Սպասվող տնտեսական ճգնաժամի «հարվածող ալիքներից» մեկն էլ արտերկրյա տրանսֆերտների կանխատեսվող նվազումն է, եթե չասենք՝ բացակայությունը։ Հայտնի է, որ այդ տրանսֆերտների մեծ մասն ապահովում են Հայաստանից արտերկիր արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացիները, ժողովրդական լեզվով ասած՝ «խոպանչիները»։
Մեր զրուցակիցը, որը Մարտունու շրջանի Լիճք համայնքից է, արդեն 25 տարի է՝ մեկնում է արտագնա աշխատանքի, որը նրա եկամտի միակ աղբյուրն է։ Նա եւ իր բախտակիցներն այս օրերին փշերի վրա են, քանի որ հայտնի չէ, թե երբ կբացվի «խոպանի ճանապարհը»։
«Հիմա արդեն պետք է գնացած լինեինք, 5-7 ամիս գտնվում ենք դրսում, այնպես չէ, որ գնում-հավաքում-բերում ենք, լինում է, որ 2-3 ամիս չենք աշխատում, լինում է, որ աշխատածն էլ տալիս ենք ոստիկաններին, որովհետեւ հաճախ գրանցումն ավարտվում է, չենք կարողանում գալ-գնալ, նորից գրանցվել եւ այդքան ժամանակ այնտեղ աշխատում ենք անլեգալ։ Ամսական ամենաշատը բանվորն աշխատում է մոտ հազար դոլար, դա՝ լավագույն դեպքում»։
Ի՞նչ պետք է անեն, եթե թռիչքները չվերականգնվեն, հնարավո՞ր է մնան եւ գյուղի աշխատանքով ապրեն, գյուղում շինարարություն անեն, հող մշակեն՝ հարցրինք մեր զրուցակցին։ «Գյուղում գործը քիչ է, եթե ես ու դու աշխատենք, 3-րդը կմնա գործազուրկ։ Գյուղի աշխատանքն էլ օրվա հացի գումար է, դրանով ոչինչ չես անի, օրվա հացին էլ է հազիվ հերիքում»։
Կարդացեք նաև
Նա ասաց, որ եթե 2-3 ամսից էլ թռիչքները վերականգնվեն, մեկ է՝ գնալու է, սակայն կրկին վերադառնալու է աշնանը։ Նրա խոսքով՝ արտերկրում 2 ամիս էլ աշխատի, ավելի գերադասելի է, քան գյուղում մնալը:
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: