Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջային ոլորտը Հայաստանում կակտիվանա 2021-ի երկրորդ կիսամյակից. Մեխակ Ապրեսյան

Ապրիլ 08,2020 15:15

Զբոսաշրջային ակտիվության վերականգնումը Հայաստանում հնարավոր է 2021 թվականի երկրորդ եռամսյակից միայն: Այս կարծիքին է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը: Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիա կենտրոնում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին նաեւ փորձագետներ Բելառուսից, Մոլդովայից եւ Վրաստանից, Մեխակ Ապրեսյանն ասաց. «Եթե հաջողվի արագ հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը, ապա արդեն աշնանը հնարավոր կլինի որոշակի տեղաշարժեր արձանագրել, սակայն լիակատար զբոսաշրջային ակտիվությունը հնարավոր կլինի վերականգնել միայն եկող տարվա երկրորդ եռամսյակից»:

Փորձագետները հիմնականում կիսում են այս մոտեցումը`նկատելով, որ ստեղծված իրավիճակի հաղթահարումից հետո դեռ որոշակի ժամանակ է անհրաժեշտ լինելու ոլորտի լիակատար աշխուժացման համար`սկսած փոխադրումների իրականացման վերականգնումից մինչեւ հյուրանոցային ոլորտի խնդիրների կարգավորում:

Առավել լավատես է միայն Վրաստանի ներկայացուցիչ Վրաստանի էքսկուրսավարների ասոցիացիայի անդամ Եկատերինա Լամաձեն: Նրա կարծիքով, Վրաստանում արդեն ամռանը զբոսաշրջային ոլորտը կակտիվանա:

Մեխակ Ապրեսյան

Մեխակ Ապրեսյանի կարծիքով, համաճարակի նահանջից հետո, սակայն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում զբոսաշրջիկների կտրուկ աճ կլինի: Պատճառը պարզ է` մարդիկ հոգնել են տներում նստելուց եւ երբ սահմանները բացվեն եւ թույլատրվի ճամփորդել, զբոսաշրջիկները կակտիվանան:

Սակայն ոլորտի վերակենդանացումն առանց պետական աջակցության Մեխակ Ապրեսյանը չի պատկերացնում: Նա զուգահեռներ անցկացրեց 2009 թվականին H1N1-ի վարակի տարածման շրջանում ստեղծված իրավիճակի հետ: Այն ժամանակ աշխարհում զբոսաշրջության ցուցանիշը նվազեց 4 տոկոսով, բայց երբ վարակը նահանջեց, արդեն 2009 թվականի չորրորդ կիսամյակում ոլորտում ակտիվություն նկատվեց: Իսկ 2010-ին միջազգային զբոսաշրջային ակտիվության ցուցանիշը 6,6 տոկոսով աճեց: Համեմատության համար, փորձագետը նկատում է, որ 2008-ին միջազգային զբոսաշրջային ակտիվությունը 2 տոկոս էր կազմել: Հայաստանի դեպքում H1N1-ի վարակի նահանջից հետո զբոսաշրջային ակտիվության ցուցանիշը 2010-ին եղել է 19 տոկոս`2009-ի 3 տոկոսի փոխարեն:

Հիշեցնենք, պաշտոնական հայտարարությունների համաձայն, կորոնավիրուսի համավարակի արդյունքում Հայաստանն արդեն 135 միլիոն դոլարի կորուստ է կրել:

Բելառուս փորձագետ, Հանրապետական զբոսաշրջային միության կառավարչության անդամ Ֆիլիպ Գուլիի կարծիքով, սակայն, հետկորոնավիրուսային զբոսաշրջությունն էականորեն կտարբերվի: Փորձագետի համոզմամբ, սկզբնական շրջանում, դեռ մի քանի տարի, մարդիկ առավել կգերադասեն ներքին զբոսաշրջությունը`առանց էկզոտիկ դրսեւորումների:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930