Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելության եւ թշնամանքի մասին

Ապրիլ 09,2020 10:00

Հայաստանի Առաջին նախագահը հանդես է եկել ուղերձով՝ իրավիճակի հետ կապված: Ինքնին այդ փաստը ողջունելի է, որովհետեւ Տեր-Պետրոսյանն ունի բազմաթիվ կողմնակիցներ, որոնք սպասում էին նրա խոսքին: Ուղերձի հիմնական կոչերին, կարծում եմ, կմիանա ցանկացած բանական մարդ՝ կատարել առողջապահության նախարարության պահանջները, պահպանել արտակարգ դրության ռեժիմը, չխանգարել իշխանություններին, որոնք, այո, ընդհանուր առմամբ կարանտինային միջոցառումներն ու այլ սահմանափակումներն իրականացնում են «ճիշտ ուղղությամբ» (թերությունները չհաշված):

Ուղերձում տեղ գտած Տեր-Պետրոսյանի երկու առաջարկները միանգամայն տեղին են: Շատ ցանկալի կլիներ սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, ինչպես նաեւ արագ ու առանց ավելորդ քաղաքական աժիոտաժի ձեւավորել Արցախի նոր իշխանության մարմինները: Հանձնաժողովի հետ կապված՝ ընդհանրապես կասկածներ ունեմ դրա ձեւավորման անհրաժեշտության վերաբերյալ, եթե չկա «նախկիններին» մեղադրելու զուտ քարոզչական նպատակ, իսկ Արցախում կայունության հրամայականը, հավանաբար, հավելյալ մեկնաբանությունների կարիքը չունի:

Ուղերձում կան նաեւ վիճելի դրույթներ: Համաձայն չեմ, որ Երկրորդ եւ Երրորդ նախագահի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն այս պահիս «կատաղի պայքար» են մղում իշխանությունների դեմ: Անցած երեք տասնամյակների ընթացքում քաղաքական քարոզչության շատ ավելի սուր դրսեւորումների ենք ներկա եղել: Օրինակ, Դաշնակցությունն ու ԱԺՄ-ն ավելի «կատաղի պայքար» էին մղում Տեր-Պետրոսյանի իշխանության դեմ (այդ թվում՝ 1992-94 թվականների պատերազմի ժամանակ), իսկ ՀԱԿ-ի պայքարը Սերժ Սարգսյանի իշխանության դեմ նույնպես բավականին «կատաղի» էր եւ զերծ չէր ատելության եւ թշնամանքի քարոզից, որն այժմ իր ուղերձում Առաջին նախագահը մերժում է: Չնայած 2008-2012 թվականներին շատ ակտիվ մարտական գործողություններ չէին ծավալվում, բայց, երեւի բոլորը կհամաձայնեն, որ, հաշվի առնելով Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, ըստ էության, մշտապես ենք գտնվում պատերազմական վիճակում: Դրան կարելի է ավելացնել նաեւ, որ ներկայիս վարչապետի՝ սահմանադրական հանրաքվեի հետ կապված քարոզչությունը Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում, երբ արդեն սկսվել էր կորոնավիրուսի տարածումը, նույնպես աչքի չէր ընկնում մեղմությամբ եւ զսպվածությամբ: Այնպես որ, այո, «նախկինների» շահերը ներկայացնող լրատվամիջոցները այժմ էլ են շարունակում քաղաքական պայքարը: Իշխանական լրատվամիջոցները նույնպես, հակառակ կողմից, այդ պայքարի մեջ են, բայց, որքան ես եմ հետեւում, երկու դեպքում էլ այդ «փոխհրաձգությունը» չունի արտառոց դրսեւորումներ: Եվ իսկապես արժե, որ երկու կողմերն է՛լ ավելի մեծ զսպվածություն դրսեւորեն:

Իսկ ատելություն եւ թշնամանք որեւէ մեկի նկատմամբ պետք չէ սերմանել երբե՛ք՝ ո՛չ կորոնավիրուսի ժամանակ, ո՛չ էլ դրանից հետո:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930