Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Մանուկյանը՝ առցանց մուլտֆիլմերի ու քննարկումների մասին

Ապրիլ 09,2020 13:15

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ ԿԳՄՍ նախարարությունը ողջունել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությունը՝ Webtv ինտերնետային հեռուստատեսության յութուբյան ալիքով հայկական մուլտֆիլմերի եւ դրանց վերաբերյալ մասնագետների քննարկումների հեռարձակումը:

«Քանի որ ստեղծված իրավիճակով պայմանավորված բոլորն անցան հեռավար կրթության մոդելին՝ մենք էլ որոշեցինք մասնակցել այդ գործընթացին: Թեեւ հայկական մուլտֆիլմերը ծանոթ են բոլորին, բայց, այնուամենայնիվ, որոշեցինք դրանք հավաքել մեկ ընդհանուր հարթակում, որպեսզի գոնե հեռավար, առցանց դասերից հետո աշակերտները եւ իրենց ծնողները կարողանան Webtv-ի յութուբյան ալիքում դիտել հայկական մուլտֆիլմերը, ոչ թե դրանք երկար փնտրել համացանցում: Որոշեցինք գործընթացի մեջ ներգրավել նաեւ կինոգործիչների , որպեսզի մուլտերը ոչ միայն դիտեն, այլեւ դրանց շուրջ քննարկում լինի, հասկանանք, թե ինչպես են մուլտերը ստեղծվում, ովքեր են դրանք ստեղծում, հայկական մուլտիպլիկացիայի պատմության մասին խոսենք:

Առաջինը ներգրավեցինք Նարարա Մուրադյանին, որը շատ հայտնի ու սիրված մուլտիպլիկատոր է: Նա իր վերջին աշխատանքները տրամադրեց: Գործընթացին միացավ նաեւ մեկ այլ հայտնի մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանը, ռեժիսոր, որի մուլտերը շատ սիրված են երեխաների կողմից: Գայանեն խոսեց «Վիշապագորգի» եւ ընդհանրապես մուլտերի ստեղծման մասին: Միացավ նաեւ կինոգետ եւ կինոքննադատ, պրոֆեսոր Անետա Երզնկյանը, որը եւս հետաքրքիր զրույց վարեց հայկական անիմացիայի մասին»,-նշեց Արայիկ Մանուկյանը:

Արայիկ Մանուկյան

Մեր զրուցակիցը հավելեց. «Իհարկե դիտում են մեր ցուցադրածը, բայց դրանք հարյուր հազարավոր դիտումներ չեն, որովհետեւ երեխաները ողջ օրը հեռավոր մեթոդով դասեր են պարապում: Շատ լավ արձագանքներ ունենք: Հետաքրքիր է, որ մուլտերն ավելի քիչ են դիտել, քան Գայանե Մարտիրոսյանի, Անետա Երզնկյանի եւ Նաիրա Մուրադյանի մեկնաբանությունները, որովհետեւ մուլտֆիլմերը նաեւ համավարակից առաջ էլ են դիտել, երեւ իրենց ավելի հետաքրքրել են զրույցները: Առաջիկայում ավելի երիտասարդ կինոգործիչներ եւ անիմատորներ էլ կմիանան ու կպատմեն իրենց գործունեության ու ստեղծած աշխատանքների մասին»:

Արայիկ Մանուկյանը հայտնեց Webtv-ի մեկ այլ նախաձեռնության մասին, որ իրականացվել է Կոմիտաս թանգարան ինստիտուտի միջոցառումների բաժնի վարիչ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ: «Ամեն օր Հասմիկը մի հեքիաթ է կարդում, իսկ վերջում երգում է: Քանի որ Կոմիտաս թանգարանում ամեն ամսվա վերջին կիրակի օրն անցկացվում էր զրոյից 3 տարեկան երեխաների համար նախատեսված միջոցառում, որտեղ դասական երգեր էին երգում, իսկ այժմ միջոցառումները փակվեցին, ինքը որոշել է երգ-երաժշտությունն առցանց մատուցել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ Նարարա Մուրադյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930