Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին հոդված էր հրապարակել, որտեղ հորդորել էր իշխանություններին սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը՝ ընդգծելով, որ այն «ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի՝ առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»։ Հոդվածը հրապարակվեց նույն օրը, երբ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել ներկայանալու քննիչ հանձնաժողով։ Այս փաստը շատերի տարակուսանքը առաջացրեց, նույնիսկ հնչեցին տեսակետներ, որ առաջին նախագահը որոշակի գործարք է առաջարկում։ Այս թեզը երեկ զարգացրել է քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Այնպիսի տպավորություն էր, թե առաջին նախագահը այնքան էլ չի ցանկանում, որպեսզի Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, ամսի 16-ին քննիչ հանձնաժողովին հյուրընկալված լինի: Ես այդպիսի տպավորություն ստացա, որն ինձ համար ընդունելի չի: Ակամայից, բնականաբար, հարցեր են առաջանում, չէ՞ որ նույն Սերժ Սարգսյանը 16 թվականի ապրիլի 8-ին, թե 9-ին հյուրընկալվեց Տեր-Պետրոսյանի առանձնատանը, և նրանք երևի քննարկել էին ապրիլյան դեպքերի և նրա հետ կապված աշխարհաքաղաքական ինչ-որ զարգացումների վերաբերյալ խնդիրներ, և հիմա Տեր-Պետրոսյանը երևի չի ցանկանում, որպեսզի ավելորդ լարվածություն առաջանա այդ ժամանակվա պատասխանատուների, նրանց որոշումների: Ես չեմ կիսում առաջին նախագահի՝ կորոնավիրուսի հետ կապված մտահոգությունների շրջանակը, ոնց որ թե գործարք առաջարկվի՝ մի քննեք ապրիլյան դեպքերը, դրա դիմաց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը թող իրենց լրատվական կայքերին սթափության կոչ անեն, և նրանք իշխանությունների դեմ որևէ վատ բաներ չանեն»,- ասել է նա:
Այս համատեքստում բազմաշերտ հարցեր են առաջանում։ Արդյոք Տեր-Պետրոսյանն իրապե՞ս ցանկանում է «փրկել» Սերժ Սարգսյանին, ու ո՞րն է դրա մոտիվը՝ ներքաղաքական հաշիվնե՞րը, թե՞ այն գիտակցությունը, որ Ապրիլյան պատերազմն ունի նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ, որի բարձրաձայնումն այս պահին առաջին նախագահը վտանգավոր է համարում։ Իսկ միգուցե Տեր-Պետրոսյանի հոդվածն ու Սերժ Սարգսյանի հայտարարությունը նույն օրն են հրապարակվել զուտ պատահականության հետևանքով, ու պետք չէ որևէ գործարք կամ աշխարհաքաղաքական ենթատեքստ փնտրել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մեծապես ազդելու են ներքաղաքական զարգացումների ու դրանց տրամաբանության վրա։
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: