Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան էլ նախկինները վատը լինեին, նրանց շատ ներկայացուցիչներ ներկայիս իշխանության շատ ներկայացուցիչներից պրոֆեսիոնալ էին ու գրագետ». «Փաստ»

Ապրիլ 09,2020 12:56

Որքան էլ հիմա արձանագրենք, որ իշխանություններն այս պահին ճիշտ են գործում և խստացված ռեժիմը կարևոր է, բոլորին է հասկանալի, որ այդ քայլերն ուշացած էին: Այն, որ նախկիններին հիշելու մոլուցքն անգամ այս պահին է իշխանությունների մոտ ակնառու, ունի իր հստակ պատճառները: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Առհասարակ, իշխանությունները հիշում են նախկիններին այն ժամանակ, երբ իրենց ձեռնարկած գործընթացները տապալվում են: Սկզբնական շրջանում վիրուսը ներկայացրեցին որպես ոչ վտանգավոր հանգամանք, նույն տեմպով շարունակեցին իրենց գործունեությունը, եղան նաև հասարակության ուշադրությունը շեղելու փորձեր: Հիմա, հասկանալով, որ այժմյան պայքարն ուշացած են սկսել, ինչի հետևանքով նաև հարցեր են առաջացել, կրկին փորձում են հասարակության ուշադրությունը շեղել երկրի առջև ծառացած խնդիրներից: Արդյունքում կրկին հիշում են վեթթինգը, ՍԴ-ն, նախկինների կոռումպացված լինելն ու նորից փորձում շեղել մարդկանց ուշադրությունը: Եվ սա այն դեպքում, երբ հենց իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն, Հայաստանը տնտեսական և սոցիալական շատ կտրուկ խնդիրների առաջ է կանգնելու: Եվ այս առումով պարզ է, թե ինչու հենց այս պահին նման վարքագիծ դրսևորվեց, ինչու կրկին գերակշռեց արդեն հայտնի հռետորաբանությունը: Խնդիրը սեփական սխալներից և ձախողումներից հասարակության ուշադրությունը շեղելն է»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Գագիկ Համբարյանը մեկ այլ պատճառ էլ է առանձնացնում: «Արտակարգ դրության հանգամանքը փորձում են նաև հօգուտ իրենց օգտագործել: Հաշվի են առնվում արտակարգ դրությամբ պայմանավորված որոշակի սահմանափակումները, մասնավորապես, տեղեկությունների հրապարակմանն առնչվող սահմանափակումների մասին է խոսքը: Ու այս տրամաբանությամբ, հաշվի առնելով, որ իրենց լիազորությունները խոսքի ազատության տիրույթում ավելի լայն են, մտածում են, որ կարող են «պատեպատ տալ», «ասֆալտին փռել» բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն այս ընթացքում քննադատել կամ խիստ քննադատել գործող իշխանություններին»,-ասաց Գ. Համբարյանը՝ նշելով, որ այս համատեքստում հաճախ ընդդիմության կամ նախկին իշխանությունների ներկայացուցիչների արձագանքները իշխանությունները պարզապես քաոսային իրավիճակ և խուճապ առաջացնելու տիրույթում են դիտարկում:

«Նախկիններն էլ էին ընդունում, որ սխալներ կան, բայց այդ սխալները գործած անձինք անձեռնմխելի էին լինում: Հիմա իշխանության այսօրվա ղեկավարը, որը նախկինում այդ քաղաքական վարքագիծը խիստ քննադատում էր, իր իշխանության ներսում նույն տրամաբանությամբ է առաջնորդվում: Բազմաթիվ անձինք, որոնց քայլերը հաճախ անտրամաբանական, երբեմն անգամ վիրավորական են հասարակության համար, պահպանում են իրենց պաշտոնները: Ի դեպ՝ այդ անձինք իրենց գրագիտությամբ ու պրոֆեսիոնալիզմով չեն կարող անգամ «ջուր լցնել» նախկին իշխանությունների մի շարք ներկայացուցիչների ձեռքերին, որովհետև որքան էլ նախկինները վատը լինեին, բայց նրանց շատ ներկայացուցիչներ ներկայիս իշխանության շատ ներկայացուցիչներից պրոֆեսիոնալ էին ու գրագետ»,-նշեց քաղաքագետը՝ վերջում ընդգծելով մեկ այլ մտահոգիչ հանգամանքի մասին:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930