Էկոնոմիկայի նախկին նախարար, տնտեսագետ Վահրամ Ավանեսյանը մասնագիտական հաշվարկ եւ վերլուծություն է կատարել՝ կանխատեսելով, թե մենք որքան վնաս կկրենք կորոնավիրուսի պատճառով առաջացած այս ճգնաժամի, ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի հետեւանքով: Ավանեսյանը, հիշեցնենք, պետական համակարգում աշխատել է դեռ 90-ականներից, իսկ վերջին անգամ կառավարության անդամ եղել է Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք: Այժմ պետական կառավարման համակարգից դուրս է, փոխարենը նրա որդին՝ Ավագ Ավանեսյանն է կառավարությունում. էկոնոմիկայի փոխնախարարն է:
Ըստ Ավանեսյանի կատարած հաշվարկի՝ Հայաստանի տնտեսությունն արտակարգ դրություն հայտարարելու օրվանից ի վեր 20 աշխատանքային օրվա կամ մոտ մեկ ամսվա կտրվածքով այսպես մնալու դեպքում կկրի 2019 թ. մեր ՀՆԱ-ի 11 տոկոսի չափ կորուստ: Այսինքն, եթե 2020 թվականին մենք պետք է 11 տոկոսի չափով օգուտ ունենայինք, այդ օգուտը չենք ունենա: Բայց դա դեռ ամենը չէ:
«Եթե մենք 20 օր ունենանք նման տեսակի սահմանափակումներ, ոչ թե աճի տեսանկյունից, այլ կորուստների առումով՝ 2019-ի համեմատ, կունենանք 11 տոկոսի չափով ՀՆԱ-ի կորուստ: Սա բազային սցենարն է, կարող է լինել նաեւ ավելի ցածր սցենար: Բայց Հայաստանի համար կարեւոր է գնահատել նաեւ, թե ինչ է տեղի ունենալու մեր երկու՝ առաջնային եւ երկրորդային եկամուտների հետ: Հայտնի բան է․ մեկը աշխատողներն են փողը փոխանցում, մյուսը բարեկամները բարեկամներին են փողը փոխանցում, որը հիմնականում, բնականաբար, Ռուսաստանից է գալիս, եւ երկուսի մասով էլ մենք խնդիր ունենք»,- ասաց պարոն Ավանեսյանը, ապա շարունակեց.
– Իմ հաշվարկով, 120 օր կամ չորս ամիս մենք աչքի տակ պետք է ունենանք, որ Ռուսաստանում սահմանափակումները կշարունակվեն, եւ եթե այդ հաշվարկով առաջնորդվենք, ապա միայն ՌԴ-ից եկած եկամուտների մասով մենք կունենանք օրական 20 մլն դոլարի կորուստ: Եվ եթե տարեկան կտրվածքով հաշվենք, ապա, իմ գնահատականներով, մոտ 500 մլն դոլարի կորուստ կունենանք միայն Ռուսաստանից: Իսկ միայն կորոնավիրուսի առաջացրած տնտեսական հետեւանքները եթե գնահատենք՝ հաշվի չառնելով Ռուսաստանից եկող գումարները, ապա մեկ օրում մենք ունենում ենք 51 մլն դոլարի կորուստ: Իսկ եթե ՌԴ-ում 120 օր չտեւի, այլ ավելի շատ, ապա կորուստները, բնականաբար, ավելի շատ կլինեն: Եվ եթե այդ 51 միլիոնը բազմապատկում ենք օրերի քանակով՝ 20-ով, ստանում ենք 1 միլիարդից ավելի գումար՝ գումարած ՌԴ-ից այդ 500 մլն դոլարի կորուստը, ստացվում է ավելի քան 1,5 միլիարդ, որը 2019 թ. մեր ՀՆԱ-ի 11 տոկոսն է կազմում:
Կարդացեք նաև
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: