Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի չէ, թե հայերը որքան կմնան «Դոմոդեդովոյում»

Ապրիլ 08,2020 20:22

Նոր կորոնավիրուսի համաճարակով աշխարհի գրեթե բոլոր երկրներում սահմանված մեկուսացման խիստ միջոցառումների արդյունքում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներից շատերը նույնպես ստիպված են վերադառնալ Հայաստան:

Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ-ն նույնպես սահմանափակեց ավիաչվերթները, բացառություններ կլինեն միայն չարտերային թռիչքների համար`մարդկանց իրենց երկրներ տեղափոխելու նպատակով:

Արդեն մի քանի օր է` տարբեր լրատվամիջոցներով ահազանգեր են հնչեցնում, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մոտ երկու հազար ՀՀ քաղաքացիներ են հավաքվել եւ չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Օդանավակայանում «գերեւարված» մեր քաղաքացիներից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անուն-ազգանունը, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ Մոսկվա-Երեւան չարտերային թռիչքները չեն կայանում ՀՀ կառավարության «դանդաղկոտության» արդյունքում: Մեր զրուցակիցը հավաստիացնում է`հստակ տեղեկություններ ունեն`«Աերոֆլոտ» եւ «S7» ավիաընկերությունները պատրաստակամություն են հայտնել համապատասխան վճարի դիմաց թռիչքներ իրականացնել, սակայն ՀՀ կառավարությունում հնարավորինս ձգձգում են գործընթացը, քանի որ ՌԴ-ից Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները «գլխացավանք» են դառնալու ՀՀ կառավարության համար`14-օրյա մեկուսացում, լրացուցիչ ծախսեր:

Տեղեկությունը ստուգելու համար Aravot.am-ը գրավոր հարցումներ է ուղարկել նշված ավիաընկերություններ: Պատասխաններ դեռ չկան: Իսկ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի քարտուղար Էդուարդ Ջամբազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս իրավիճակի առաջին իսկ օրվանից դեսպանությունն արտակարգ ռեժիմով աշխատում է, որպեսզի մեր հայրենակիցներին օգնեն` նվազագույն բարդություններով դուրս գալ: Դրա ապացույցներից մեկն էլ, մեր զրուցակցի ներկայացմամբ, այն էր, որ երկու արտահերթ չվերթ կազմակերպվեց Մոսկվա-Երեւան`ապրիլի 6-ին եւ 7-ին եւ 400 հայաստանցի վերադարձան ՌԴ-ից: Երեկվա չվերթը կազմակերպվել է ՌԴ-ում բնակվող հայերի բարի կամքի արդյունքում. մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիների համար ինքնաթիռի տոմսեր են ձեռք բերվել, մնացյալներին`կացարան է տրամադրվել:

«Այդ ավիաընկերությունների պատրաստակամության, կառավարության դանդաղկոտության մասին ամենը խոսակցություններ են: Դեսպանատունը որեւէ առաջարկ, նման մտադրության մասին պաշտոնական որեւէ բան չի ստացել: Հակառակը, մենք սերտորեն աշխատում ենք ՌԴ ԱԳՆ-ի հետ, երկու երկրների ԱԳՆ-ների միջեւ մշտական կապ կա եւ հնարավորինս միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի թեկուզ արտահերթ չվերթների միջոցով կարողանանք մեր քաղաքացիներին ՌԴ-ից Հայաստան տեղափոխել: Ո՞նց կարող է նման հնարավորություն լինի`մեր քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու եւ մենք բաց թողնենք այդ հնարավորությունը»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով. «Ինչ վերաբերվում է «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած անձանց, երեկ դեսպանությունը համայնքային կազմակերպությունների, բարերարների միջոցով կարողացել է օթեւանով ապահովել մարդկանց:

Բայց դա ժամանակավոր է, եւ բնական է, մենք էլ ենք շահագրգիռ, որ այդ հարցը շուտ լուծվի: Մարդիկ կան, որ հրաժարվում են, ասում են մնանք, որ հնարավորություն լինի`թռչենք Երեւան`հավատալով այդ ասեկոսեներին: Ինքս եմ գնացել, հանդիպել եւ հորդորել, որ գնան տրամադրված ժամանակավոր օթեւաններ, քանի որ օդանավակայանում մնալը ռիսկային է: Ուրբաթ օրվա համար «S7»-ը հայտարարել էր, որ չվերթ է լինելու, բայց այսօր քաղաքացիները ինձ զանգահարեցին եւ ասացին, որ նորից հետաձգվել է: Մենք հորդորում ենք առաջնորդվել միայն պաշտոնական տեղեկատվական աղբյուրների հաղորդածով: Քաղաքացիները ինձ զանգահարում եւ ասում էին, որ «S7»-ը 40 հազար ռուսական ռուբլով տոմս է առաջարկում, բայց մեր կազմակերպած արտահերթ չվերթների տոմսերի արժեքը երեք անգամ ավելի էժան է: Ասեկոսեները շատ են: Աշխատանքն էլ է շատ, մեր քաղաքացիների հոգսերը հոգալու համար դեսպանությունն այս լարված իրավիճակում անում է ամեն ինչ»:

Aravot.am-ն այս առիթով փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ Հայաստանի պարետատան մամուլի աշխատանքները համակարգող, վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չարձագանքեց:

Իսկ որքա՞ն մարդու մասին է խոսքը, կա՞ն հստակ տեղեկություններ`հարցին, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի քարտուղար Էդուարդ Ջամբազյանը պատասխանեց, որ զանգահարողները եւ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնողները շատ-շատ են, բայց մեկ այլ խնդիր էլ կա. շատ են ՌԴ տարբեր շրջաններում գտնվողները, որոնք Մոսկվա հասնելու խնդիր ունեն: Արտակարգ դրության պատճառով շրջաններից տեղաշարժն էլ է սահմանափակված, իսկ դեպի Երեւան թռիչքներ հնարավոր են միայն Մոսկվայից:

«Եթե որեւէ հնարավորություն լինի արտահերթ թռիչք իրականացնելու` դեսպանությունն, անպայման, կօգտվի դրանից»,- հավաստիացրեց դեսպանատան աշխատակիցը`հավելելով, որ դեսպանությունը ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից առաջարկներ է ստանում ոչ միայն դրսում մնացած հայաստանցիներին հյուրընկալելու, այլ նաեւ` աշխատանքով ապահովելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930