Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱՀ նախագահ Բակո Սահակյանին
Ի նկատի ունենալով Արցախի Հանրապետությունում նախագահի եւ ԱԺ ընտրությունների շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը.
1.Ողջ աշխարհում բռնկված համաճարակի Արցախում տարածումը կանխելու նպատակով նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը կոչով դիմել է, որ հետաձգվի երկրորդ փուլի ընտրությունները: Նախագահի նյուս թեկնածուն՝ Արայիկ Հարությունյանն իր հերթին, նկատի ունենալով վիրուսի տարածման վտանգը, հայտարարել է, որ ինքը համայնքներում հանդիպումներ չի անցկացնելու: Այսինքն, ընտրությունների երկրորդ փուլին հասած երկու թեկնածուները ընդունում են, որ Արցախում եւս համաճարակի տարածման վտանգ կա: Ընտրությունների երկրորդ փուլի անցկացման դեպքում միայն մեկ վարակակիրը կարող է վարակել հազարավոր մարդկանց, որն էլ շղթայական տարածմամբ աղետալի իրավիճակ կստեղծի երկրամասում:
2.Նախագահի եւ Ազգային ժողովի առաջին փուլի ընտրություններից հետո Արցախում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ: Հանրության մի մասը, նկատի ունենալով բազմաթիվ ընտրախախտումները, բողոք է արտահայտում, պահանջելով ընտրությունների չեղարկումը: Անարդարությունից դժգոհությունը կարող է վերաճել ավելի զանգվածային ցույցերի, որն անկայուն իրավիճակ կստեղծի հարեւան երկրի՝ Ադրբեջանի հետ փաստորեն սուր հակամարտության մեջ գտվող Հայոց երկու պետությունների համար:
Կարդացեք նաև
Արտահայտելով Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մտավորականության կարծիքը, առաջարկում ենք Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը հետաձգել մինչեւ սույն թվականի հոկտեմբեր ամիսը, երբ անցած կլինի համաճարակի վտանգը, կամ թե՝ չեղարկել նախագահի եւ ԱԺ ընտրությունների խիստ կասկածելի արդյունքները եւ նշանակել նոր ընտրություններ՝ միջոցներ ձեռնարկելով, որպեսզի այն անցնի առանց ընտրախախտումների, իսկ թեկնածուներից ոչ ոք կապված չլինի կոռուպցիայի, այլ հանցանքների հետ:
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«ՇՈՒՇԻ» հիմնադրամի նախագահ գրող, հրապարակախոս
«Առավոտ» օրաթերթ
08.04.2020