Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում կա նոր՝ հանրային, քաղաքական ընդդիմության ձևավորման անհրաժեշտություն. «Ժամանակ»

Ապրիլ 09,2020 10:30

Արցախի նախագահի ընտրության գործընթացը բնականորեն շարունակում է լինել նաև հայաստանյան հանրության ու քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում:

Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, հայտարարել է, որ ընտրությունը կատարել է Արցախի հանրությունն ու այն արտացոլում է ուժերի այս պահի դասավորությունը: Փաշինյանը հայտարարեց նաև, որ դրա մասին վկայում է այն, որ ընդամենը հարյուր ձայն չի բավականացրել թեկնածուներից մեկին նախագահ դառնալու համար, և եթե չլիներ օրինականություն, հարցերը կլուծեին առաջին իսկ փուլով: Նա մատնացույց է արել նաև Արցախի խորհրդարան անցած երկու ընդդիմադիր ուժերի, որոնց թվում՝ Սամվել Բաբայանի և Վիտալի Բալասանյանի առաջնորդած կուսակցություններն են: Իհարկե, արցախյան և հայաստանյան հանրության մի մաս համարում է, որ նրանք իրականում այնքան էլ ընդդիմություն չեն, կամ ընդդիմություն են խիստ պայմանականություններով: Սակայն բուն խնդիրը, թերևս, այստեղ չէ: Բուն խնդիրն ըստ երևույթին այն է, որ Արցախում իրապես առկա է ուժերի այս պահին եղած հարաբերակցությունն արտահայտող պատկեր: Այլ հարց է, թե ինչպիսին է այդ ուժերի հարաբերակցության որակը և բովանդակությունը, սակայն մի բան, թերևս, հստակ է, որ Արցախի հանրությունն ունեցել է այդ հարաբերակցությանը շոշափելիորեն դեմ արտահայտվելու հնարավորություն, բայց չի օգտագործել այդ հնարավորությունը:

Անշուշտ եղել են ընտրական գործընթացի տարրեր, ընդ որում՝ գործընթաց ասվածի ավելի լայն շրջանակով, քան զուտ քվեարկությունը, որոնք, մեղմ ասած, խնդիր ունեն օրինականության, քաղաքականության տարրական սկզբունքների հետ: Սակայն դա ևս ուժերի առկա հարաբերակցության մաս է, որը դարձյալ չունի արցախյան հանրության այնպիսի ընդդիմություն, որ դրսևորման առումով բախվեր էական խնդիրների: Իրավիճակն այդ տեսանկյունից իսկապես բարդ է, և հատկապես բարդանում է Հայաստանի հետ միասնական, թե երկսուբյեկտ տրամաբանությամբ հարաբերակցության լայն «դիսկուրսի» պայմաններում, առնչվելով նաև Հայաստանում հեղափոխության արցախյան շարունակությանը: Անկասկած է, որ Արցախում տեղի ունեցած շարունակությունը հեղափոխական չէ և դա քաղաքական որոշման արդյունք է: Մյուս կողմից, սակայն, այդ որոշումը թերևս հիմնված է մի շարք ռացիոնալ հանգամանքների վրա, որ թելադրված են արցախյան իրականության մեջ ուժերի հարաբերակցության առկա պատկերով: Այդ տեսանկյունից, անկասկած է, որ Արցախում կա նոր՝ հանրային-քաղաքական ուժի ձևավորման անհրաժեշտություն կամ, այլ կերպ ասած, հանրային, քաղաքական ընդդիմության ձևավորման անհրաժեշտություն, որը կփոխի առկա պատկերի վերաբերյալ հանրության վերաբերմունքը գործի, ոչ միայն խոսքի մակարդակում, այդպիսով փոխելով նաև ուժերի հարաբերակցությունն ավելի կայուն մրցակցային հեռանկարով: Անկասկած է, որ այդ խնդիրը լուծել «ի բնե» անկարող է խորհրդարան մտած որևէ ուժ: Հարցն այն է, թե խորհրդարան չմտած ուժերից ով է կարող լինելու այդ կարևոր խնդիրը լուծել:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930