Ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ «Ա1+»-ը զրուցել է ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ տնտեսական խնդիրների եւ հնարավոր անելիքների մասին։
– Պարոն Սաֆարյան, բիզնեսը, աշխատանքն այսպես համատարած կանգնեցնելն ի՞նչ հետևանք կունենա մեր երկրի տնտեսության վրա:
– Նախ պետք է հնարավոր տնտեսական խնդիրներին պատրաստվել: Ցավոք սրտի, մենք ծանր վիճակ ունեցել ենք 2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ: Իհարկե, հիմա դժվար է բացասական հետևանքների չափի կամ խորության մասին կանխատեսում անելը, բայց պետք է նախապատրաստվել, պետք է նաև պատրաստել մեր հանրությանը:
Կարդացեք նաև
Միաժամանակ պետք է մտածել աստիճանաբար որոշ սահմանափակումները թուլացնելու մասին, որոնք կորոնավիրուսի տարածման վրա մեծ ազդեցություն չեն ունենա: Մարդիկ արդեն պետք է հասկանան, որ առաջիկայում պետք է ձգեն գոտիները, և այնպես չէ, որ կյանքը կամ սոցիալական-տնտեսական վիճակը նույն կերպ է լինելու, որ այս փոփոխությունները մարդկանց նյութական վիճակի վրա չեն ազդելու: Հաստատ ազդելու են: Բայց նախապատրաստման տպավորություն շատ չի զգացվում, առայժմ տեղեկատվություն չկա, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում: Նաև պետք է ծախսերը կրճատվեն, ինչ-որ միջոցառումներ վերանայվեն:
– Կառավարությունն այս ճգնաժամը թեթևացնելու համար մարդկանց ու բիզնեսին աջակցելու համար գործարկել է 9 ծրագիր, որոնց համար բավականին մեծ գումարներ է հատկացրել: Ձեր կարծիքով, դրանք որքա՞ն արդյունավետ կարող են լինել:
– Այդ ծրագրերի մի մասն, այսպես ասած, օպերատիվ բնույթ ունեն` կրակը հանգցնելու նպատակ ունեն: Մյուս ծրագրերը, որոնք հավակնում են մեղմելու հետագա տնտեսական անկումները, դեռևս քննարկման անհրաժեշտություն ունեն: Ես հիմա պատրաստ չեմ դրանք ամբողջ խորությամբ դիտարկելու, բայց որոշակի դրական ազդեցություն կունենա: Փոքր ու միջին բիզնեսին օգնելու և վարկավորելու ծրագրերը հավակնում են ոչ թե օպերատիվ խնդիրները լուծելու, այլև` հեռանկարային, դրանց ազդեցությունը ամիսներ հետո կզգացվի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: