Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական ժողովրդավարություն. Ցնո՞րք, թե՞ իրականություն-2

Ապրիլ 08,2020 21:12

Հայաստան աշխարհում տեղի ունեցած քաղաքական վերջին,  ամենանշանակալի իրադարձությունը  մարտի 31-ին Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններն էին։ Բնականաբար, այն մեծ հետաքրքրություն էր առաջացրել և Հայաստանի հանրապետությունում և Արցախում։ Բոլոր քաղաքական, հասարակական ուժերն ու գործիչներն ունեին իրենց  հետաքրքրություններն ու շահերը։ Սակայն ես չեմ ցանկանում այժմ վերլուծել թե ով ինչ շահեր ուներ, այլ անդրադառնալ զուտ ընտրություններ կոչվածին ու դրանց նկատմամբ տարաբնույթ արձագանքներին։

Դիտորդներն արձանագրել են տարբեր խախտումներ․ քվեաթերթիկների լուսանկարում, վարչական ռեսուրսի օգտագործում, բարեգործություն և այլն, և այլն։  Ինչպես նշեցի, տարբեր շահեր ունեցող, բայց ընտրությունների արդյունքներից հիասթափված գործիչներն էլ  ընտրությունները համարում են կեղծված, իսկ կեղծիքների չափերն՝ ըստ «հիասթափության» աստիճանի, ընդհուպ ,առնվազն ինձ անհայտ Արցախի «Հեղափոխական կուսակցություն» բարձրագոչ անվամբ , նույնպես անծանոթ առաջնորդի բողոքի ակցիաները։

Սկսենք նախընտրական շրջանից։ Ոմանք հիացմունքով հայտարարում էին, որ փոքր Արցախ աշխարհում ընտրություններին  նախագահի 14 թեկնածուների և եթե չեմ սխալվում  10 կուսակցությունների  մասնակցությունը ժողովրդավարության ցուցանիշ է(՞)։ Զարմանալի է, չէ՞ որ կայացած ժողովրդավարական տասնյակ միլիոնավոր բնակչություն  ունեցող երկրներում նույնիսկ, այդքան թեկնածուներ և կուսակցություններ չեն մասնակցում ընտրություններին։ Իհարկե, ընդդիմախոսները կհակաճառեն, դրանք արդեն կայացած ժողովրդավարական պետություններ են, իսկ մենք նոր ենք քայլեր անում։ Արդյոք ա՞յդ է պատճառը, որ փոքր Արցախում «գործում» են տասից ավելի, իսկ մի փոքր ավելի մեծ Հայաստանի հանրապետությունում շուրջ 80 կուսակցություններ։ Եվ արդյոք դրանք բոլորը կուսակցություննե՞ր են։ Իհարկե՝ ոչ։ Եվ այդչափ կուսակցությունների առկայությունը բացարձակապես չի նշանակում ոչ կայացած, ոչ կայացող ժողովրդավարության մասին։ Չէ՞ որ մենք դասական իմաստով չունենք գաղափարական որևէ հենքի վրա կառուցված, նույն այդ գաղափարի շուրջ համախմբված քաղաքական գործիչների միավորումներ։ Հայկական կուսակցությունները ստեղծված են և ստեղծվում են որևէ ազդեցիկ կամ ունևոր անձանց շուրջ և հիմնականում , ինչպես ընդունված է ասել «բիզնես նախագծեր» են, իշխանության հասնելու և նվազագույնը՝ խորհրդարանական  ընդդիմություն աշխատելու ։

Եվ , վերջապես,շուրջ 100 տարիների ընթացքում, այդ ե՞րբ են Հայաստանում  եղել ազատ, արդար, թափանցիկ և այլն ընտրություններ (տես «Հետք»

2018թ․ հեղափոխության նվիրյալները կհակաճառեն․ «Չէ՞ որ հեղափոխության արդյունքում  2018թ․ դեկտեմբերին վերջապես ունեցանք  այդ մեր երազած ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական, ժողովրդի կամքն արտահայտող ընտրություններ»։ Նախ, հաշվի առնենք, որ հեղափոխության արդյունքում  նույն 2018թ․ մայիսին, արդեն իշխանության ամենահզոր ուժը՝ գործադիրը գտնվում էր Նիկոլ Փաշինյանի ձեռքին։ Երկրորդ, դառնալով վարչապետ, Նիկոլ Փաշինյանը  խոստացավ արտահերթ ընտրություններն անցկացնել շուրջ մեկ տարի անց, այդ ընթացքում ընդունելով նոր ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին նոր օրենք և հնարավորություն տալ քաղաքական ուժերին պատրաստվելու։ Որպես հմուտ քաղաքական գործիչ նա գերազանց  գործեց՝ հանգստացրեց քաղաքական ընդդիմախոսներին, հետո Երևանի ավագանու ընտրություններին «փորձարկեց» իր վարկանիշը և առանց վարանելու հարկադրեց դեկտեմբերի ընտրությունները։ Երրորդ, որքան քաղաքական գործիչը պետք է անմեղսունակ լինի, երբ համոզված լինելով իր անվերապահ հաղթանակի մեջ, դիմի ընտրակեղծիքների։ Չորրորդ,  2018թ․ դեկտեմբերի ընտրությունները չի կարելի համարել ժողովրդավարության հաղթանակ, այն դեռևս հեղափոխության  զգացմունքային շարունակությունն էր։ Հինգերորդ, որևէ կայացած ժողովրդավարական երկրում անհնար է պատկերացնել, որ որևէ քաղաքական ուժ կարող է հավաքել ավելի քան 70% ձայներ։ Եվ վերջապես վեցերորդ․․․տեսնենք թե ինչպիսին կլինեն հաջորդ, հերթական (եթե հերթական ) ընտրությունները։  Կասկածու՞մ եմ, ոչ՝ համոզված եմ, որ կեղծվելու են։

Իսկ թե ինչու՞ , փորձեմ բացատրել։

Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն հնարավոր չէր իրականացնել, Հայաստանի պետական , այն է միապետական  համակարգի պատճառով։ Նկատի ունեմ, Հայաստանի ոչ իրավական համակարգը, երբ ողջ դատաիրավական համակարգը գտնվում է նախագահ, կամ 2018թ․ հետո վարչապետ՝ միապետի ձեռքում։

Հեղափոխական Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության, Հայաստանի կառավարման «միապետական» համակարգում որևէ բարեփոխում չիրականացրեց, ասելով․ «ժողովրդավարության պարագայում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող, քանի որ այդ պարագայում ժողովուրդն է որոշում, թե ով է իշխանությունը»։ Միայն այս հանգամանքը արդեն ոչ թե կասկածների, այլ համոզմունքի փաստարկ է։ Եթե սրան գումարենք նաև ոչ միայն իշխանական  արտոնություններից  չհրաժարվելն, այլ  նաև շռայլ ծախսերը (առանձնատների շքեղ նորոգումներ, ծառայողական զրահապատ մեքենաների գնումներ և այլն  ) հիմնադրամներ , ապա կարելի է ոչ թե ենթադրել, այլ լինել համոզված, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի պատկերացնում իրեն որպես պարզ «հպարտ քաղաքացի»։ Եվ որպեսզի ,իրեն նվիրված, իր և միայն իր շնորհիվ քաղաքական գործիչներ դարձած նախարարներն ու պատգամավորները շարունակեն մնալ իրեն հպատակներ, նրանց էլ տրվում են ահռելի պարգևավճարներ և արտոնություններ։ Ի դեպ, նույն պարգևավճարներից են օգտվում նաև խորհդարանական ընդդիմադիր պատգամավորները, նրանց ստիպելով մնալ «կառուցողական» դաշտում (չար լեզուներն ասում են , որ նախկին Աժ-ում նույնպես ընդդիմադիր պատգամավորները պարգևավճարներ էին ստանում, բայց ստվերային՝ ծրարով):

Այպիսի կառավարման համակարգի,  կուսակցական «գաղափարախոսության»  պայմաններում, ինչպե՞ս եք պատկերացնում «ազատ, արդար, թափանցիկ և այլն ընտրություններ»։

Այո, ես կհավատայի Հայաստանի հետագա ժողովրդավարացմանը, ազատ, արդար ընտրությունների միջոցով իշխանության ձևավորմանը, եթե ․

-Հեղափոխական իշխանությունը, ձեռնամուխ լիներ, իսկապես դատաիրավական փոփոխությունների, քննչական մարմինները դարձնելով սահմանադրական , ԱԱԾ-ն և ոստիկանությունը՝ նախարարություններ, անօրինական հարձակումներ չլինեին  դատարանների , ՍԴ-ի վրա և այլն։

-Հրաժարվեր  իշխանական արտոնություններից՝  չթվարկեմ։

-Եվ վերջապես, Հայաստանում ստեղծվեին իսկապես գաղափարական հենքի վրա ստեղծված, ոչ թե Վոժդի շուրջը համախմբված կուսակցություններ։

Այսինքն, քանի դեռ, իշխանությունը Հայաստանում հիմնականում  ընկալվում է որպես վայելք, հաճույք, հպատակներով  շրջապատված  միապետություն, մոռացեք իրական ժողովրդավարության մասին։

Կփոխվի՞ արդյոք մեր մտածողությունն ու  հոգեբանությունը հանրային շահի, պետականության ընկալման, իշխանության՝ ոչ որպես փրկիչի նկատմամբ, կունենանք ժողովրդավարական ընտրություններ։ Իսկ կգա՞ արդյոք այդ օրը, չգիտեմ․․․

Այնպես որ, հանգիստ թողեք Արցախին։ Այնտեղ տեղի ունեցածը տիպիկ հայկական, թերևս ամենահաջողված  ընտրություններից  էին, քանի որ տեղի չունեցան բացահայտ բռնություններ, լցոնումներ և այլն։

Արդյոք այն երաշխի՞ք է, որ հաջորդ ընտրություններն ավելի լավը կլինեն։ Իհարկե՝ ոչ։ Իսկ այսօր Արցախի հիմնախնդիրը անվտանգության հարցն է։ Նեղ, քաղաքական շահերից ելնելով, մի ապակայունացրեք Արցախում իրավիճակը։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930