Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Այս երկու մարդը չեն փոխվելու։ Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը»

Ապրիլ 08,2020 18:12

Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է. 

Ինչ կատարվեց երեկ։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված հրապարակեց։ Վերնագիրը՝ «Պատերազմական վիճակի թելադրանքով»։ Իրեն պատկանող ilur.am կայքում։ Ոչ իրեն բնորոշ՝ հապճեպ-վատ տեքստ է, ամենևին ոչ ոսկեղենիկ։ Միտք բանին չեմ պատմելու։ Կարդացել եք-կարդացեք։

Նիկոլ Փաշինյանին պատկանող armtimes.com կայքը այն թողարկեց «Նա հարվածում է թե առջևից, թե կողքերից, թե թիկունքից, թե օդից» կոպիտ վերնագրով։ Հետո, ՀԱԿ-ականների՝ այդ վերնագրին բուռն արձագանքելուց հետո, փոխեցին վերնագիրը։

Ինչն էր նյարդայնացրել Նիկոլ Փաշինյանին։ Կարծում եմ.

1. Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ մի անգամ չի հիշատակում Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունը, մինչդեռ երկու անգամ դրական է խոսում պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին։ Ամբողջ տեքստում չկա նաև վարչապետ բառը։

2. Երբ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտակարգ դրությունը չեղարկել, Լևոն Տեր-Պետրոսյանը իրավիճակը գնահատում է պատերազմական։

3. Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ այս իշխանությունից հաշիվ պահանջելը թողնել ապագային (պատկերացնո՞ւմ եք՝ հաշիվ պահանջել Նիկոլ Փաշինյանից)։

Պարզ է՝ իր բնույթին հավատարիմ՝ Նիկոլ Փաշինյանն այդ ձևակերպումները չէր հանդուրժելու։ Նա այս ամենը տեսել-հասկացել է։ Այստեղից էլ armtimes-ի առաջին վերնագիրը։ Բայց, չնայած թվացյալ բացարձակ իշխանությանը, ինչ-ինչ վախեր չի կարողացել հաղթահարել և փոխել է վերնագիրը։

Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի օգտագործած ձևակերպումները. «սադրիչներ ու չարակամներ», «ատելության, թշնամանքի սերմանում», «երկրորդ ճակատ են բացել», «պետական դավաճանություն», «հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներ»։

Այստեղ դադար տանք։ Ընդգծելով հիշենք, որ «հայտնի ուժեր» կապակցումը Լևոն Տեր-Պետրոսյանի 1998 թվականի հրաժարականի տեքստից է։ Այն վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանին, Վազգեն Սարգսյանին. Սերժ Սարգսյանին, Սամվել Բաբայանին։

Ոչ մի խոսք, որ տարիներ շարունակ ինքն է պառակտում-թշնամանք սերմանել։ Ոչ մի խոսք, որ այս երկու տարին իր անմիջական շրջապատի մարդիկ են մաղձ ու ատելություն սերմանում իրեն միայն դրական լույսի տակ պահող լրատվամիջոցներով։ (ilur-ն ու Հայկական ժամանակ-armtimes-ը ներառյալ)։

Վերջում Լևոն Տեր-Պետրոսյանը հույս է հայտնում, որ երկրորդ և երրորդ նախագահները պետական այրին վայել վարք կդրսևորեն։ Ինչն ինքը գրեթե երբեք չի արել։ Բնականաբար, չէր անելու նաև այս հոդվածով։

Ամենավերջում էլ՝ հավատում է մեր ժողովրդի համախմբվելու ունակությանը։ Երբ ինք է պառակտել պարբերաբար։ Այսօր էլ այս հոդվածով է պառակտում։

Եզրակացություն. այս երկու մարդը չեն փոխվելու։ Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը։ Իրար ատելով՝ իրար արժեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930