Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը նախընտրական քարոզարշավում չէր կարող բացասական չազդել Վիտալի Բալասանյանի վարկանիշի վրա
Մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրությունները յուրօրինակ էին արցախյան ընտրապայքարների պատմության մեջ: Թեկնածուներից ոմանք չէին թաքցնում, որ Հայաստանում 2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հռչակած թավշյա հեղափոխությունը հնարավորություն են տեսնում Արցախում քաղաքական պրոցեսներն իրենց համար ավելի շահեկան պայմաններում զարգացնելու ուղղությամբ: Այդ «հնարավորությունն» էր թերեւս պատճառը, որ Արցախում նախագահի պաշտոնի համար առաջադրվել էին 14 թեկնածուներ:
Արցախում նախագահական ընտրությունների արդյունքներում նշանակվեց ընտրությունների երկրորդ փուլ: Առաջատար են Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը եւ արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Արայիկ Հարությունյանը ստացել է քվեների 49,2 տոկոսը, Մասիս Մայիլյանը՝ 26,4 տոկոսը:
Մասիս Մայիլյանի համոզմամբ՝ «Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից։ Պարզապես ի գիտություն եմ ընդունում քվեարկությունից հետո ԱՀ ԿԸՀ-ի հրապարակած տեղեկատվությունը եւ հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները»։ Նա Արցախի քաղաքացիներին կոչ է արել նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։ Սակայն ուշագրավն այն է, որ Արցախում ինչ-ինչ շրջանակների համար կորոնավիրուսի տարածման վտանգը, փաստորեն, այնքան էլ էական չէ. օրերս Ստեփանակերտում նրանք 200-300 հոգանոց ցույց են անցկացրել, մարդկանց փողոց են հանել եւ ըստ ականատեսների՝ նրանց շարքերում են եղել նաեւ Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցության անդամները:
Կարդացեք նաև
Դեռ ընտրություններից առաջ էր պարզ, որ Արայիկ Հարությունյանի հաղթանակը որոշ շրջանակներին հանգիստ չի տալու եւ նրանք ամեն ինչ անելու են Արցախում ցնցումային իրավիճակ ստեղծելու ուղղությամբ: Հիշենք, թեկուզ, Արցախի հեռացող նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջները Արցախի փողոցներում, որոնք ուղեկցվում էին իշխանության ներկայացուցիչների հասցեին վիրավորական արտահայտություններով:
Բայց իրականությունը հետեւյալն է՝ Արայիկ Հարությունյանը առավելություն ունի մյուս թեկնածուների նկատմամբ: Դա հստակ գիտակցում էին ընտրություններում երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրած թեկնածուները: Մասիս Մայիլյանը գիտի, որ եթե անգամ այս երկու շաբաթներին թեկուզ ակտիվ առցանց քարոզչություն իրականացներ, այլ ֆորմատով հանդիպումներ կազմակերպեր ընտրողների հետ, կամ՝ «քաղաքական բանակցություններ» վարեր, նա ընտրություններում առավել ձայներ ստացող թեկնածուն չէր դառնալու: Հետեւաբար, հասարակության առողջությամբ անհանգստացած՝ նա նույն կոչով կարող էր նույնիսկ մարտի 31-ից առաջ էլ հանդես գալ:
Արայիկ Հարությունյանին արցախցիները ձայն են տվել, դա փաստ է, հետեւաբար, Արայիկ Հարությունյանը լեգիտիմ ընտրությունների արդյունքում է առավել ձայներ ստացել: Ընտրություններում ինչ-ինչ թերություններ նկատվել են, բայց դրանք ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա չէին կարող ազդել:
Հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունները հաշվի նստեցին արցախյան ընտրությունների անհերքելի իրողությունների հետ:
Անցյալ շաբաթ կառավարության նիստում շնորհավորելով Արցախի ժողովրդին տեղի ունեցած խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների առիթով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես կարծում եմ, որ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ, եւ դրա մասին վկայում են պաշտոնական արդյունքները… Բավական խոսուն է նաեւ նախագահի թեկնածուների եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի աննախադեպ մեծ թիվը, եւ բավական խոսուն է այն փաստը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժեր»:
Իսկ ապրիլի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում Փաշինյանը մեկ անգամ եւս անդրադարձավ մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած համապետական ընտրություններին։ «Ես կարծում եմ, որ Արցախում տեղի ունեցած ընտրությունները արտահայտում են ուժերի այն հարաբերակցությունը, որ այսօր կա Արցախի Հանրապետությունում։ Ոչ մեկը չի ասում, որ ընտրախախտում չի եղել։ Հարցն այն է, թե այդ ընտրախախտումները ինչքանո՞վ են ազդել ընտրությունների արդյունքների վրա», նկատեց նա՝ հավելելով, որ նախագահի թեկնածու, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին ընտրությունների առաջին փուլում հաղթանակ գրանցելու համար չէր բավականացրել մի քանի հարյուր ձայն։ Նա նկատեց. «Եթե ընտրությունները կեղծում են, հարգելիներս, որեւէ կեղծող մեքենա 600 ձայնի առաջ կկանգնի՞։ Երկրորդը՝ խորհրդարանական ընտրություններում երկրորդ եւ երրորդ տեղերը գրավել են ընդդիմադիր ուժերը խորհրդարանական բլոկում, իրոք ընդդիմադիր ուժեր։ Հայաստանի Հանրապետությունում՝ ընտրությունների կեղծման այն ժամանակաշրջանում դուք երբեք այսպիսի բան չէիք տեսնի։ Եթե կեղծում են, ինչի՞ են կեղծում այնպես, որ ընդդիմությունը, ընդ որում բավական կոշտ ընդդիմությունը գրավի երկրորդ եւ երրորդ տեղերը։ Այնպես կկեղծեին, որ իշխանությանը լոյալ ուժերը գրավեին առնվազն երկրորդ տեղը, եւ սրանով շատ հարցեր կլուծվեին»։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ տարածած ուղերձում նկատում էր. «Համաշխարհային այս բարդ ժամանակահատվածում տեղի ունեցած ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը կայացել է, նրա պետական մարմիններն ու կառույցները գործում են կազմակերպված ու համակարգված, հասարակությունն ակտիվ է եւ պատասխանատու: Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ մարտի 31-ի ընտրություններում հաղթողներ եւ պարտվողներ չեն լինելու: Արցախը եւ արցախցիները եւս մեկ անգամ ապացուցեցին ժողովրդավարության ու մարդու իրավունքների սկզբունքների հիման վրա ազատ եւ անկախ հայրենիք կառուցելու եւ զարգացնելու իրենց հաստատակամությունը»: Ապա` նա հավելել էր. «Շնորհավորում եմ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներին՝ Արայիկ Հարությունյանին եւ Մասիս Մայիլյանին: Վստահ եմ, որ արցախցիների վերջնական քվեն ստանալուց հետո նոր նախագահը կձեւավորի առողջ քաղաքական եւ աշխատանքային միջավայր՝ ներգրավելով բոլոր կարող ուժերին»:
Արցախի ընտրությունները դրական գնահատեցին Հայաստանից մեկնած պատգամավորները, դիտորդները, Հայաստանի նախկին իշխանության ներկայացուցիչներ, որոնք որպես դիտորդ հետեւում էին ընտրությունների արդյունքներին:
Նախագահական ընտրապայքարում 3-րդ տեղը զբաղեցրած Վիտալի Բալասանյանի քաղաքական ուժը ներկայացված կլինի ապագա խորհրդարանում: Արցախի գեներալ Վիտալի Բալասանյանի հերոսական անցյալը անհերքելի փաստ է, նա միանշանակ արժանի է հարգանքի: Սակայն արցախյան ընտրապայքարում Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների աջակցությունն ու ակտիվությունը հենց նախընտրական քարոզարշավի ընթացքում չէին կարող բացասական չազդել Արցախի հերոսի ընտրապայքարային վարկանիշի վրա: Այս առումով, Վիտալի Բալասանյանի հաշվարկները, թերեւս, ճշգրիտ չէին. Քոչարյանի գործոնի բացասական ազդեցությունը, հավանաբար, նա հաշվի չէր առել:
Եվ, ի դեպ, վատ չի լինի, եթե հայաստանյան ընդդիմությունն էլ իր հերթին հաշվի նստեր վերոնշյալ հանգամանքի հետ: Օրինակ, եթե ՀՀԿ-ն Հայաստանում երբեւէ որոշի ավելի ակտիվ քաղաքական պայքարի դուրս գալ որպես ընդդիմադիր՝ ճակատագրական սխալ կանի, եթե դա փորձի իրագործել Ռոբերտ Քոչարյանի «ռեսուրսների» օգնությամբ: Քոչարյանի իշխանավարման 10 տարիների «փառահեղ» շրջանի պատասխանատվությունը վերցնելը ցանկացած քաղաքական ուժի կամ գործչի համար իր քաղաքական ապագայի վրա վերջակետ դնելու, քաղաքական գործունեությունը կործանելու համար ամենակարճ ճանապարհը կլինի եւ մեծ «նվեր» ցանկացած իշխանությանը:
Ինչեւէ, կայուն, անվտանգ, հզոր Արցախ հնարավոր է ունենալ միայն միասնական ու համատեղ ուժերով՝ թե՛ Արցախի ներսում, թե՛ Հայաստան-Արցախ վստահելի հարաբերություններով, թե՛ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ: Եթե Արցախում կան գործիչներ, կամ՝ Հայաստանում պաշտոնյաներ՝ իրենց շահագրգիռ աջակիցներով, որոնք չեն գիտակցում, թե ինչի կարող է հանգեցնել ցնցումներով Արցախը, ուրեմն, նրանց նպատակները ծառայում են բոլորովին այլ շահերի, եւ մենք բոլորս այս դեպքում՝ խնդիրներ կարող ենք ունենալ:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 08.04.2020