Սիսիանում երեկ ոստիկանների հետ միջադեպից տուժած երեք քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին Aravot.am-ին ասաց տուժածների եղբայրը՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Ներսես աբեղա Հարությունյանը
«Վերջին անգամ գիշերն եմ խոսել հորեղբորս տղայի հետ, հիվանդանոցում էր եղբորս հետ, հետո իմացա, որ այսօր առավոտյան դուրս են գրվել ու գնացել են քննչական՝ ցուցմունք տալու: Միջադեպից տուժել են եղբայրս, հորեղբորս որդին ու հայրս»,- ասաց Ներսես աբեղա Հարությունյանը:
Ըստ նրա՝ իր եղբայրները միասին դրսում են եղել, նրանց մոտեցել են երկու ոստիկան, պահանջել պարետի սահմանած ձեւաթուղթը, որը քաղաքացիները պետք է ունենան դուրս գալիս, նրանք ցույց են տվել, այնուհետեւ ոստիկաններն ասել են՝ ազատ եք. «5 րոպե էլ չի անցել ոստիկանները նրանց հետեւից գնացել են ու նորից նույն թուղթն են պահանջել, եղբայրներս ըմբոստացել են, թե 5 վայրկյանը մեկ պետք է կանգնեցնեք ու թուղթ պահանջեք, եւ լեզվակռիվ է սկսել իրենց միջեւ, հետո բաժանվել են, եղբայրս հորեղբորս որդու հետ գնացել են եղբորս աշխատանքի վայր, որտեղ նաեւ հայրս է եղել:
Այնուհետեւ երկու ոստիկան են եկել ու ասել, որ Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարն ուզում է խոսել եղբորս հետ, եղբայրս ասել է՝ շատ լավ կգամ ոստիկանություն, նույն պահին ոստիկաններից մեկը հեռախոսազանգ է ստացել, առանձնացել է խոսել, ինչից հետո եկել է եղբորս ասել, թե պետք չէ ոստիկանություն գնալ, հիմա ինքը կգա:
Երկու մեքենայով ոստիկաններ են եկել, ոստիկանապետի պաշտոնակատարը իջել է մեքենայից, հարցրել՝ ով է Մարտինը եւ ծնողներին ուղղված սեռական բնույթի հայհոյանքներով հարձակվել է եղբորս վրա ու սկսել խփել, այդ պահին հայրս ասել է՝ ինչ ես անում, նոր է վիրահատված, ոստիկանապետը շրջվել է ու նույն տիպի հայհոյանքներով դիմել հորս ու հարվածել, հայրս էլ իրեն է հայհոյել, ոստիկանապետի պաշտոնակատարը խփել է հորս, դեմ տվել պատին ու ծնոտից բռնած՝ վեր բարձրացրել, այդ պահին հորս բերանից պրոթեզն ընկել է, ինչից հետո նոր միայն հորս թողել է»:
Մեր հարցին, թե հնարավոր է միայն ձեւաթղթի պատճառով ոստիկանապետի մակարդակով վիճաբանություն առաջանար, թե նախկինից եկած խնդիրներ ու հարցեր կան իր եղբոր, ոստիկանապետի կամ ոստիկանների միջեւ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոստիկանապետի հետ՝ ոչ, որովհետեւ, ինչքան գիտեմ ոստիկանապետը Սիսիանում նոր մարդ է, Սիսիանից էլ չէ, Արարատից է, իսկ իրեն ուղղորդողներ կան,հիմա վստահաբար անուններ չեմ, տա, որովհետեւ նախաքննություն է գնում, թող պարզեն, կարող է ավելի տգեղ բաներ ի հայտ գան: Մի բան հստակ է՝ եղբայրներիս կողմից բացարձակ դիմադրություն չի եղել, ոչ մի ավելորդ խոսակցություն, հրահանգներ են արվել, եղբայրներս եղել են պատրաստակամ»:
Հայր Ներսեսի եղբայրը՝ Մարտին Հարությունյանը, որը տուժել էր միջադեպի ժամանակ, Սիսիանի ավագանու անդամ է:
«Տեղի ունեցածը հասարակական ու բարոյական աղետ է, երբ մոլագարի վարք դրսեւորող ոստիկանապետի պաշտոնակատարը կարող է իրեն նման պահվածք թույլ տալ: Ինձ այս երեւույթի մեջ ամենաշատ մտահոգում է՝ facebook-ում որոշ անձինք փորձում էին արդարացնող հանգամանքներ տեսնել այս երեւույթի մեջ, իսկ իմ բանականությունը չի հերիքում, որ ես հասկանամ՝ ինչպես կարելի է 70 ամյա մարդուն ծնող հայհոյել անմեղ տեղը, ծեծել, բերանից պրոթեզը վար գցել ու դա արդարացնել»,- նման կարծիք հայտնեց աբեղան:
https://www.facebook.com/lusine.zeynalyan.16/videos/512951586280423/
ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ՝ Սիսիանում տեղի ունեցած միջադեպով ծառայողական քննություն է սկսվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