Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ հարցը պետք է տալ նախագահներին»

Ապրիլ 09,2020 11:00

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ «Առավոտը» զրուցել է Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը սառեցնելու մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկի եւ Սերժ Սարգսյանի` հանձնաժողով ներկայանալու հայտարարության մասին:

– Նախօրեին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ի թիվս այլ առաջարկների, նաեւ խորհրդարանում ստեղծված «ապրիլյան հանձնաժողովի» գործունեությունն էր առաջարկել կասեցնել: «Սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»,- ասված էր Տեր-Պետրոսյանի հոդվածում:

Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս առաջարկին` նկատի ունենալով, որ իշխանության համար այս հանձնաժողովի գործունեությունը սկզբունքային էր:

– Ես կարող եմ արտահայտել այն տեսակետը, որին կողմնակից եմ եղել եւ ես, եւ իմ մեծ ռազմական կոլեկտիվը, եւ իմ բոլոր մարտական ընկերները: Ապրիլյան պատերազմում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության հետ՝ վերաբերվող մասով, ինչպես նաեւ աջակցություն ստանալով այն մեծ կամավորական շարժումից, որը եղավ թե Հայաստանից, թե սփյուռքից,  իր առջեւ դրված խնդիրն ապրիլյան պատերազմի ժամանակ կատարել է: Ի հաշիվ պաշտպանության բանակի հրամանատարության՝ մարտական օղակներում կցել է հրամանատարների, զինվորների, սերտ համագործակից գործողություններով, մարտավարական հնարքներով պաշտպանել է այն սահմանները, որոնք այսօր Արցախի Հանրապետությունն են կազմում: Այս ամենը հաշվի առնելով՝ մենք բանակում մի մեծ վերլուծություն ենք արել, որի արդյունքում համապատասխան եզրակացություններ ենք կատարել, որոնք էլ հիմք են հանդիսացել եւ Հայաստանի Հանրապետության, եւ Արցախի Հանրապետության զինված ուժերի հետագա զարգացման համար: Այն զարգացման պլանները, որ մենք ունեցել ենք, մեծ փոփոխությունների չեն ենթարկվել: Այդ ամենը մեր կանխատեսումներն են՝ գործողությունների, պատրաստությունների, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման մասով: Մեր եզրակացության արդյունքում համապատասխան գործողություններ են մշակվել եւ պաշտպանության բանակում, եւ զինված ուժերում: Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր մասնագիտության տեր պիտի զբաղվի իր հիմնական գործողությամբ, ներառյալ այդ ոլորտում վերլուծություններ անելը, եզրակացություններ անելը, առաջարկություններ անելը: Զինվորականությունը գիտի, թե ինչ է արել եւ ինչով է այսօր զբաղվում: Փառք Աստծո, այսօր էլ հայկական զինված ուժերն ու Արցախի բանակն իրենց զարգացման տեմպերն ապահովում են: Ես նաեւ ասել եմ հետեւյալը. քանի որ մեր եզրակացություններին հանգել ենք զինված ուժերում, ավելորդ էր Ազգային ժողովում նման հանձնաժողով կազմելը: Ես՝ նրանց փոխարեն, չէի կազմի: Ընդհակառակը, եթե անհրաժեշտություն կար, ապա ԱԺ-ի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը կարող էր սերտ աշխատել պաշտպանության նախարարության հետ՝ գաղտնիության շրջանակներում: Բայց արդեն կազմվել է, եւ այս ամենը հանրային հնչեղություն է ստացել: Ինքս էլ հրավիրվել եմ այնտեղ, պարզաբանումներ եմ տվել՝ լրացնելով տեղեկությունների այն բացը, որն առկա էր: Ես գտնում եմ, որ այժմ պետք է արագ ավարտել հանձնաժողովի աշխատանքը, եզրակացություններ տալ պաշտպանության նախարարությանը, եթե կան նոր տեսակետներ, նոր հայացքներ զինված ուժերի զարգացումն ապահովելու համար, եւ տեղեկատվություն տալ հանրությանը:

Իհարկե, գործողությունների մեջ թերություններ եղել են, բայց հանրությանը պետք է ներկայացնել այն, ինչ կա, այդ թվում այն հերոսությունները, որ կատարել է մեր բանակը: Կարծում եմ, որ հանրությունը պետք է հասկանա, որ այդտեղ որեւէ դավադրություն չի եղել, բացառությամբ մեկի՝ թուրք-ադրբեջանական դավադրության, որը պատմության ողջ ընթացքում թե հայերի, թե տարածաշրջանի համար հակառակորդ է եղել: Զինված ուժերը, Պաշտպանության բանակը, ժողովուրդը՝ կամավորական շարժմամբ, իրենց առջեւ դրված խնդիրն իրականացրել են: Այս ամենը հաշվի առնելով` հետագայում պետք է կառուցել բանակ-ժողովուրդ համագործակցությունը, որովհետեւ երկուսն էլ պատրաստ են մեր երկրի պաշտպանությանը: Պաշտպանության կազմակերպումը նշանակում է նաեւ տարածաշրջանում խաղաղության ապահովում եւ պարտադրում:

– Պարոն Օհանյան, նախօրեին հայտնի դարձավ, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է գնալ խորհրդարանական հանձնաժողով, պարզաբանումներ տալ եւ պատասխանել հարցերին: Սա շատերի համար, կարծեք թե, անսպասելի էր: Ձեր կարծիքով, կապ ունե՞ր, արդյոք, երրորդ նախագահի հայտարարությունը առաջին նախագահի՝ հանձնաժողովի գործունեությունը սառեցնելու առաջարկի հետ:

