Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երբ նման բանաձեւերը շատանում են, նաեւ պետությունների համոզմունքն է փոխվում, որ կարո՞ղ է Ադրբեջանը հանկարծ ճիշտ լինի». Տարոն Սիմոնյանը՝ Արցախի հարցի մասին

Ապրիլ 08,2020 16:42

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն առցանց դասընթաց անցկացրեց արցախյան հակամարտության մասին: Դասընթացը կազմակերպվել էր ԵՊՀ ՈւԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը՝ ՈւԽ արտաքին կապերի հանձնաժողովի հետ համագործակցությամբ: Ուսանողները հնարավորություն ունեին առցանց տարբերակով հարցեր ուղղել բանախոսին:

Տարոն Սիմոնյանն ասաց, որ ղարաբաղյան հարցը, թեեւ քաղաքական հարց է, բայց ունի նաեւ իրավական լուծում, որը երկրորդ պլան է մղվում. «Միջազգային հարաբերություններում շատ կարեւոր է նաեւ իրավաբանորեն զինված լինես: Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց միջազգային հարաբերություններում բոլոր պետությունները խոսում են իրավունքի լեզվով: Շատերդ կասեք՝ ուժի լեզվով են խոսում, այո, բայց այդ ուժի լեզուն փորձում են արտահայտել իրավական արտահայտությունների միջոցով: Եթե մենք ուզում ենք հաղթող դուրս գալ այդ հարաբերություններում, պետք է անընդհատ զարգացնենք այդ գործիքները»:

Խոսելով արցախյան հակամարտությունում իրավական խնդրի մասին՝ Տարոն Սիմոնյանը նախ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման, ուժի չկիրառման սկզբունքները նշեց՝ հավելելով, որ մի շարք այլ սկզբունքներ էլ կան, որոնցից բացառություն անել չի կարելի. «Այս սկզբունքները չեն հակասում մեկը մյուսին, փոխլրացնում են: Պատկերացրեք, շինություն եք կառուցում ու այս սկզբունքները հենասյուներն են, չեն կարող իրար հետ հակասության մեջ մտնել, այլ բան է, որ քաղաքական գործիչները փորձում են հակասություն առաջացնել այս սկզբունքների մեջ՝ արցախյան հակամարտության հարցում: Խոսքը տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների մասին է»:

Ըստ Տարոն Սիմոնյանի, երբ Ադրբեջանն անընդհատ խոսում է տարածքային ամբողջականության մասին, նա չի խոսում այն մասին,որ Արցախի բնակչությունը խախտել է իր տարածքային անձեռնմխելիությունը, երբ սկսել է պայքար իր ինքնուրույնության համար. «Նա խոսում է այն մասին, որ ՀՀ-ն է խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ մենք պնդում ենք, որ ՀՀ-ն երբեք Ադրբեջանի տարածքի նկատմամբ նկրտում չի իրականացրել: Արցախի ժողովուրդն է, որ օգտվելով ԽՍՀՄ սահմանադրության եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք համարվող ազգային ինքնորոշման իրավունքի հնարավորությունից, որոշել է, որ այլեւս չի կարողանում Ադրբեջանի տարածքում իր կենսագործունեությունն ապահովել եւ արտահայտել է իր կամքը, որ լինի անկախ: Ադրբեջանը զենքի դիմեց ու սկսեց Ադրբեջանում մարդաորս, հայաորս ու Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը հիշում եք: Այլ տարբերակ Արցախի ժողովուրդը չուներ, սա միջազգային իրավունքում կոչվում է last resort, այսինքն՝ վերջին միջոցը, որ դու կարողանաս քո իրավունքն ապահովել: Արցախի ժողովուրդը ըստ էության պայքարում է իր կյանքի իրավունքի, ֆիզիկական գոյությունը պահպանելու համար, ինչն ամրագրված է միջազգային մի շարք փաստաթղթերում, որպես մարդու անքակտելի իրավունք»:

Պատգամավորն ասաց, որ մյուս պետությունները պարտավոր են աջակցել այն ժողովրդին, որն ուզում է իրացնել իր ինքնորոշման իրավունքը, ինչը Հայաստանը փաստացի անում է. «Ինչպես տեսնում եք, կրակոցներ կան նաեւ հենց ՀՀ սահմանի՝ Իջեւանի, Տավուշի հատվածում, ինչը նշանակում է, որ զինված բախումը փաստացի Հայաստանի զինված ուժերի հետ է»:

