Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր համակարգով վերահսկման ենթակա ինքնամեկուսացվածներ չկան

Ապրիլ 08,2020 20:00

Կորոնավիրուսով հիվանդի հետ շփված անձանց վերահսկելու համար ներդրված աղմկահարույց թվային գործիքների, եւ ընդհանրապես համակարգի ստեղծման համար գումար չի ծախսվել, չի ծախսվելու նաեւ այս ծրագրի իրականացման համար. ծրագիրը հայ ծրագրավորողներն են մշակել, կամավորական սկզբունքով, առանց որեւէ փոխհատուցման: Այսօր այս մասին կառավարության մամուլի կենտրոնում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը:

Նա նաեւ հիշեցրեց՝ համակարգը սկսել է գործել երեկվանից, եւ դրա միջոցով տեղորոշված, հետեւաբար նաեւ համակարգով վերահսկման ենթակա ինքնամեկուսացվածներ չկան. «Մենք ակնկալում ենք, որ  այսօր կունենանք ինքնամեկուսացվածների ցանկը»:

Վերահսկողության համար ստեղծված թվային այս գործիքակազմի ներդրման ժամանակ ամենաշատ քննադատված եւ կասկածի տեղիք տվող հանգամանքն այն էր, թե ինչպես եւ երբ են ոչնչացվելու քաղաքացիների մասին հավաքագրված տվյալները: Բադալյանն այսօր այս առնչությամբ ասաց.«Տվյալները, համաձայն օրենքի, ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից հետո, երեքշաբաթյա ժամկետում: Այդ գործընթացում ներգրավված են լինելու այն կառույցները, որոնք ներգրավված են եղել համակարգի գործարկման փուլում: Դիմելու ենք ԱԺ խմբակցություններին, որպեսզի իրենց ներկայացուցիչներն էլ մասնակցեն ոչնչացման գործընթացին: Ոչնչացում է լինելու նաեւ  ֆիզիկապես, սերվերների ֆիզիկական ոչնչացման եղանակով»:

Aravot.am-ը Բադալյանից հետաքրքրվեց՝ եթե հսկողության տակ գտնվող անձը հեռախոսը թողնի տանը եւ դուրս գա, նրան այլ միջոցներով կարո՞ղ են վերահսկել:

Բադալյանն ի պատասխան ասաց.«Ունենք վերահսկման երկու համակարգ, մեկը բջջային օպերատորների միջոցով է: Այս պարագայում, այո, կարող էր թողնել ու դուրս գալ տնից: Բայց երկրորդ եղանակը՝ կարճ հաղորդագրության միջոցով է կատարվում, որը ստիպում է անձին ինքնալուսանկարվել եւ մենք կարող ենք պարզել՝ ինքն է, թե՝ ոչ: Հաղորդագրությունը գալիս է ոչ թե պարբերական սկզբունքով, այլ կարող է առաջինը գա հինգ րոպե հետո, մյուսը՝ երկու ժամ անց, եւ ինքնամեկուսացված անձը չգիտի այդ հաջորդ հաղորդագրությունը երբ է գալու: Հուսով ենք, որ այդ պարբերության ընթացքում չեն կարող լքել ինքնամեկուսացման վայրը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930