Կորոնավիրուսի դեմ պայքարի համար հայ ծրագրավորողների ստեղծած covid-19Armenia հավելվածը ներբեռնվել է 40 հազար անգամ, դրանով 240 հազար անգամ առցանց թեստ են անցել, սա նշանակում է, որ անձը մի քանի անգամ է թեստն անցել: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը:
Նա նաեւ հավելեց՝ 1500 քաղաքացի, այս հավելվածի կիրառմամբ, հայտնվել է, այսպես ասած՝ կարմիր գոտում.«Նրանց հետ հարցազրույցի միջոցով առանձնացվել են 31 քաղաքացի, որոնցից թեստավորվել են 12-ը, որից 8-ի մոտ բացասական արդյունք է եղել, 4-ի մոտ՝ դրական: Մյուսների արդյունքներին դեռ սպասում ենք»:
Կորոնոավիուսի դեմ պայքարի համար օրենսդրական փոփոխությամբ որոշվեց այսպես ասած՝ վարակակրի հետ շփում ունեցած անձանց տեղորոշումն իրականացնել, ինչի համար ստեղծվել են թվային գործիքներ, եւ հիշեցնենք, նաեւ բջջային օպերատորներից, կրկին օրենսդրական փոփոխությամբ, հնարավորություն տրվեց քաղաքացիների մասին տեղեկություններ ստանալ:
Այս գործիքների գործարկման մասին Բադալյանն ասաց՝ կորոնավիրուսով հիվանդի շփումների շրջանակը պարզելու համար բջջային օպերատորների տրամադրած տվյալներն են օգտագործվում, այդ տվյալները հավաքագրվում ու մշակվում են «ԷԿԵՆԳ»-ի սերվերում, տվյալները միայն այս համակարգով աշխատող անձանց են հասանելի: Կարճ ցուցակը կազմելուց հետո այն համադրում են բժիշկների՝ հարցազրույցների միջոցով պարզված անձանց շրջանակի հետ, եւ ապա իրականացվում են հավելյալ հարցազրույցներ: Եթե պարզվում է, որ անձը ֆիզիկական շփում է ունեցել հիվանդի հետ, նա ինքնամեկուսացվում է: Ապա,այս ինքնամեկուսացվածների առողջական վիճակի մասին պարբերաբար հավաքագրվում են տվյալներ, եթե տվյալ անձը կամ նրա ընտանիքը սնունդ տրամադրելու կարիք է ունենում, ապա տվյալները փոխանցում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, վերջինս էլ խնդիրը փորձում է լուծել:
Կարդացեք նաև
Բադալյանի պատմելով՝ ինքնամեկուսացածներին վերահսկելու համար ուղարկում են հաղորդագրություն, որի միջոցով պատասխանում են իրենց առողջության վերաբերյալ հարցերին, հետո ինքնալուսանկարվում են ու այն ուղարկում, որպեսզի պարետատունը հավաստիանա, որ տվյալ անձը ինքնամեկուսացված անձն է.«Այդ ընթացքում հավաքագրվում է տեղեկատվություն նրանց գտնվելու վայրի մասին, որով մենք հավաստիանում ենք, որ չեն լքել մեկուսացման վայրը: Կարճ հաղորդագրությունները գնում են պատահականությամբ, օրվա ընթացքում մի քանի անգամ տարբեր ժամերին, որպեսզի չկարողանան իմանալ կոնկրետ ժամն ու բացակայել այդ միջակայքում: Վերահսկվում է անձի մեկուսացման վայրը, եթե այն լքի, ապա համակարգն ավտոմատ այդ հաղորդագրությունը փոխանցում է ոստիկանությանը: Այսինքն, այնպես չէ, որ բոլորը նստած հետեւում են, թե ով ուր գնաց: Ոստիկանությունն էլ տեղում ստուգում է՝ անձը լքե՞լ ինքնամեկուսացման տարածքը, թե՞ տեխնիկական խնդիր է եղել»:
Փոխվարչապետի խորհրդականն ասաց, որ ինքնամեկուսացման վայրը լքելու համար վարչական պատասխանատվություն է սահմանված, եթե մի քանի անգամ կրկնվի, ապա անձին մեկուսացման վայր կտեղափոխեն:
Կարճ հաղորդագրության միջոցով անձի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը հավաքագրվելուց հետո, վարակի կասկածով քաղաքացիների տվյալները փոխանցվում է առողջապահության նախարարության աշխատակիցներին, որոնք պարետատանն են նստում, նրանք զանգահարում են կարմիր գոտում հայտնված անձանց, եթե պարզվում է, որ դրանք իրական տվյալներ են, այլ՝ ոչ թե անձը փորձել է բոլոր ախտանիշները ցույց տալ, նրանց թեստավորման են ուղարկում:
Խորհրդականն ասաց, որ ինքնամեկուսացածներին չեն պարտադրում նշված հավելվածը ներբեռնել, պարզապես նրանց ուղարկում են հաղորդագրությունը, որի հղումով անցնելով էլ լրացնում է հարցաշարը.«Եթե անձը չունի սմարթ տիպի հեռախոս, մեզ ծանուցվում է, որ անցել է որոշակի ժամանակ եւ ինքնամեկուսացված անձը չի կատարել որոշակի գործողություններ, ապա պարերատան աշխատակիցները զանգում են նրան, եւ առողջական վիճակի մասին տվյալները թելադրելով են լրացնում»:
Ըստ Բադալյանի, հղման միջոցով ավտոմատ ձեւով տեղորոշում է ինքնամեկուսացված անձին, եւ եթե երկրորդ անգամ հաղորդագրություն են ուղարկում, եւ անձը տեղորոշվում է այլ վայրում, ապա համակարգն ավտոմատ հայտնում դրա մասին:
Տեղորոշման շեղման մասին էլ Բադալյանն ասաց, որ այն կատարվում է երկու մեթոդով՝ բջջային օպերատորների միջոցով վարակված անձի տեղորոշման շառավիղն այնքան էլ ճշգրիտ չէ.«Մյուս մեթոդը տվյալ անձի կոորդինատների ֆիքսումն է, որը շատ ավելի ճշգրիտ է, եւ բնակարանի լքումից կարող է այդ տվյալը փոխանցվի մեզ: Բնականաբար, կարող է հարեւանի տուն բարձրանալ, կողքի տուն գնալ, դա չֆիքսվի, բայց մենք հույս ունենք, որ մեր բոլոր ինքնամեկուսացված եւ ընդհանրապես մեր հասարակությունն ունի այնպիսի ինքնագիտակցություն, որպեսզի պահպանի ինքնամեկուսացման կանոնները»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