Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ֆիզիկոս. «$550 000-ով կարելի է 100 000 թեստ գնել, իսկ այդ ինստիտուտին ես չեմ վստահում»

Ապրիլ 08,2020 19:53

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ ասաց, որ ՀՀ կառավարությունը 550 հազար դոլար է տրամադրել ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին՝ կորոնավիրուսի թեստերի արտադրություն սկսելու համար: Ինստիտուտի ղեկավարությունն ու աշխատակիցներն այս օրերին ձեռնպահ են մնում թեմայի վերաբերյալ մեկնաբանություններից, կարծիք հայտնելու հարցում զգուշավոր են նաեւ այլ գիտնականներ:

Նախկին ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից Սասուն Գեւորգյանի հետ Aravot.am-ը զրուցեց այն մասին, թե որքանով է իրատեսական Հայաստանում նման թեստերի արտադրություն սկսելը եւ առկա են արդյոք համապատասխան ներուժ ու պայմաններ:

Սասուն Գեւորգյանը նախ ցավով նշեց, որ օրերս Մոսկվայում կորոնավիրուսից մահացավ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, հայտնի ֆիզիկոս, դոկտոր, պրոֆեսոր պետական մրցանակի դափնեկիր Միշիկ Ղազարյանը, մի շաբաթ առաջ էլ մահացել էր նրա կինը:

«Հասկանում եք, որ սա իմ մասնագիտությունը չի: Բայց, քանի որ բոլոր հարցերը մնացել են անհայտության մշուշում՝ փորձեմ իմ գիտելիքների չափով օգտակար լինել»,- նախ ասաց նա:

Ապա փորձեց հանրամատչելի ներկայացնել, թե ինչ են իրենցից ներկայացնում կորոնավիրուսի թեստերն ու դրանց արտադրությունը. «Կամայական թեսթի առաջին քայլը դա նմուշ վերցնելն է: Կորոնավիրուսի դեպքում այն կատարվում է հետևյալ ձևով. ստերիլ տամպոնը տեղադրվում է պացիենտի քթանցքի ետնամասում, որտեղ այն միանում է կոկորդի հետ: Մի քանի վայրկյան պահելուց հետո այն հանվում է ներծծված «արտադրությամբ»: Իմ տեսած տամպոնները վերջին մասում բարակում էին՝ դառնալով մոտ 3 մմ տրամագծով պատրույգի նման:

Անհարմար պրոցեդուրա է, բայց պետք է այնպես կատարել, որ պացիենտը կարողանա շնչել և խոսել: Սա արդեն ասացին տեխնիկները, որոնք անում են այս ամենը: Այնուհետև տամպոնը տեղադրվում է հատուկ լուծույթ պարունակող սրվակի մեջ, հերմետիկ փակվում և ուղարկվում է անալիզի: Սա պարտադիր պրոցեդուրա է, պետք է կատարել համապատասխան հմտություն ունենալով: Եթե պատրաստվում եք օրական անել 1000 թեստ, ապա դժվար չի հաշվել, թե քանի նման տամպոն և սրվակով հեղուկ է պետք ունենալ: Նույնիսկ ԱՄՆ-ում այսօր կա սրանց դեֆիցիտ: Կարծում եմ այս մասը՝ այսինքն տամպոն պատրաստելը և մի քանի նյութ խառնելը լուծույթի մեջ կարող են կազմակերպել Հայաստանում: Տարբեր դեղագործական կազմակերպություններում, սանէպիդկայաններում կարելի է գտնել որակյալ լաբորանտներ, տեխնիկներ: Իսկ կա՞ն արդյոք համապատասխան «մաքուր» սենյակներ՝ չգիտեմ: Հարցրեք պատկան մարմիններից… Նախ պետք է հայտնաբերել՝ արդյոք վարակվա՞ծ է մարդը: Վիրուսները բազմանալու ապարատ չունեն, մտնում են բջջի մեջ, տալիս են իրենց ՌՆԹ-ն, կոպիտ ասած՝ բջջին «խաբում» են, որպեսզի բջիջը սկսի բազմացնել իրենց ՌՆԹ-ն: COVID19-ը եւս մտնում է մարդու բջջի մեջ եւ այնտեղ բազմանում:

