Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կապ կա՞ Սերժ Սարգսյանի՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովում հյուրընկալվելու և Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության միջև. Գևորգ Գորգիսյանը զուգադիպություններին չի հավատում

Ապրիլ 08,2020 18:30

«Ես երբեք չեմ հետևել առաջին նախագահի հորդորներին, երբ նա նախագահ էր և, առավել ևս, հիմա, երբ թոշակում գտնվող նախագահ է: Ես չեմ էլ փորձում վերլուծել՝ ինչին է միտված նրա խոսքը»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս ընդունեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորը 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու վերաբերյալ, այսպես պատասխանեց հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Պատերազմական վիճակի թելադրանքով» վերնագրով հոդված էր հրապարակել,  որտեղ թվարկելով ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կատարվելիք քայլերը, հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ նշել էր. «Սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»:

Գևորգ Գորգիսյանն այս առիթով մեզ հետ զրույցում ասաց. «Չեմ հասկանում՝ Տեր-Պետրոսյանին ինչու է գրգռել մեր հանձնաժողովը: Հանձնաժողովի աշխատանքները որևէ կերպ հետաձգելու մեխանիզմ չկա, և քանի որ ԱԺ-ն շարունակում է իր բնականոն աշխատանքները, քննիչ հանձնաժողովը՝ որպես ԱԺ-ի սահմանադրական մարմին, պարտավոր է շարունակել իր աշխատանքները: Ընդ որում, հանձնաժողովը վեց ամիս ժամկետով էր ստեղծվել, հետո ևս վեց ամիս ժամկետով երկարաձգվեց: Հետևաբար, որևէ իմաստ և որևէ  մեխանիզմ չկա հանձնաժողովի աշխատանքները դադարեցնելու»:

Գևորգ Գորգիսյանը վստահեցրեց՝ հանձնաժողովը երբեք իր աշխատանքները չի պայմանավորել նրանով, թե այդ աշխատանքներից ով է գրգռվում, ով՝ ոչ:

Հետաքրքրվեցինք՝ լինելով այդ հանձնաժողովում որքանո՞վ է արդյունավետ համարում հանձնաժողովի աշխատանքը, ի՞նչ խնդիրներ են առաջադրվել և լուծվել, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց. «Բավականին արդյունավետ եմ գնահատում հանձնաժողովի աշխատանքը: Ի սկզբանե հանձնաժողովի առաջ դրված է մեկ խնդիր՝ բացահայտել թերացումներ, եթե այդպիսիք եղել են ապրիլյան պատերազմի ժամանակ և օգնել բանակին, որ ավելի հզորանա, և հետագայում նույն բանը չկրկնվի, ու սխալների պատճառով մենք չունենանք կորուստներ ու զոհեր: Նպատակն է բանակն ավելի հզոր ու մարտունակ դարձնելը: Երբ հանձնաժողովի գործունեության ավարտին կհրապարակվի վերջնական եզրակացությունը, այն կպարունակի տարածված բազմաթիվ բամբասանքներին պատասխան տվող դրույթներ»:

Մեր հարցին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության և այն փաստի միջև, որ ապրիլի 16-ին նախատեսվում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի  հանձնաժողովի լսումներին, կապ տեսնո՞ւմ եք և արդյոք տպավորություն ստեղծվո՞ւմ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանում, որ Սերժ Սարգսյանը ներկա լինի այդ լսումներին, պատգամավորը պատասխանեց. «Քաղաքականության մեջ զուգադիպություններին չեմ հավատում, բայց այս դեպքում թող Ձեր ընթերցողները փորձեն կապը փնտրել: Պնդում եմ՝ հանձնաժողովը շարունակելու է աշխատանքները, ամենայն հավանականությամբ, ապրիլի 16-ին Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի հանձնաժողովին: Նրան ուղղելու բազմաթիվ հարցեր կան, և դրանց պատասխանները կօգնեն մեր հանձնաժողովին վերջնական եզրակացություն տալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930