Տարոն Սիմոնյանը խոսեց ներքին ու արտաքին ինքնորոշման իրավունքի մասին, զինադադարի կնքումից, բանակցություններից. «Միջազգային հակամարտությունները կարգավորման այլ տարբերակ չունեն, քան բանակցային դաշտում կարգավորվելու, երբ զինված կարգավորում ես, մեկ անգամ եւս դրանք դուրս են գալիս ջրի երես ու չեն փակվում: Սառեցված վիճակում կարելի է հակամարտություն պահել, բայց այդ ընթացքում պետք է այնպես զինվես, որ հակառակորդ կողմը չմտածի անգամ նորից զինված հարձակման մասին: Թե մենք որքանով ենք դա հիմա օգտագործում, որքանով՝ չէ, թողնում եմ ձեր հայեցողությանը: Ամեն դեպքում բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը բավականին կայուն են»:

Տարոն Սիմոնյանն ասաց, որ բանակցային սեղանին մի քանի հարցեր են դրված. «Մի տարբերակում առաջարկվում է քննարկել Արցախի տարածքի վերադարձ Ադրբեջանի կազմ, ինքնորոշման բարձր մակարդակի տրամադրում, որը մեզ համար ընդունելի չէ որեւէ ձեւով: Մեկ այլ տարբերակը Արցախի կարգավիճակի հաստատումն է որպես անկախ պետականություն եւ քննարկվում է, թե Արցախի տարածքից դուրս եկած Ադրբեջանի բնակչություն ինչպես պետք է վերադառնան: Շատ է խոսվում այն մասին, թե ԼՂԻՄ-ի տարածքներն ինչ ճակատագիր պետք է ունենան: Ադրբեջանն ասում է՝ եթե ինքնորոշվում եք, ինքնորոշվեք ԼՂԻՄ-ի տարածքում, ինչի եք դրա սահմաններից դուրս եկել: Մենք այլ տարբերակ ենք առաջ քաշում՝ արցախյան հակամարտությունը տարածքի խնդիր չէ, մարդու իրավունքների ու մարդու գոյության խնդիր է: Երբ մենք որոշ տարածքներ ազատագրում ենք, ինքնանպատակ չենք ազատագրում, դրանք անվտանգության երաշխիք են, որ Արցախում ապրող բնակիչն իրեն անվտանգ զգա, որովհետեւ եթե այդ տարածքները չլինեն հայկական ուժերի վերահսկողության տակ, այլ լինեն, օրինակ,ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ, ակնհայտ է, որ դա կօգտագործվի ռազմավարական նպատակներով ու վաղ թե ուշ Արցախի բնակիչների կյանքը վտանգի տակ կլինի: Ադրբեջանն ասում է, որ դրա իրավունքը չունեք, դա օկուպացիա է, բայց օկուպացիան հանցագործություն չէ, մենք շատ դեպքերում այդ բառից վարանում ենք, օգտագործում ենք ազատագրված բառը, բայց միջազգային իրավունքում օկուպացիա նշանակում է զբաղեցում»:

Ադրբեջանը փորձում է բանակցությունների սեղանին դնել մի շարք փաստաթղթեր, որոնք փորձում է միջազգային կազմակերպություններում ստանալ, օրինակ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում բանաձեւեր է անցկացնում, ԵԱՀԿ ԽՎ-ում փորձում է բանաձեւեր անցկացնել, իսլամական երկրների կազմակերպությունից փորձում է բանաձեւեր կորզել ու լծակներ ձեռք բերել մեր նկատմամբ. «Երբ նման բանաձեւերը շատանում են, նաեւ պետությունների համոզմունքն է փոխվում, որ կարո՞ղ է Ադրբեջանը հանկարծ ճիշտ լինի: Մենք պետք է աշխատանքներ տանենք միջազգային կազմակերպություններում ու հակական կողմի տեսակետը պաշտպանող բանաձեւերի քանակն ավելանա: Դրանք ազդեցություն ունենում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930