Ապրիլի 7-ին Սիսիանում միջադեպ է գրանցվել ոստիկանության ծառայողների և քաղաքացիների միջև: Ոստիկանները բռնություններ են կիրառել քաղաքացիների նկատմամբ: ՀՔԱՎ գրասենյակն, արձագանքելով լրատվամիջոցների հրապարակումներին, ձեռնամուխ է եղել իրավիճակի պարզաբանմանը: Գրասենյակի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Սիսիանի մաքսատան հարևանությամբ և կապված եղել պարետատան սահմանած ռեժիմի պահպանման հետ։ ՀՀ Ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մուրադյանի գլխավորությամբ, բռնություն են գործադրել Սիսիանի բնակիչներ՝ Մայիս, Մարտին և Արմեն Հարությունյանների նկատմամբ: Նրանցից Մարտին Հարությունյանն, ի դեպ, Սիսիան համայնքի ավագանու անդամ է:
ՀՔԱՎ գրասենյակին հայտնի է դարձել նաև, որ Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Մուրադյանը հայհոյանքներ է հասցրել այդ քաղաքացիներին, անգամ բռնություն գործադրել՝ հարվածելով նրանց։ Մարտին և Արմեն Հարությունյանները տեղափոխվել են Ոստիկանության Սիսիանի բաժին, ուր ևս բռնության են ենթարկվել։
Մարտին Հարությունյանի ինքնազգացողությունը վատացել է և նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն: Ավելի ուշ՝ ոստիկանի ուղեկցությամբ, բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև վնասվածքներ ստացած Արմեն Հարությունյանը։
Մանրամասները՝ այստեղ