– Ես կարծում եմ, որ այս հարցերը պետք է տալ նախագահներին: Իսկ այն, որ երրորդ նախագահը հանձնաժողով այցելելու եւ պարզաբանումներ տալու պատրաստակամություն է հայտնել, ըստ իս, ճիշտ քայլ է, որովհետեւ շատ դեպքերում, երբ նման իրադրությունն անտեսվում է, մյուս կողմի՝ հարցը քննողի համար, տեղիք է տալիս կարծելու, որ անձը չի ուզում տեղեկություններ տալ: Ուստի, անհրաժեշտություն կա այցելելու եւ մասնագիտական պարզաբանումներ տալու: Չնայած, նաեւ կարծում եմ, որ որոշ հարցերի պատասխաններ «Հաղթանակի ապրիլ» ֆիլմը տվեց: Ուզում եմ շատ շատերին մենք պատասխան տանք առ այն, որ դավաճանություն չի եղել, դավաճանները հենց դավաճանության մասին խոսողներն են:

– Ի դեպ, այդ ֆիլմի շուրջ քննարկումներ ընթացան, նաեւ քննադատություններ եղան: Ի՞նչ եք կարծում, ֆիլմն ամբողջապես լուսաբանո՞ւմ էր ապրիլյան իրողությունները:

– Գտնում եմ, որ եթե մենք Արցախյան ազատամարտի յուրաքանչյուր օպերացիային գնահատականներ տանք, ապա յուրաքանչյուրում էլ կարող ենք առանձնացնել դրական եւ բացասական կողմերը: Բայց, ի վերջո, արցախյան ազատամարտի ժամանակ մենք հաղթանակներ ենք տարել նույն մարդկանց գլխավորությամբ: Հետագայում, ապրիլյանում նույնպես մեր բանակն իր խնդիրը կատարել է: Սպաները եւ զինվորներն իրենց գործողություններով արտահայտել են իրենց պատրաստակամությունը: Իսկ նրանք իրենց տանը զինվորական մասնագիտություն չեն սովորում: Եթե զինվորը լավ տանկիստ է, կամ հակատանկիստ, կամ հրետանավոր, եւ խոցելով հակառակորդին` իր առջեւ դրված խնդիրը փայլուն կերպով կատարել է, սա նշանակում է, որ նա պատրաստության մի մեծ ավանդական ճանապարհ է անցել, որի ընթացքում սերունդներ են փոխվել: Ֆիլմը նայելով՝ մենք պետք է ինքներս եզրակացություն  անենք. ֆիլմի նպատակն է ցույց տալ, որ որեւէ դավադրություն կամ պայմանավորվածություն չի եղել, մարտական գործողությունները ծավալվել եւ ձնագնդի նման լայն թափ են ստացել, որի ընթացքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումներն իրենց խնդիրը կատարել են՝ խափանելով Ադրբեջանի բանակի բոլոր նպատակները:

-Պարոն Օհանյան, Ձեր ասածի համատեքստում խնդրահարույց չէ՞ր Յուրի Խաչատուրովի՝ խորհրդարանական հանձնաժողով ներկայանալուց հրաժարվելու քայլը: Թեեւ օրենքը չի պարտադրում, եւ նա ազատ է իր որոշման մեջ, բայց զուտ բարոյականության տեսանկյունից խնդրահարույց չէ՞ր նրա չգնալը:

– Յուրի Խաչատուրովը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, տեղեկություններ ստանալով Արցախի Հանրապետության տարածքում գործողությունների ծավալման մասին՝ նա անմիջապես ներկայացել է իր մարտական կառավարման կետ եւ սկսել է իրականացնել իր առջեւ դրված խնդիրները: Նա կատարել է համագործակցության շրջանակում իր պարտականությունները: Գործողություններն ավարտելուց հետո Խաչատուրովը իմ եւ Արցախի պաշտպանության նախարարի հետ իրականացրել է նշածս վերլուծությունները: Այսինքն, այն, ինչ ինքը պետք է ասի, արդեն իսկ նշված է վերլուծության նյութերում: Յուրաքանչյուր ոք ազատ է իր գործողություններում: Ես չեմ կարող Խաչատուրովին պարտադրել: Ընդ որում, նա իր նամակում ասել է, որ հանձնաժողովին ներկայացրած վերլուծության նյութերը խոսում են այն մասին, որ մենք մեր առջեւ դրված խնդիրն իրականացրել ենք եւ այնտեղ էլ նշված են բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է Յուրի Գրիգորիչը: Ես նրան համարում եմ մեր լավագույն ռազմական առաջնորդներից, լավագույն գեներալներից մեկը, իսկ մնացած հարցերը՝ կապված բարոյականության հետ, իր ամբողջ ծառայության ընթացքում ցույց է տվել: Բացի հրամանատարից, նա նաեւ բարոյական անձնավորություն է: Մնացած հարցերը կարող եք իրեն տալ:

– Պարոն Օհանյան, հանրությանն այդպես էլ պարզ չդարձավ, թե ով էր այն գեներալը, ով շարունակել էր բիլիարդ խաղալ եւ լուրջ չէր վերաբերվել ռազմական գործողությունների ծավալման մասին ահազանգին:

– Դրանք հնարված տեղեկություններ են: Չի կարող զինված ուժերում լինել մի գեներալ, ով լսի, որ մարտական գործողություններ են ծավալվել եւ շարունակի բիլիարդ խաղալ: Ես ոչ թե 100, այլ ավելի տոկոս համոզված եմ, որ այդպիսի բան չի եղել, մանավանդ եթե խոսքը գնում է Գլխավոր շտաբի պետի մասին, ով անմիջապես ներկայացել է իր կառավարման կետ եւ ղեկավարել իր գործողությունները:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 «Առավոտ» օրաթերթ
09.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930