Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն իրենց ուղղված առաջարկների մասին. «Երբեմն դրանց հեղեղից գլխապտույտ կարելի է ստանալ»

Ապրիլ 09,2020 12:25

Այսօր մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին: Նա ասաց՝ այս միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ. «Այս թիվը մեր նախատեսածի 10 տոկոսից էլ պակաս է, բայց այն հընթացս կլրացվի»:

Փաշինյանը հիշեցրեց՝ կառավարությունն արդեն հրապարակել է էլեկտրոնային պատուհան, որի միջոցով քաղաքացիները ստուգում են՝ արդյոք իրենք սոցիալական տվյալ ծրագրերի շահառո՞ւ են, թե՞ ոչ. «Այս օրերին բազմաթիվ շահառուներ իրենց անունները չեն գտել այդտեղ: Մենք թարմացնում ենք բազան, հաջորդ շաբաթվա սկզբին կամբողջանա, եւ աջակցության ամբողջական փաթեթները հասանելի կլինեն բոլոր շահառուներին»:

Բանկերը 290 հազար քաղաքացու տվել են վարկային արձակուրդ՝ 9,3 միլիարդ դրամի, 5300 իրավաբանական անձանց՝ 15,4 միլիարդ դրամի չափով: Այս թվերը ներկայացրեց Փաշինյանը՝ նշելով.«Կան բոլոր հիմքերը ասելու, որ այս գործընթացը կշարունակվի: Այս որոշումները կայացվել են առանց կառավարության վարչական ներգործության: Սա կարեւոր է, որովհետեւ ճգնաժամի մեկնարկին շատ գործընկերներ, ուժեր մեզ փորձում էին դրդել, որպեսզի վարչական որոշում կայացնենք, որը պարտավորեցներ բանկերին: Մենք որոշոցինք այլ ճանապարհով գնալ: Բանկային համակարգը մեր քաղաքական հորդորներին արձագանքել է: Դա վկայությունն է այն բանի, որ ամենազգայուն համակարգերից մեկը վստահում է կառավարության հակաճգնաժամային քաղաքականությանը: Սրա մասին վկայում են շուկայի գործընթացները: Մի քանի օրվա լարվածությունից հետո, արտարժույթի շուկան եւ բանկային համակարգը գտնվում են շատ հանդարտ վիճակում: Ընդհակառակը, վերջին օրերին բանկային ավանդների աճի որոշակի միտում է նկատվում: Կան տեսանելի դեպքեր, երբ քաղաքացիները դոլարային ավանդները փոխարկվում են դրամայինի:

Ընդհանուր առմամբ այսօր դաշտում բազմաթիվ են առաջարկները, թե ինչ պետք է անի կառավարությունը: Անկեղծ ասած, երբեմն այդ առաջարկների հեղեղից գլխապտույտ կարելի է ստանալ: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք բավական երկար ժամանակ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, ունենք հստակ ռազմավարություն՝ ճգնաժամը հաղթահարելու: Կլսենք ու հաշվի կառնենք առաջարկները, բայց մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարություններում: Մեր ռազմավարության մրցունակության առումով՝ ճգնաժամը մեր երկրի տնտեսության զարգացման, մեր ռազմավարական պատկերացումների մեջ շատ բան չի փոխել: Եվ մեր ռազմավարական առաջնահերթությունները նույնն են, ինչ նախկինում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930