Ինչ վերաբերում է ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին, ես այդ հիմնարկի մասին ի սկզբանե վատ կարծիքի եմ եղել, որովհետեւ ժամանակին կեղծ դիպլոմով թեկնածուական պաշտպանեցին, նույնիսկ միջնակարգ կրթություն չունեցող մարդուն լուրջ գիտնական հռչակեցին, սակայն այսօր թեման այլ է

Հաջորդ քայլը ավելի գիտական է՝ այն, ինչ սկսվում է նմուշ վերցնելուց հետո: Որպեսզի վերցրած նմուշի մեջ վիրուսը հայտնաբերվի, օգտագործվում է մեկ-երկու մեթոդ, որոնք կփորձեմ ավելի մատչելի ներկայացնել: Դրանք այն մեթոդներն են, որոնք Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է: Հիշեցնում եմ, որ վիրուսը իր ՌՆԹ-ն թողնում է օտար բջջի մեջ, որտեղ տեղի է ունենում վիրուսի վերարտադրությունը եւ չափման սարքերի սկզբունքը հենց այդ ՌՆԹ-ի հայտնաբերման վրա է հիմնված: Խոսքը RT-PCR (reverse transcription-polymerase chain reaction)-ի՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մասին է՝ հակադարձ տրանսկրիպցիայով: Հաջորդ քայլում պետք է որոշվի՝ վիրուսը գոյություն ունի՞ պացիենտի մոտ, թե՞ ոչ: Ասենք նմուշը վերցրել ենք, բայց դրանից հետո վստահ չեմ, թե կարող են Հայաստանում արտադրել անհրաժեշտ պարագաները, որոնք պարտադիր են թեստավորման համար

Նախ` վերցրած նմուշից անջատում են ՌՆԹ-ն, որը սկսում է աշխատել բջջի մեջ ԴՆԹ-ի հետ փոխազդեցությամբ: Մի խոսքով, պետք է այդ նմուշից անջատվի ՌՆԹ-ն, RT- PCR -ի մեթոդով պետք է ԴՆԹԻ-ի կոմպլեմենտար շղթան շատացվի այնքան, որ սարքով չափելի լինի համապատասխան մեթոդով: Իսկ համապատասխան ընկերությունները հայտնի են` Fisher Scientific Roche Diagnostics, LabCorp եւ Thermo: Արդյոք հայկականն այսօրվա դրությամբ կարող է դրվել դրանց կողքին, խիստ կասկածում եմ: Բայց էլի մի կողմ թողնենք իմ կասկածները: Այն սարքերը, լաբորատոր պայմանները, ինչ դրանք օգտագործում են, վստահ չեմ, թե կա Հայաստանում:

Իսկ ինչով են տարբերվում այդ ընկերությունների առաջարկած թեստերը, փորձեմ դա էլ բացատրել: ՌՆԹ-ն, որը մտնում է բջջի մեջ, իր հետ ինֆորմացիա է տանում, այդ ինֆորմացիան շատ բաների մասին է, օրինակ,այն մասին, թե որ սպիտակուցները նոր բազմացող վիրուսի արտաքին թաղանթը պետք է կազմեն:

Առողջապահական միջազգային կազմակերպությունը հաստատել է կոդերը, այսինքն ՌՆԹ-ի այն մասը, որի հայտնաբերումը կարող ես գրանցել որպես վիրուսի ներկայության հավաստիք: Որովհետեւ ՌՆԹ-ն ամբողջությամբ արագ չես կարող ուսումնասիրել, ուղղակի դրա մի հատվածը պետք է գտնես, որը պատասխան է տալիս վիրուսի առկայության մասին հարցին և ինչ-որ ինֆորմացիա, որ վիրուսը բազմանում է: Առողջապահության միջազգային կազմակերպությունը հաստատում է ՌՆԹ-ի՝ այն թիրախային հատվածները, որոնց առկայությունը պատասխանում է հարցին, թե կա արդյոք վիրուս տվյալ նմուշի մեջ: Տարբեր կազմակերպությունների արտադրած թեստերը վերաբերվում են արդեն հաստատված տարբեր թիրախների, նրանց տարբերությունը հենց դրա մեջ է»,-պարզաբանում է Սասուն Գեւորգյանը:

Իսկ կարո՞ղ է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը նման բան անել: «Այդ էտապից սկսած կասկածում եմ: Այնտեղ կան հանճարեղ պետական գործիչներ, գիտնականներ, որոնք բաներ են խոսում, չես կարողանում հասկանալ, նույնիսկ որ տիպի թեսթերի արտադրություն են ուզում կազմակերպել՝ դա էլ անհայտ մնաց »,-ասում է ֆիզիկոսը:

Մեր հարցին՝ իր կարծիքով ավելի ճիշտ չի՞ լինի կառավարության հատկացրած 550 000 դոլարով թեստեր ձեռք բերել, այլ ոչ թե կասկածելի որակի թեստերի արտադրություն սկսել՝ նա պատասխանեց. «Տվյալ պահին, երբ պատերազմ է գնում կորոնավիրուսի դեմ, պետք է ձեռնպահ մնալ արտադրություն սկսելուց; Դա լուրջ պատասխանատվություն է: Նախ` մրցույթ պետք է հայտարարել, թե ով ինչ կարող է անել՝ ստուգելով ամեն ինչը: Այս պահին արտադրության մասին խոսելն ուղղակի PR է: ՌԴ-ում գոյություն ունի արտադրող կազմակերպություն, որ «Վեկտոր» է կոչվում: Այն իրենց ռազմարդյունաբերական համալիրում եղած կազմակերպություն է, որը թեստեր է արտադրում; Նույնիսկ այդքան քաղաքականացված Ռուսաստանում, որտեղ քչերն են համարձակվում իշխող կուսակցությանն ընդդիմանալ, Մոսկվայի քաղաքագլուխ Սոբյանինը հայտարարել է, որ չի վստահում տեղական արտադրության թեստերին եւ սկսել է արտասահմանից գնել:

Հայաստանում ոչ շուտ, քան հինգ տարի հետո կարելի է սկսել թեստերի արտադրություն, բայց տվյալ պահին պետք է գնել: Մանավանդ 550 000-ով կարելի է 100000 թեստ գնել, ընդ որում՝ մի թեստը 5,5 դոլար արժի: Ի դեպ, Չեխիայում սկանդալ եղավ: Նրանք 150000 թեստ էին ձեռք բերել Չինաստանից, պարզվել էր, որ 80 տոկոսը խոտան է, բայց Չինաստանը չէր ցանկանա, որ խոտան լինի: Ուզում եմ ասել, որ թեստ արտադրելն էլ հանաք մասխարայություն չէ: Այդ պատճառով իմ կարծիքով, այսօր պետք է եղած գումարներն ուղղել թեստեր գնելուն; Նաեւ շատ կարեւոր է թրենինգը, թե ինչպես պետք է նմուշ վերցնել: Ես չգիտեմ ինչքան մարդ կա,: Ի վերջո, օրական ամեն մեկը առավելագույնը քսան նմուշ կարող է վերցնել, իսկ ն, որ կարող է գրագետ նմուշառություն անել: Նրանց փոխարինողներ հաստատ պետք են: Պետք է այս մասին առողջապահության նախարարին հարցնել:

Միակ մարդը, որ վստահում եմ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է: Նա իր ասածի տերն է: Եթե ամեն ինչ հաջողությամբ ավարտվի, քաղաքական գործիչները կասեն՝ տեսա՞ք, ինչ արեցինք, եթե վատ լինի, նախարարն ի տարբերություն մյուսների, պատասխան կտա, կարծես ինքը չի վախենում ի տարբերություն մյուսների, որոնք ամեն ինչ իրար վրա են գցում»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Նա ռապիդ թեստերին էլ անդրադարձավ: «Առողջապահության միջազգային կազմակերպությունը թույլ է տվել կիրառել արագ թեստերն ու արագ չափող սարքերը…Օդանավակայանում, ճգնաժամային տեղերում կարելի է նման սարքեր դնել, որոնք ինչ-որ աստիճանի հավաստիություն ունեն, բայց դրանք եւս Հայաստանում հնարավոր չէ արտադրել, ու նման խոսակցությունները քաջնազարականություն են:

