«Եթե այս անգամ էլ վարչապետն իր խոսքերից հրաժարվի, հնարավոր է, որ հայցադիմումն այս անգամ էլ հետ վերցնենք: Իհարկե, պարոն Քոչարյանն այդ դեպքում վերջնական դիրքորոշում կարտահայտի, բայց հիշեցնեմ, թե նախորդ անգամ ինչ տեղի ունեցավ»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ է դատի տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զրպարտություն եւ վիրավորանք պարունակող հայտարարությունները հերքելու պահանջով՝ ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
Դառնալով նախորդ՝ Փաշինյանի դեմ ուղղված Քոչարյանի առաջին հայցադիմումին՝ նա հիշեցրեց. «Առաջին անգամ վարչապետին շատ զայրացրել էր այն հանգամանքը, որ 2018թ.-ին վերաքննիչը Քոչարյանին ազատ էր արձակել անձեռնմխելիության հիմքով, ինչից մոտ մեկ ամիս անց Նիկոլ Փաշինյանը Փարիզում ասաց՝ «կամ թեկուզ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է անձանց սպանությունը կազմակերպել եւ ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ»: Պարզ է, որ այս տեքստը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին: Վարչապետը իր փաստաբանի միջոցով դատարանին ասաց, որ այս արտահայտությունը պարոն Քոչարյանին չի վերաբերում, պատկերացնո՞ւմ եք, չէ՞»:
Հայկ Ալումյանի խոսքով՝ եթե այս անգամ էլ կասի, որ նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, վերջինիս պաշտպանական թիմը կքննարկի հայցից հրաժարվելու հարցը. «Հնարավոր է, որ չհրաժարվենք, որովհետեւ նախորդից հրաժարումն էր գուցե պատճառը, որ պարոն Փաշինյանը հիմա նույն ոճով է շարունակում անհավասարակշռված արտահայտությունները Ռոբերտ Քոչարյանի հասցեին: Անկախ նրանից՝ Փաշինյանը կհրաժարվի՞ իր խոսքերից, թե՞ ոչ, հնարավոր է, որ այս անգամ մենք մինչեւ վերջ գնանք»:
Ապա փաստաբանը նշեց, որ թե Նիկոլ Փաշինյանի որ արտահայտություններն են ընկած Ռոբերտ Քոչարյանի նոր հայցադիմումի հիմքում.
Կարդացեք նաև
-«Ասում եմ անվանական՝ Ռոբերտ Քոչարյան, եվրոպացիների փեշերի տակ չեք թաքնվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պտի բերեք»…
Ըստ Հայկ Ալումյանի՝ այս արտահայտությունից հետեւում է, որ Փաշինյանը Քոչարյանին թալանի մեջ է մեղադրում. «Մյուս դրվագներում եւս նման մեղադրանքներ կան: Հիմա գուցե կգան-կասեն, որ ուրիշ Ռոբերտ Քոչարյանի են նկատի ունեցել… եթե այս անգամ էլ հրաժարվեն այս բառերից… նախորդ անգամ ես եմ պարոն Քոչարյանին խորհուրդ տվել հրաժարվել հայցից, նա էլ, վստահելով իմ կարծիքին, հրաժարվեց: Բայց այս անգամ ես նրան խորհուրդ չեմ տա հրաժարվել հայցից, անգամ եթե վարչապետի փաստաբանը դատարանում ասի, թե Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին նկատի չի ունեցել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