Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Որևէ քաղաքական ճգնաժամի խնդիր Արցախում չկա». Թևան Պողոսյան

Ապրիլ 08,2020 16:52

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանի կարծիքով՝ Արցախում մարտի 31-ին կայացած ընտրությունները բոլորիս հաղթանակն են:

«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այս առիթով նա ասաց՝ դա հաղթանակ էր, քանի որ այս դժվար պայմաններում Արցախի բոլոր սահմանադրական խնդիրները լուծելով՝ կազմակերպվեցին ընտրություններ, որոնք ըստ Թևան Պողոսյանի՝ տեղի ունեցան բարձր ակտիվությամբ: Այնուհետև նկատեց. «Առաջին անգամ Արցախի պատմության մեջ ունենք իրավիճակ, երբ օրենսդիր և գործադիր իշխանությունների ընտրություններն իրականացվում են մեկ օրում: Ունենք իրավիճակ, երբ օրենսդիր իշխանությունը միանգամից ձևավորվեց, բայց գործադիր իշխանության համար եղավ երկրորդ փուլ: Երբևէ երկրորդ փուլի ընտրություններ Արցախում չեն եղել»:

Խոսելով ապրիլի 14-ին Արցախում կայանալիք ընտրությունների երկրորդ փուլի մասին՝ Թևան Պողոսյանն արձանագրեց. «Կան երկու թեկնածուներ, որոնց անունները ներգրավված են լինելու քվեաթերթիկում՝ Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը, և ապրիլի 14-ին արցախցին գնալու է իր ընտրությունը կատարելու: Հաշվի առնելով այն, որ երեկվա դրությամբ բոլոր քաղաքական միավորները, որոնք պայքարում էին օրենսդրական իշխանության համար, ընդունեցին արդյունքները, և որևէ մեկը խնդիր չդրեց, և ԱԺ-ն ձևավորվեց, ապա կարելի է ասել, որ առնվազն որևէ քաղաքական ճգնաժամի խնդիր Արցախում չկա»:

Թևան Պողոսյանն ասաց՝ գիտակցում ենք, որ ընտրություններն այնքան ակտիվ չեն ընթանա ապրիլի 14-ին, բայց նաև կարծիք հայտնեց, որ արցախցիները կգնան և իրենց վստահության քվեն կհանձնեն թեկնածուներից մեկի օգտին, որը ապագայում կձևավորի գործադիր իշխանություն:

Հարցին՝ Արցախում կա՞ սահմանադրական բարեփոխումների կարիք, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Որևէ մեկն ընտրությունից դուրս չի եկել, պարզապես Մասիս Մայիլյանը կոչ է արել, որ վտանգից ելնելով, քանի որ կա կորոնավիրուսի տարածման խնդիր, չմասնակցեն ընտրություններին: Մասիս Մայիլյանն այս թեմայով խոսել է նաև մինչև մարտի 31-ը»:

Թևան Պողոսյանը փաստեց՝ Մասիս Մայիլյանը չի փորձելու անել քարոզարշավ, չի գնալու քննարկումներին և խնդիր էլ չի դնում՝ ընտրողները կքվեարկե՞ն, թե ոչ: Միևնույն ժամանակ ասաց. «Բայց իրավական դաշտում կան լուծումներ. թեկնածուն կարող էր մինչև ամսի 4-ը այդ մասին հայտարարել, այն ժամանակ իր անունը քվեաթերթիկում չէր լինելու, քանի որ ընտրությունները բացի քաղաքական երևույթ լինելուց՝ ունեն նաև իրավական կամ օրենսդրական կանոնակարգված իրավական գործընթաց, որը պիտի պաշտպանել: Եվ քանի որ այդպես չի եղել, և Մասիս Մայիլյանի անունը ներգրավված է լինելու, դրա համար պետք է հարգել ցանկացած քաղաքական գործչի ընտրությունը: Այս պարագայում, թե ինքը ոնց է դիմելու իր ընտրողներին. օրինակ՝ Սամվել Բաբայանը կոչ է արել իր կողմնակիցներին , թե գնացեք, ում ուզում եք, ընտրեք, մյուսն ասում է՝ ընտրությունների մի գնացեք, մյուս թեկնածուն կարող է ասել՝ գնացեք, Վիտալի Բալասանյանն էլ ասել է՝ ինքներդ որոշում կայացրեք, իսկ մենք ԱԺ-ում կշարունակենք»:

Թևան Պողոսյանը վստահ է՝ ապրիլի 14-ի ընտրությունները կայանալու են: Նրա համոզմամբ՝ օրենսդրության և սահմանադրության մեջ բացեր կան, ըստ նրա՝ նոր ԱԺ-ն ապագայում անպայման այդ հարցերը բարձրաձայնելու է:

Եզրափակելով Թևան Պողոսյանը նշեց՝ պետք է ամեն ինչ անել, որ ընտրությունների արդյունքներից կախված որևէ մարդ դուրս չմնա Արցախի պետականաշինության գործընթացից՝ նա լինի ընդդիմության մեջ կամ կառուցողական ընդդիմությունից կամ իշխանությունում կամ միգուցե խորհրդատվական դաշտում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930