Ապրիլի 8-ին ժամը 11։00 դրությամբ՝ Հայաստանում մինչ օրս իրականացված թեստերից՝ 4571-ի պատասխանը եղել է բացասական, իսկ 881-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այսինքն, ընդհանուր առմամբ, առ այսօր իրականացվել է 5452 թեստ։
Ըստ պաշտոնական տվյալների, ապրիլի 6-ին Հայաստանում արձանագրվել է վարակի 11 նոր դեպք, իսկ ապրիլի 8-ի առավոտյան հրապարակվել է 28 թիվը։ Օգտվելով վերջին օրերի վիճակագրությունից՝ իշխանություններն արդեն սկսել են խոսել համաճարակի կառավարելիության և դրական դինամիկայի մասին։ Մինչդեռ, Հայաստանում առ այսօր շատ քիչ թվով թեստ է իրականացվել։ Մոտ 5500 թեստը մոտավորապես այնքան է, որքան այլ պետություններում արվում են երկու օրվա ընթացքում։ Համեմատության համար, Ադրբեջանը իրականացրել է մոտ 40 000 անձի թեստավորում, Գերմանիան միլիոն բնակչի հաշվարկով իրականացրել է 10960 թեստավորում, իսկ Իսլանդիան՝ արդեն 77000 թեստավորում, մեզնից մոտ 50 անգամ ավել։ Հետևաբար, իրականացված թեստերի քանակից ելնելով՝ խոսել համաճարակի կառավարելիության կամ դրական ցուցանիշների, կորի հարթեցման մասին, մեղմ ասած լուրջ չէ։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ թեստերը հիմնականում իրականացվում են մեկուսացվածների շրջանում և չեն ընդգրկում լայն աշխարհագրություն։
Համաճարակային իրավիճակի կառավարման համար վիճակագրական լուրջ տվյալներ են պետք, որոնք կարող ենք ստանալ միայն ու միայն շատ թեստավորումների միջոցով։ Այս ճանապարհով են գնում աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրները։ Ա՛յս ճանապարհն է թույլ տալիս համավարակը դարձնել վերահսկելի և կառավարելի, ունենալ կոնկրետ պատկերը։
Եթե նայենք թվերին և դինամիկային ստացվում է՝ մինչ այսօր իրականացված թեստերի մոտ 16%-ը եղել է դրական։ Եթե նայենք օրական կտրվածքով՝ դրական թեստերի ցուցանիշը տատանվում է 10-18%։ Օրինակ վերջին երեք օրերին պատկերը հետևյալն է.
Կարդացեք նաև
6.04.2020 Հերքվել է 252, հաստատվել 11. Ընդհանուր արվել է 263 թեստ:
7.04.2020 Հերքվել է 191, հաստատվել 20. Ընդհանուր արվել է 211 թեստ:
8.04.2020թ. Հերքվել է 284, հաստատվել 28. Ընդհանուր արվել է 312 թեստ:
Թեստավորման քանակը չափազանց փոքր է: Այն չի կարող մեր երկրում եղած իրական պատկերը արտացոլել: Մի պահ պատկերացնենք օրական 300-500 թեստի փոխարեն իրականացվի 3000-5000 թեստ, ինչպիսի՞ պատկեր կունենանք։ Գուցե պարզվի, որ ունենք օրական ոչ թե 30-80 վարակված, այլ երեք հարյուրից ութ հարյո՞ւր։ Մյուս կողմից չենք կարող հաշվի չառնել, որ այս համավարակը տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով և ունի բավական երկար գաղտնի շրջան, շատ դեպքերում էլ՝ հաղթահարվում է անսիմպտոմ։ Եվ այս պարագայում խոսել փոքր թվերի, կառավարելիության, դրական դինամիկայի մասին, սահմանափակումների ռեժիմի հնարավոր թուլացման և բնականոն կյանքին վերադարձի մասին, մեղմ ասած լուրջ չէ, որը կարող է ժամանակավոր հանգստացնող, թուլացնող էֆեկտ ունենալ, իսկ իրականում սրել առանց այն էլ լուրջ իրավիճակը։
Արման Պետրոսյան
«Իմ Ձայնը» նախագիծ