Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը 47 անդամ պետությունների կառավարություններին կոչ է անում հարգել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը COVID-19-ի ճգնաժամի պայմաններում: Համապատասխան փաստաթուղթն ուղարկվել է Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետություններին:
ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում թույլ չտալ, որպեսզի կորոնավիրուսը ոչնչացնի հիմնական արժեքները և ազատ հասարակությունները: «Անդամ պետությունները, որոնք բախվել են սոցիալական, քաղաքական և իրավական մարտահրավերների, պետք է կարողանան արդյունավետ հակահարված տալ ճգնաժամին՝ միևնույն ժամանակ ապահովելով, որ ձեռնարկված միջոցառումները չխաթարեն մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության Եվրոպայի հիմնարար արժեքները պաշտպանելու մեր երկարաժամկետ հանձնառությունը»,-ասված է հայտարարությունում:
Փաստաթուղթը ԵԽ անդամ երկրներին կոչ է անում չշեղվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից արտակարգ իրավիճակներում, ապահովել օրենքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքների պահպանում, այդ թվում՝ արտակարգ միջոցառումների ծավալի և տևողության սահմանափակում, հավատարիմ մնալ մարդու իրավունքների հիմնարար չափորոշիչներին (խոսքի ազատություն, գաղտնիության և տվյալների պաշտպանություն, խոցելի խմբերի պաշտպանություն խտրականությունից և կրթության իրավունք), ապահովել պաշտպանություն հանցագործությունից և հանցագործության զոհերի պաշտպանություն, մասնավորապես գենդերային հիմքով հանցագործությունների պարագայում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