Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց այրումն աղբի վերացման ամենաէժան, բայց և ամենավտանգավոր տարբերակն է. մինչև 800․000 դրամ տուգանք՝ աղբն այրելու համար

Ապրիլ 08,2020 16:36

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նոր օրինագիծը կարող է էականորեն շտկել իրավիճակը վնասակար արտանետումների ոլորտում և անհամեմատ բարելավել օդի որակը մայրաքաղաքում և հանրապետության ողջ տարածքում։

Ներկայացված նոր օրենսդրական նախագծով առաջարկվում է տուգանք սահմանել արտադրությունից, սպառումից, տերևաթափից առաջացած թափոնները բնակավայրերում ու դրանց շրջակայքում կամ դրա համար չնախատեսված վայրերում այրելու համար։

Այս գործողությունները կառաջացնեն նախազգուշացում կամ տուգանքի նշանակում, քաղաքացիների նկատմամբ` 50․000 դրամի չափով, պաշտոնատար անձանց համար՝ 200․000 դրամի չափով։

Չի շրջանցվի նաև արտադրության կամ սպառման թափոնները չարտոնագրված աղբավայրերում այրելու խնդիրը։ Այս դեպքում քաղաքացիները կտուգանվեն 100․000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք՝ 400․000 դրամի չափով:

Եթե տուգանքի նշանակումից հետո մեկ տարի ժամկետում իրավախախտումը կրկնվի՝ տույժն արդեն կկազմի 200․000 դրամ՝ քաղաքացիների համար, պաշտոնատար անձանց համար՝ 800․000 դրամ։

Օրենքի նախագծի  մշակման անհրաժեշտությունը բխել թափոնների բաց այրման հետևանքով աղբավայրերում առաջացող էկոլոգիական խնդիրներից։

Թափոնների բաց այրումն աղբավայրերում կենցաղային աղբի վերացման ամենաէժան, արագ ու հեշտ, բայց և ամենավտանգավոր տարբերակն է։ Դրա արդյունքում շրջակա միջավայր են արտանետվում մեծ քանակությամբ դիօքսիններ և ֆուրաններ, որոնք հանդիսանում են թերի այրման արգասիքներ և կարգավորվում են «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով։

Ի դեպ, հավելենք, որ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը, վտանգավոր նյութերի արտանետումների նվազեցմանը, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը և անվտանգության ապահովմանը:

Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930