Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը «ԴատաԼեքսից» է տեղեկացել ոստիկանների դեմ գործով երրորդ անձ ճանաչվածի մասին

Ապրիլ 09,2020 13:30

Մայիսի 3-ին դեռ երկար ժամանակ կա, սակայն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա. Ստեփանյանը Աղավնի Հովսեփյանին է ուղարկել նրա բողոքը մերժելու մասին փետրվարի 1-ի որոշումը:

«Հայփոստի» աշխատակիցը դեռ 10 օր առաջ խմբագրություն էր բերել նամակ, որն ուղարկել էր Նորագյուղի բնակիչը` Աղավնի Հովսեփյանը: Նամակ-բողոքը ուղարկվել էր ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԱԾ, դատական մարմիններին, գլխավոր դատախազին ու ոստիկանապետին, ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին:

Ըստ «Առավոտի» նամակագրի, վարչական կարգով Մարիաննա Սահակյանին իր սեփական տնից չվտարելու, քրեական պատասխանատվության չենթարկելու համար տասնյակ դիմումներ է ուղարկել նշյալ մարմիններին: Այդ դիմումներն, ըստ էության, անարձագանք են մնացել, որեւէ պատասխան, գործողություն չի կատարվել: Նամակագիրը խնդրում է իր անձը դնեն հսկողության տակ, որպեսզի ոստիկանները ճնշման տակ իրենից սպառնալիքով որեւէ ցուցմունք, գրավոր բացատրություն չստանան: Նամակին կից կային մի շարք փաստաթղթեր. բացատրություն, այս տարվա հունվարի 14-ի թվագրմամբ, արձանագրությունն այդ մասին, Արաբկիրի դատախազ Խաչատրյանին ուղղված դիմումը, համայնքի քննչական բաժնի պատասխանը: Փաստաթղթերի տրցակի մեջ ուշադրություն գրավեց ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի պատասխանը Աղավնի Հովսեփյանին:

Պատգամավորը գրում է. «ԴատաLեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացա, որ Ձեր մասնակցությամբ, որպես երրորդ անձ, ՀՀ վարչական դատարանն անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին կայացրել է վճիռ, որով հայցվոր Մարիաննա Սահակյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության, պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին, մերժվել է»: Պատգամավորը հայտնել էր նաեւ այն մասին, որ ՀՀ վարչական դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Աղավնի Հովսեփյանին է պատկանում Երեւանի Գր. Արծրունու փողոցի 90 շենքի 1 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը: Ասել է, թե սեփականատերը վիճելի բնակարանի նկատմամբ «Առավոտին» դիմած քաղաքացին է:

Այն, որ բողոքաբերը վիճելի տան սեփականատերն է, հաստատվում է նաեւ համատիրության կողմից տրված, լուսանկարում պատկերված տեղեկանքից: Ի դեպ, նրա բնակարանն ապօրինի տիրապետողի` հայցվորի պարտքի գումարն էլ անցել էր 130 000 դրամի սահմանը: Նշեմ նաեւ, որ մեկ այլ փաստաթղթի համաձայն էլ, բացի Աղավնիից, այդ բնակարանում` «այդ հասցեում հաշվառված անձ չկա»:

Աղավնի Հովսեփյանի գործի նյութերին ծանոթանալով, պարզեցի, որ անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից քրեական գործի նյութեր նախապատրաստելու համար, Արաբկիրի քննչական բաժին է ուղարկվել Աղավնի Հովսեփյանի դիմումը: Վերջինս տեղեկացրել է, որ անցյալ տարվա մայիսի 30-ին օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ, Մարգարիտ Համբարձումյանից գնել է վիճելի բնակարանը, սակայն վաճառողի մերձավոր ազգականը` Մարիաննա Սահակյանը, չի ազատում իր գնած բնակարանը, անօրինական բնակվում է այդ բնակարանում:

Ինքնիրավչության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Աղավնի Հովսեփյանը ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում տուժողը ծանուցվել է գնալ քննչական բաժին, չի գնացել, եւ նրա նկատմամբ բերման ենթարկելու մասին որոշում են կայացրել:

Ա. Հովսեփյանը մեր լրատվամիջոցին ուղղված նամակում գրել էր, որ հաճախակի է տեսել մարդկանց, ովքեր իր բնակարանը զբաղեցրածի հետ են շփվում, նաեւ սպառնում են իրեն:

