդ 670 միլիոն դրամ:
Թե ով է հանդիսանում սոցիալական աջակցության ծրագրերի շահառու, մանրամասնեց ասուլիսին ներկա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հորդորելով օգտվել արդեն գործարկված ssa.am կայքի ծառայություններից, որտեղ մուտքագրելով տվյալները՝ կարող են ստանալ տեղեկատվություն՝ ով որ ծրագրի շահառու է: Քաղաքացիները կտեղեկանան նաեւ, թե որ բանկ պետք է մոտենան անձը հաստատող փաստաթղթով եւ ստանալ աջակցության գումարը:
Ըստ տիկին Բաթոյանի, վաղը 3750 հղի կին կկարողանա իր աջակցությունը ստանալ, սակայն նրանց թիվն այդքանով չի սահմանափակվում եւ ծրագրի այլ շահառուների վերաբերյալ դեռեւս ճշգրտումներ են արվում:
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ երեկվա դրությամբ բանկային համակարգում 1 միլիարդ 433 միլիոն դրամ վարկային փաթեթներ են առկա, որից 520 միլիոն դրամ վարկային միջոցներ փաստացի տրամադրված են եղել: Գյուղոլորտին տրամադրվող աջակցության առնչությամբ էլ էկոնոմիկայի նախարարն ասաց, որ մինչեւ 1 միլիոն դրամ արժեքով միկրովարկերն այլեւս հասանելի կլինեն գյուղատնտեսներին: Երեկվա դրությամբ 1,1 միլիարդ դրամ արժեքով հաստատված վարկային հայտեր կան եւ 600 միլիոն դրամ ընդհանուր արժեքով փաստացի տրամադրված վարկեր: Ըստ Տիգրան Խաչատրյանի, փոքր ձեռնարկություններին վարկային աջակցություն ծրագրով արդեն կա 27 հայտատու, որոնք 280 միլիոն դրամ գումարով վարկային ռեսուրսներ կարող են ստանալ:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