Մյուսը հակամարմնային թեստն է: Հիվանդացած օրգանիզմը սկսում է պայքարել եւ հակամարմիններ արտադրել, եւ արյան մեջ հակամարմինները հայտնաբերելու խնդիրն է առաջանում: Սա գիտական լուրջ խնդիր է, բայց կարծում եմ՝ սրանից էլ են Հայաստանում հեռու: Ի տարբերություն նախորդ մեթոդների, որոնք հայտնաբերում են վիրուսը օրգանիզմում, այս մեթոդը կարող է հայտնաբերել հիվանդացած և արդեն բուժված պացիենտներին: Հակամարմինները հայտնաբերելը գիտություն է, որը զարգանում է, սրա վրա հիմնված մեթոդներ եւս կան, լավ կլինի, որ մերոնք գոնե կարողանան այս մեթոդները սովորել: Ապացուցված է, որ իմունիտետ ձեռք բերած մարդկանց արյան պլազման առանձնացնելով եւ ներարկելով ծանր հիվանդներին, փրկում են»,-հայտնեց Սասուն Գեւորգյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարում՝ Սասուն Գեւորգյանը՝ Միշիկ Ղազարյանի եւ նրա տիկնոջ հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ինչ խօսք չափազանց ծանր գործ է, քանի որ Հայաստանում կենսաբանութիւն գոյութիւն չունի: Բայց թող փորձէն (ու կառավարութիւնն էլ ՀԵՏԵՒՈՂԱԿԱՆՕՐԷՆ արդիւնք պահանջի): Գուցէ ապագայի համար լաւ հիմք հանդիսանայ:
    Հակամարմնային ախտորոշումը մի քիչ աւելի բարդ է, դանդաղ ու ծախսատար, քան PCR-ը:

    Որ մեթոդն էլ ընտրեն բուն ծախսից բացի խնդիրը մասշտաբայնութիւնն է ու ռեսուրսների անբաւարարութիւնը: Պիտի հասցնեն կարճ ժամանակում ՇԱ՜Տ թեստաւորում անեն:

    PCR-ի դէպքում՝
    1. Նմուշառումը հեշտ է ու էժան: Որ ուզեն կարճ ժամանակում բաւարար մասնագէտներ կը պատրաստեն ու որակով նմուշ կը վերցնեն հիւանդներից:
    2. Քանի որ PCR-ը չափազանց զգայուն է, RNA-ը կարող են կիսատ-պռատ մաքրել: Օրինակ՝ յայտնի բան է colony PCR-ը՝ երբ դրական արդիւնք ես ստանում ամբողջական բջիջների պարագայում՝ առանց բակտերիալ բջիջները քայքայելու եւ RNA-ը առանձնացնելու (այդքան զգայուն մեթոդ է):
    3. PCR primer-ները շատ էժան են: Ասենք 15$-ով մի 1000 հատ թեստի կը բաւականացնի:
    4. Ամենամեծ խնդիրը՝ PCR սարքը ու ռեակցիայի համար անհրաժեշտ լուծոյթները: Սովորական PCR սարքը մի 5000$ արժի: Ու էդ սարքերից շատ շատ է պէտք: Աւելին՝ ժամանակ խնայելու համար qPCR է պէտք, որ վիրուսի առկայութիւնը հէնց նոյն պահին ասի:

    Պարզ է, որ սարքերը պիտի առնեն, դա Հայաստանում հնարաւոր չէ արտադրել:
    Բայց եթէ զարգացած գիտութիւն ունենայինք, գոնէ լուծոյթները, ֆերմենտներն ու քրոմոֆորները, extraction kit-երը կարելի էր Հայաստանում արտադրել ու փող խնայել: Բայց դրա մասին շուտ պէտք էր մտածել, ոչ թէ էս «նեղ մաջալին»: Բայց նորից եմ կրկնում՝ միգուցէ սա առիթ դառնայ, որ ապագայի մասին մտածեն ու միւս անգամ արդէն պատրաստ լինեն:

    Նոյնը նաեւ հակամարմինների պարագայում: ELISA կը լինի, թէ ուրիշ մեթոդ՝ պէտք է այսօրուանից մտածել նիւթերը (սպիտակուցները) Հայաստանում արտադրել:

    Կենսաբանութեան ողջ գեղեցկութիւնը հէնց դա է՝ փող ես ծախսում, հիմքերը դնում, յետոյ կենդանի օրգանիզմները (մանրէներ, ցողունային բջիջներ եւ այլն) գենային ինժեներիայի միջոցով յաւիտեանս քեզ համար արտադրում են քո ուզած գերթանկարժէք նիւթերը:

    Յաջողութիւն ձեզ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930