Այս տարվա հունվարի 29-ին Ա. Հովսեփյանը դիմել է գրավոր` քննիչ Լիլիթ Կարապետյանին փոխելու համար: Ըստ էության, քանի որ Ա.Հովսեփյանը մենակ է իրացրել իր իրավունքները, դա նշանակում է՝ բացարկի միջնորդության հետ գործ ունենք, եւ նա բացարկ է հայտնել քննիչին: Վերահսկող դատախազը բացարկը մերժել է, նշելով, թե քաղաքացին չի հիմնավորել, թե ինչու չի ուզում, որ իր գործը քննի այս քննիչը, որեւէ փաստական տվյալ ձեռք չի բերվել այն մասին, որ կին քննիչն ունի կանխակալ վերաբերմունք կամ` մյուս կողմերի նկատմամբ ունի որոշակի վերաբերմունք:

Իսկ ինչ էր տեղի ունեցել վարչական գործի շրջանակներում. մինչ դատական քննությունը, հայցվորը` Աղավնի Հովսեփյանի տունը զբաղեցնողը խնդրել էր արգելել ՀՀ ոստիկանությանը վիճելի բնակարանից իրեն վտարելու գործողությունները:

30.05.2019 թվականին Մարգարիտ Համբարձումյանի (վաճառող) եւ Աղավնի Հովսեփյանի (գնորդ) միջեւ կնքվել է անշարժ գույքի՝ ք. Երեւան, Գր. Արծրունու փողոց, 90 շենք, 1 բնակարան հասցեում գտնվող բնակարանի առուվաճառքի պայմանագիրը: Փաստացի նշված անշարժ գույքը սեփականության իրավունքով անցել է Աղավնի Հովսեփյանին առուվաճառքի գործարքով, հետեւաբար, ըստ դատարանի, նշված անշարժ գույքի հետ կապված բոլոր տեսակի իրավունքներն իրականացնելու բացառիկ իրավունքը պատկանում է միայն Աղավնի Հովսեփանին:

Հայցվորը հայտնել էր, թե հաշվառված է այդ հասցեում, մինչդեռ լուսանկարում երեւում է պաշտոնական փաստաթուղթ, որտեղ նման բան չկա: Ըստ դատարանի, եթե անգամ նա հաշվառված լիներ վիճելի հասցեում, մինչեւ նշված բնակարանն Աղավնի Հովսեփյանի կողմից գնելը, բնակարանն Աղավնի Հովսեփյանի կողմից ձեռքբերման ժամանակ առուվաճառքի պայմանագրով հստակ սահմանվել է բնակարանն ազատելու եւ հաշվառումից դուրս գալու ժամկետը՝ 01.07.2019 թվականը, եւ այդ պարտավորությունն ստանձնել է ոչ թե հայցվորը, այլ անշարժ գույքի նախկին սեփականատեր եւ պայմանագրով որպես վաճառող հանդես եկող անձը՝ Մարգարիտ Համբարձումյանը, եւ հենց նա է կրում պայմանագրով նախատեսված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունը: Բնակարան ներխուժողի նկատմամբ Աղավնի Հովսեփյանի պահանջը վերաբերում է միայն նրա կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարանն ազատելուն, իսկ այդ պահանջն ընդհանրապես որեւէ առնչություն չունի 30.05.2019 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի հետ:

Դատարանը հանգել էր նրան, որ ոստիկանության աշխատակցի գործողություններն օրինական են: Հայցվորը հայտնել էր, որ 15.07.2019 թվականին ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժին ներկայացված դիմումով ինքը խնդրել է Մարիաննա Սահակյանին՝ որպես ներխուժող, վտարել ք. Երեւան, Գր. Արծրունու փողոց, 90 շենք, թիվ 1 բնակարան հասցեից: ՀՀ ոստիկանության Արաբկիր բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ս. Մկրտչյանի 23.07.2019 թվականի՝ «Բնակարան այցելելու վերաբերյալ» արձանագրությամբ Մարիաննա Սահակյանին տրվել է մինչեւ 01.08.2019 թվականը, ժամը 17:00-ն ժամկետ՝ վերջինիս կողմից վերը նշված հասցեն ազատելու նպատակով, որից հետո արձանագրությունում համառոտ կերպով ներառվել է հայցվորի առարկությունը: Հայցվորը, մինչ այդ բնակարանը վաճառվելը, բնակվել է վիճելի հասցեում նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 «Առավոտ» օրաթերթ
08.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930