Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե անձը երեխա ունի եւ հասել է ամուսնական տարիքի, պետք է գործունյա ճանաչվի». պատգամավորի օրինագիծը

Ապրիլ 09,2020 12:40

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է «Լուսավոր Հայաստանի» հեղինակած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումների օրինագիծը, որի հիմքում, ըստ զեկուցող ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի՝ գիտական հանրույթի հետ քննարկումներն են: «Պարզվել է, որ ընտանեկան օրենսգրքի հետ որոշակի անհամապատասխանություն կա: ԸՕ հոդվածներից մեկով սահմանվում է ամուսնության ցածր տարիքի հնարավորությունը՝ 16-17 տարեկան, եւ նշվում է, որ եթե անձն ամուսնացած է, գործունակություն է ձեռք բերում: Այս հիմքը կա նաեւ Քաղաքացիական օրենսգրքում՝ ընդհանուր եւ հատուկ կարգերով: Բայց կա նաեւ մի բաց կարգավորում: Հատուկ կարգերում նշված չեն անչափահասները, որոնք չեն ամուսնացել, բայց երեխա են ունեցել եւ նրանք, ովքեր երեխա են ունեցել մինչեւ 16 տարեկանը լրանալը»,-նշեց Տարոն Սիմոնյանը:

Նրա խոսքով. «Հասկանալի է, որ նման դեպքերը ցանկալի չեն, բայց փաստեր կան: Բայց եթե ընտանեկան օրենսգիրքը նրանց թույլ է տալիս երեխայի շահից ելնելով մասնակցել գործարքների, սրանից հետեւում է, որ ոչ գործունակ անձը չի կարող մասնակցել գործարքների: Կարող են լինել իրավիճակներ, երբ 16 տարեկան ծնողն ունենա երեխա, բայց գրանցված ամուսնություն չունենա, ինչի հետեւանքով հնարավորություն չի ունենա երեխայի շահերից ելնելով՝ մասնակցել գործարքների: Այս խնդրից ելնելով առաջարկում ենք քաղաքացիական օրենսգրքում սահմանել, որ անչափահաս ծնողները գործունակություն են ձեռք բերում ամուսնական տարիքի հասնելու պահից: Սա նշանակում է, որ անձը պետք է ծնող լինի՝ երեխա ունենա, եւ ամուսնական տարիքի հասած լինի: Եթե այս երկու պայմաններն առկա են, ծնողը պետք է գործունյա ճանաչվի»:

«Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարցրեց՝ ո՞րն է լինելու ամուսնական տարիքը, եթե մյուս ծնողի տարիքը կամ անձը հայտնի չէ: Տարոն Սիմոնյանը պատասխանեց. «Բոլոր դեպքերում 16 տարեկանը սահմանված է որպես նվազագույն տարիք՝ անկախ նրանից, թե մյուս ծնողն ինչ տարիք ունի»:

Պատգամավորը շեշտեց, որ օրենսդրական փոփոխության առարկա խնդիրն իրական դեպքերից է առաջացել:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930